Առաջին տեղում` քաղծառայության խորհուրդն է
Ապրիլի 23-ին «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի աշխատողների միջև: Մրցաշարը կազմակերպել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Մասնակցության համար հայտ էին ստացվել ՀՀ ՔԾ խորհրդից, բնապահպանության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի մարզպետարաններից: Հիմնական պայմանն այն էր, որ մրցաշարին չէին կարող մասնակցել միջազգային կամ հանրապետական մրցումների մասնակցած արհեստավարժ մարզիկներ:
Մրցաշարի մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահան Մամիկոնյանը' նշելով, որ նման միջոցառումները համակարգի աշխատակիցներին շփվելու, միմյանց ճանաչելու հնարավորություն են տալիս և բխում են առողջ ապրելակերպի սկզբունքից: Նա նաև շնորհակալություն հայտնեց «Հայաստան» մարզական միությանը' մրցաշարի անցկացմանը սիրով աջակցելու համար:
Եզրափակիչում ուժերը չափեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնանականները: Երրորդ մրցանակակիր դարձավ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչը: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով:
Սա քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցների միջև կազմակերպվող սեղանի թենիսի երկրորդ մրցաշարն էր: Առաջին անգամ նման միջոցառում անցկացվել է 2007 թվականին ՀՀ ՔԾ խորհրդի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել