HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի բարեկարգված բակերում այս տարի կտեղադրվի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք

Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքում տրվել է վարչական շրջաններին մանկական խաղերի ու մարզական գույքի տրամադրման մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Աշխատանքների ընթացքին, ըստ հաղորդագրության, հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ դրանք կբաշխվեն ըստ վարչական շրջանների և կտեղադրվեն բարեկարգված բակերում:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք կտրամադրվի վարչական շրջաններին:

Առանձնակի կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես հաջողված ու անհարժեշտ նախաձեռնություն էր, որն առավել հարմարավետ միջավայր է ապահովում  երևանյան բակերում:

«Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում արդեն շուրջ 1300 խաղեր ենք տեղադրել Երևան քաղաքում, շուրջ 200-ն էլ այս տարվա ծրագրով կտեղադրվի: Այսօրվանից արդեն կտրվի վարչական շրջաններին 2016 թվականի համար նախատեսված խաղերի ու մարզական գույքի բաշխման մեկնարկը: Բակային այն տարածքները, որտեղ թե՛ քաղաքապետարանի ծրագրերով և թե՛ մեր համաքաղաքացիների ուժերով իրականացված բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ամբողջությամբ կկահավորվեն  խաղերով ու մարզական գույքով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բակերի բարեկարգման աշխատանքներին՝  քաղաքապետը նշել է, որ ծրագրային այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ ու հարմարավետ:

«2011թ-ից որպես ծրագրային առաջնահերթություն մենք սկսեցինք մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը, որն իրականացնում ենք քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով՝ բնակիչների հետ համատեղ: Տարեցտարի բնակչության ու հատկապես երեխաների պահանջը ծրագրի հանդեպ մեծացավ և հենց նրանց կողմից քաղաքային իշխանությանը եղավ առաջարկ ավելացնել բարեկարգ բակային տարածքներն ու խաղերով և մարզագույքով կահավորումը: Բյուջետային քննարկումների ժամանակ մեր կողմից անպայման նախատեսվում են միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր տարի մենք այս ծրագիրն իրականացնենք և վստահեցնում եմ, որ այն հետևողականորեն շարունակվելու է», - ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խաղերի ու մարզական գույքի տրամադրման ու տեղադրման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի մայրաքաղաքի բնակիչները կարողանան օգտվել դրանցից ժամանակին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter