Անիծվա՞ծ, թե՞ ձախողած մարզական նոյեմբեր
Չնայած նոյեմբերը դեռ չի ավարտվել, բայց արդեն հիմա կարելի է փաստել, որ այս ամիսը հայ մարզիկների համար պարզապես «սեւ» ամիս էր: Խոսքն առաջին հերթին միջազգային կարեւոր ստուգատեսներում հանդես եկած մեր այն մարզիկների մասին է, որոնցից սպասելիքներն անչափ մեծ էին:
Սկսենք շախմատիստներից, որոնք մասնակցեցին Եվրոպայի թիմային առաջնությանը: Աշխարհի գործող չեմպիոն մեր տղամարդկանց հավաքականը գրավեց 4-րդ տեղը, չնայած վերջին տուրից առաջ ընթանում էր առաջին հորիզոնականում: Միանգամայն հասկանալի եւ ընդունելի է մարզասերների հիասթափությունը մեր հավաքականից: Կանանց թիմի մասին չենք խոսում, քանի որ չնայած մեր աղջիկներն էլ ժամանակին դարձել են Եվրոպայի չեմպիոններ (2003) եւ բրոնզե մեդալակիրներ (2007), այդուհանդերձ առաջին հերթին բոլորիս ուշադրությունը սեւեռված էր մարզիչ Արշակ Պետրոսյանի հնգյակի վրա: Ու ստացվեց այնպես, որ վերջին տուրում խաչվեցին մերոնց եւ մրցաշարի հայտնություն դարձած գերմանացիների ճանապարհները: Երկու թիմերն էլ ունեին հավասար միավորներ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում հայերն էին: Քանի որ գործող չեմպիոն ադրբեջանցիները մեկ միավոր էին զիջում մեր կոլեկտիվին, Պետրոսյանի թիմը առանց բարդությունների ոսկե մեդալներին տիրելու համար ուղղակի պետք է հաղթեր գերմանացիներին, ինչը, սակայն, հեշտ խնդիր չէր: Եվ չնայած հայ մարզասերներից շատերը չէին էլ կասկածում, որ հաջողությունն ապահովված է, այդուհանդերձ, զարմացրեց թիմի անվերապահ առաջատար Լեւոն Արոնյանի արագ ոչ-ոքին Արկադի Նայդիչի հետ: Մրցաշարում ամենաբարձր՝ 2802 սուպերգրոսմայստերական վարկանիշ ունեցող Արոնյանից Նայդիչի (2712) հետ պայքարում շատ ավելին կարելի էր սպասել:
Սակայն որոշ մարզական լրագրողներ արագ ոչ-ոքին բացատրեցին նրանով, թե մրցակիցը խաղում էր սպիտակներով, գտնվում էր բավականին լավ մարզավիճակում, թե հենց նախորդ տուրում Նայդիչն էր ադրբեջանցիների հետ պայքարում իր թիմին հաղթանակ պարգեւել եւ այլն: Սակայն դա արդարացում չէ. մանավանդ երբ բոլորը տեսան, որ հույսը սպիտակներով խաղացող Սերգեյ Մովսիսյանի ու Գաբրիել Սարգսյանի հետ կապելը արդարացված չէր, եւ եթե թիմը որոշեց այդ տակտիկայով խաղալ, ապա չարաչար սխալվեց: Այո, սա, ըստ էության, հենց տակտիկական սխալ էր: Բայց առավել ցավալի է այն, որ ոմանք այս ամենը փորձում են ներկայացնել այնպես, կարծես առանձնապես ոչ մի սարսափելի բան էլ չի եղել. պարզապես Մովսիսյանը իր մակարդակից ցածր հանդես եկավ, պարտվեց, իսկ հետո հունգարները կարողացան 4-0 հաղթել բուլղարներին եւ մերոնց քթի տակից տանել բրոնզե մեդալները:
Սա առնվազն թոզփչոցի է ու անհարգալից վերաբերմունք սեփական մարզասերների նկատմամբ: Հայտնի բան է՝ եթե երկիրն ունի զորեղ թիմ տվյալ մարզաձեւից, որը հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում բարձր արդյունքներով, ապա, բնականաբար, երկրպագուների պահանջներն էլ նմանապես բարձր են այդ թիմից, եւ ցանկացած անհաջողություն, ինչպիսին օրինակ Եվրոպայում 4-րդը ճանաչվելն է, պետք է ընդունվի որպես ձախողում: Համենայն դեպս, շատ ու շատ երկրներում այսպես է, իսկ մեզանում, չգիտես ինչու հատկապես որոշ լրագրողներ փորձում են շատ ավելի մեղմ ձեւերով ներկայացնել եղելությունը: Հարց է ծագում. ինչու՞: Գուցե այն պատճառով, որ շախմատի ֆեդերացիայի ղեկավարը երկրի նախագա՞հն է, եւ որոշ մարդկանց միջից դեռ դուրս չի՞ եկել վախը, որ իրենց խոսքն ու առողջ քննադատությունը կարող են վայել չլինել այս կամ այն մարզական ֆեդերացիայի «կարկառուն» նախագահի քիմքին: Ժամանակը չէ՞ մի կողմ դնել այդ զգացողությունները: Վերջիվերջո երկիր ներկայացնող մարզիկն ու հավաքականը ոչ թե ֆեդերացիայի նախագահինն են, այլ ժողովրդինը, ասել է թե երկրպագուներինը, ուրեմն առաջին հերթին հաշվետու են վերջիններիս առաջ: Նույնը վերաբերում է նաեւ ընթերցողների ու հեռուստադիտողների համար աշխատող մարդկանց, որոնց կոչումը լրագրող է:
Անդրադառնանք երկրորդ ձախողմանը՝ ծանրամարտի աշխարհի 2011 թ. առաջնությունում մերոնց ելույթներին: 10 մարզիկներից 4-ը 0 ստացան, ընդ որում՝ 0 ստացածներից առնվազն երեքը մեդալների հավակնորդ էին ու, ինչպես ֆեդերացիայի նախագահն էր ասում, բոլորն էլ գտնվում էին լավ մարզավիճակում: Ճիշտ է՝ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները շատ ավելի հաջող են ելույթ ունեցել, քան աշխարհի ստուգատեսներում, սակայն վերջին տարիներին այսպիսի ֆիասկո չէր եղել. լավագույն ցուցանիշը 4-րդ տեղն է, իսկ մեդալը՝ փոքր բրոնզը: Աշխարհի առաջնությունը, սակայն, ավելի շատ կարեւոր էր վարկանիշային միավորների եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար. հավակնում էինք 4-ական ուղեգրի տղամարդկանց եւ կանանց համար, արդյունքում ստացանք 4-ը՝ տղաների, 2-ը՝ կանանց համար (2008 թ. պեկինյան խաղերում՝ 5 տղամարդ, 1 կին):
Ով դիտել է մեր մարզիկների ելույթներն ու ականատես եղել անհաջողություններին, կարող է փաստել՝ մեր մարզիկներին փաստի առաջ կանգնեցրին մարզիչները իրենց ընտրած տակտիկայով: Եթե մարզիկը ներկայացել է լավ մարզավիճակով, մեդալի հավակնորդ է (Դալուզյան, Ալեքսանյան, Խուրշուդյան), սակայն ձախողում է բոլոր երեք փորձերը ու 0 ստանում, երկու պատճառ կա: Առաջինը հոգեբանական լարվածությունն է, երբ ծանրորդը մանդրաժի մեջ չի կարողանում սանձել մի քաշ, որը նա բազմիցս բարձրացրել է մարզումներում: Իսկ մարզիկի հոգեբանական պատրաստվածության համար առաջին հերթին պատասխանատու են մարզիչները, որոնց աշխատանքը, մեղմ ասած, չտեսանք այս անգամ: Երկրորդը՝ նույն մարզիչների ընտրած մարտավարությունն է. այդքան վատ ելույթներից հետո նրանք մեր վերջին մասնակցին՝ Ռուբեն Ալեքսանյանին կրկին թողեցին վերջում՝ համոզմունքով, որ մարզիկը գոնե փոքր մեդալ կնվաճի ու նաեւ վարկանիշային միավորներ կբերի: Հետեւեց երեք ձախողում ու 0:
Եթե գերնպատակը օլիմպիական վարկանիշներն են, ապա տրամաբանական է, որ դրանց պետք է հասնել ցանկացած գնով՝ նույնիսկ մեդալների հարցը երկրորդ պլան մղելով: Իսկ մեր պատվիրակությունը, երկու նապաստակի հետեւից ընկնելով, կորցրեց երկուսին էլ: Այնինչ կարելի էր ուղղակի 0-ից ապահովագրվելու համար ավելի ցածր քաշի տակ մտցնել ծանրորդներին ու չկանգնել կոտրած տաշտակի առաջ: Հիմա միայն երանությամբ կարելի է հիշել 2006-2010 թթ. ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, վաղամեռիկ Աշոտ Մխիթարյանին, ում գլխավորությամբ ունեցանք օլիմպիական խաղերի, աշխարհի մրցանակակիրներ, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ: Չմոռանանք նաեւ մարզիչ Խաչատուր Քյափանակցյանին: Մխիթարյանն իսկական ստրատեգ էր ու մեր հայկական ծանրամարտի վերելքը գլխավորապես պայմանավորված էր նրա գրագետ աշխատանքով, ինչն այսօր չի երեւում:
Ցավոք, այս ասպարեզում էլ որոշների բերանից լսեցինք այն մասին, որ մերոնց բախտը չի բերում, առաջնությունը կարծես անիծված է հայ ծանրորդների համար, ոմանք շարունակական անհաջողություններից հետո մարզիչների տակտիկական թերացումների մասին խոսելու փոխարեն շարունակում էին շեշտել մեր մարզիկների լավ հնարավորություններն ու ոչ ավել, ոչ պակաս աղոթել հետագա հաջողությունների համար: Բայց եթե նույնիսկ ազգովի գնանք մոմ վառելու մերոնց համար, մեկ է՝ ոչինչ չի փոխվի, եթե հենց իրենք՝ մարզաձեւ պատասխանտուները, հետեւություններ չանեն սեփական սխալներից ու կուրորեն մեղադրեն խեղճ Ֆորտունային:
Դե իսկ նոյեմբերյան երրորդ ձախողումը ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ տղաների վերջին երկու ելույթներն էին չեխերի (0-2) եւ ուելսցիների (0-0) հետ: Եթե թիմը պարտվեր կամ ընդամենը 1 միավոր վաստակեր՝ խաղալով իր խաղը, որին վերջին շրջանում նույն ֆուտբոլիստների շնորհիվ վարժվել է հայ երկրպագուն, ամեն ինչ հասկանալի կլիներ: Բայց երբ թիմը անշուք խաղ է ցուցադրում, իսկապես մտահոգվելու խնդիր կա: Մարզիչ Ռաֆայել Նազարյանը վստահեցնում է, որ տղաները ֆիզիկապես հոգնած չեն նոյեմբերին, վատ եղանակն էլ չի խանգարել: Ուրեմն պատճառը հոգեբանակա՞ն է: Հայտնի է, որ հայկական թիմերում ընդգծված կերպով մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը. երբ թիմը հաղթում է, հաջորդ խաղը հիմնականում անցկացնում է բավականին լավ, իսկ եթե պարտվում է, մի տեսակ կոտրվում է: Հոգեբանական տեսանկյունից սա ցայտուն է հատկապես երիտասարդների շրջանում, ու գուցե այստեղ պետք է փնտրել վերջին դժգույն խաղերի պատճառը: Իսկ դա պետք է անեն մարզիչները՝ Նազարյանի գլխավորությամբ, որը հաջորդ փուլ դուրս գալու հույսը չի կորցրել: Հաստատապես նման իրավիճակում են նաեւ ֆուտբոլասերներից շատերը:
Լուս.՝ armchess.am-ի, ffa.am-ի, armsport.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել