HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն: Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության և մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար:

Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետն առ այն, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանում հրադադարի և դրա ամրապնդման համար, չափազանց կարևոր ենք համարում միջազգային հանրության և միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումը արդյունավետ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։

ԼՂՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նշված համաձայնագրերը վերանայելու ադրբեջանական իշխանությունների ցանկացածփորձ՝ այն գնահատելով որպես հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, և անհրաժեշտ է համարում 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը։

ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter