Հոր պատգամը տանկ խոցած զինվոր որդուն. «Դուխտ տեղը պահի, եթե պետք էղնի, ես էլ կգամ»
Գայանե Սարգսյան
Ապրիլի սկզբին՝ պատերազմի առաջին օրերին, լրատվամիջոցները գրեցին. «Ադրբեջանական զորքերը ապրիլի 2-ին հարավարևելյան հատվածում դիրքային առավելություն են ունեցել, սակայն պաշտպանության բանակի տանկային վաշտի կողմից հետ են շպրտվել՝ կորուստ տալով 4 տանկ»:
Տանկերից մեկը ոչնչացվել էր լոռեցի սերժանտի՝ Արագած Աբրահամյանի հրամանատարությամբ: Տանկի հրամանատար, սերժանտ Արագած Աբրահամյանն իր անձնակազմի մեխանիկ-վարորդ Արթուր Գրեյանի և նշանառու Միքայել Մովսեսյանի հետ մեկ արկով խոցել էր հակառակորդի T-90 տանկը:

Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին աչքի ընկած որդու մասին Աբրահամյանների ընտանիքն իմացել է համացանցից: 4 օր շարունակ որդուց լուր չունեցող ծնողների համար նրա հարցազրույցով տեսանյութի հայտնվելը համացանցում ավելին էր, քան նրա սխրանքի մասին տեղեկանալը: Հենց այդ տեսանյութից հետո էր, որ Աբրահամյանները հանգիստ շունչ քաշեցին՝ որդին ոչ միայն ողջ է, այլև՝ հերոս:
«Քանի օր զանգ չէինք ստացել: Ամբողջ գյուղը, հարազատներս մեր տանը, սպասում էինք… Այդ օրերին ընկերներիցս մեկը զանգեց, թե՝ Ֆիզուլիում տանկ են խփել: Տնեցիներն իմացան, ավելի հուզվեցին: Հեռակա կարգով խաբար եկավ, թե երեխու մոտ ամեն ինչ նորմալ է: Բայց ի՞նչ նորմալ, մինչև հետը չխոսես»,- հիշում է հայրը՝ Վասիլ Աբրահամյանը:
Ապրիլի 4-ին բարեկամներից մեկը Աբրահամյաններին զանգահարում է ու տեղեկացնում՝ համացանցում Արագածի նկարն է տեսել:
![]() |
![]() |
| Մայրը | Հայրը |
«Բացենք համացանցը, տեսնենք նկարը, տակը գրած սեժանտ Արագած Աբրահամյանի ղեկավարությամբ T- 72 տանկը խոցել է հակառակորդ T- 90 տանկը: Էդքան բան: Նոր հետո Արցախ մեդիան, Երկիր մեդիան ցուցադրեցին երեխեքին ու էդ ժամանակ ավելի մանրամասն իմացանք, թե ոնց ա եղել դեպքը: Ասեց՝ թիրախը նկատել է ինքը, ինքն է հրաման տվել, չի սպասել հրամանի ու խոցել է: Ու ես շատ ուրախ եմ դրա համար»,- պատմում է հայրը:
Զինվորի մայրը թեև հպարտ է որդու սխրանքով, բայց մինչ օրս չի պատկերացնում, թե ինչպես է կարողացել 19-ամյա տղան արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշում կայացնել:
«Ոնց որ երազ լիներ, մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ: Ինքը 19 տարեկան լինելով ո՞նց է կարողացել միանգամից որոշի, թիրախը տեսնելով առաջ գնա առանց հրամանի ու կարողանա տանկը ոչնչացնի մի հարվածով: Այս պահին իրոք հպարտանում եմ: Մեծերինը մի ուրիշ է, բայց որ 18-20 տարեկանն է մասնակցում ու կարողանում հաղթել… հպարտության զգացում է իմ մոտ, որ նա իր քայլով փրկեց ոչ միայն իր անձնակազմի, այլև էլի, թեկուզ մի քանի մարդու կյանք էլ»:
Մոր սիրտը, սակայն, չի հանգստացել մինչև որ ապրիլի 5-ին հնչել է սպասված զանգը՝ 10 վայրկյանով: Տղան հասցրել է ասել՝ ամեն ինչ նորմալ է ու անջատել հեռախոսը:
Չնայած նրան, որ Արագածը մորն ասել է, թե հեռախոսը կորցրել է, դրա համար չէր զանգահարում, տղայի ձայնից մայրը հասկացել է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում էին:
Ավելի ուշ պարզվել է, որ Արագածի հեռախոսը գտնվել է ընկերոջ՝ լեյտենանտ Բենիամին Եղոյանի մոտ, ով պատերազմական գործությունների ժամանակ զոհվել է թշմանու գնդակից:
«Չպետք է մեր երեխաները տեսնեին այս պատերազմը... 18-20 տարեկան երեխաները կարողացել են մարտչնել մինչև վերջ, մինչև օգնության են հասել մեր ազատամարտիկներն ու կամավորները»,- ասում է տիկին Արմինեն ու հույս հայտնում, որ ամեն ինչ այսքանով կավարտվի, որ բանակ զորակոչվողների նոր սերունդը ստիպված չի լինի անցնել այն ամենի միջով, որով այսօրվա զինվորն է անցնում:
7 տարեկանից կարատեով զբաղվող որդուն մրցագորգ մտնելուց առաջ մայրը մշտապես հիշեցրել է՝ կամ դու պետք է հաղթես, կամ քեզ:

Հոր պատգամը այլ է եղել: «Միշտ ասել եմ՝ եթե հակառակորդիդ թերագնահատեցիր, ուրեմն կպարտվես: Անկախ նրանից ով է նա ուժեղ է, թույլ է, ճանաչում ես, չես ճանաչում»:
Հենց այս ներշնչանքով է Արագածը մարզական 11 տարիների ընթացքում բազմիցս նվաճել հաղթողի դափնին:
Առաջնագծում կանգնած զինվոր որդուն հոր խորհուրդների շարքն այսօր համալրվել է ևս մեկով՝ դուխտ տեղը պահի, եթե պետք էղնի, ես էլ կգամ:

«Էսօր իրենք են կանգնած, պարզ բան է, որ իրենք պետք է պահեն առաջնագիծը: Մենք հպարտանում ենք դրա համար, բայց նաեւ տխրում, որ այսքան երեխեք էսօր չկան, զոհվեցին, մնացին նկարի վրա: Իսկ ընդհանրապես, թե՛ տանկ խփողները, թե՛ ուղղաթիռ խփողները, թե՛ ավտոմատով կռվողները, բոլորը հերոսներ են»,- ասում է հայրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել