HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակ

Տիգրան Կյուրեղյանը 1996 թվականին Երեւանից մեկնել է Ազատագրված տարածքներ, ապրել է Քարվաճառում, իրականացրել գյուղերի վերաբնակեցման ծրագրեր:

Այժմ ապրում է Բերձորում եւ Քաշաթաղի շրջանում իրականացնում է զարգացման տարբեր ծրագրեր: Տ. Կյուրեղյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ( 1990-1995) , այնուհետեւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: Տ. Կյուրեղյանը մշակել է ազատագրված տարածքների մի շարք ծրագրեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա «Ագարակ» աշխատությունը: Հուսով ենք, որ այն օգտակար կլինի ԼՂՀ կառավարության վերաբնակեցմամբ զբաղվող կառույցների համար, միաժամանակ մեր ընթերցողներին առաջարկում ենք քննարկել այս հոդվածը եւ հայտնել իրենց տեսակետները [email protected] հասցեով:

Գյուղատնտեսության մեջ աշխատանքի կազմակերպման ամենաարդյունավետ ձեւը ընտանեկան տնտեսությունն է: Դա ապացուցված է պատմությամբ: Վարձու աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, որովհետեւ եթե հողի մշակը վերջնական արդյունքի ու նաեւ հողի տերը չէ, ապա նա շահագրգռված չէ լավ, ուժերի լարումով ու նաեւ գիտելիքների լրիվ կիրառմամբ աշխատել:

Խորհրդային պետության պրակտիկան ցույց տվեց գյուղատնտեսության ոլորտում կոլեկտիվ աշխատանքի լրիվ սնանկությունը` ի վերջո կոլտնտեսությունը հանգեցնելով կոլեկտիվ սեփականատիրոջ ֆունկցիաները լրիվ ուզուրպացրած «կոլխոզի» նախագահի ավատատիրական կալվածքի, մոտավորապես ճորտի կարգավիճակով կոլտնտեսականների աշխատանքի շահագործմամբ: Իզուր չէր, որ գյուղում ապրողներից շատերը չէին ուզում աշխատել կոլտնտեսություններում, եւ բերքահավաքի ժամանակ դպրոցներից, այլ ուսումնական հաստատություններից սովորողներին պարտադրաբար բերում էին օգնության: Պետությունն անընդհատ վարկավորում էր կոլտնտեսություններն ու պետտնտեսությունները եւ հետո էլ դուրս գրում այդ վարկերը:

Այժմ, հողի սեփականաշնորհումից հետո, առաջացել են հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնց մեծ մասն արդյունավետ լինել չի կարող հողակտորների փոքր լինելու, նույն անհատական տնտեսությանը պատկանող հողերի մի քանի մասի բաժանված լինելու, դրանց մեծ մասի` տներից հեռու գտնվելու պատճառով: Հայաստանում այժմ փորձում են «մինի-կոլխոզներ» կազմավորելու միջոցով մեծացնել հողակտորները` դրա արդյունքում հողի մշակման արդյունավետությունը մեծացնելու նպատակով: Կարծում ենք, որ այդ փորձը հիմնականում հանգեցնելու է հողակտորների մեծացման, բայց, միեւնույն ժամանակ, կոլեկտիվից կրավորական անդամների դուրս մղման, ինչը կբերի հողազուրկների նոր բանակի առաջացման: Մյուս կողմից` հողի սեփականության իրավունքը ոչ ոք չի վերացրել, եւ հողակտորների խոշորացում է տեղի ունենում նաեւ հողերի գնման ճանապարհով` ուղեկցվելով նույն հողազուրկների բանակի առաջացմամբ: Այդ գործընթացն ունի նաեւ առարկայական հիմք՝ Հայաստանում, ի վերջո, առկա է ագրարային գերբնակվածության երեւույթը:

Բացի վերը նշված առարկայական հիմք ունեցող գործընթացներից, տեղի են ունենում նաեւ ենթակայական, նաեւ քաղաքական հիմք ունեցող գործընթացներ: Հողի նկատմամբ մեծ հավակնություններ է դրսեւորում խոշոր դրամագլուխը: Այսպես` Երեւանի շրջակայքում խոշոր դրամատերերը ձեռք են բերում հողեր, այդ թվում` նաեւ գյուղատնտեսական նշանակության հողեր քաղաքաշինական նպատակներով օգտագործելու համար: Հեռավոր շրջաններում խոշոր դրամատերերը տարբեր ճանապարհներով ձեռք են բերում խոշոր հողակտորներ եւ կազմակերպում տիպիկ լատիֆունդիստական տնտեսություններ` վարձու աշխատանքի կիրառմամբ, ինչը կբերի նույն հողազուրկների բանակի ընդլայնմանը` որպես վերջնական արդյունք ունենալով արտագաղթը գյուղական բնակավայրերից:

Դա ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր արդյունքների կարող է հանգեցնել, քանի որ արդեն սկսել է ազդել սահմանամերձ շրջանների ժողովրդագրական իրավիճակի վրա: Նույն գործընթացը տեղի է ունենում նաեւ Արցախում, հատկապես ազատագրված տարածքներում: Մենք բոլոր հիմքերն ունենք` պնդելու, որ այդ գործընթացը, գոնե Արցախում, ունի քաղաքական ղեկավարության հովանավորությունը: Հաշվի առնելով, որ դա ապագայում վերածվելու է բնակեցման հիմնական խոչընդոտի, կարող ենք պատկերացնել, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել:

Մեր պատկերացմամբ` մենք` հայերս, որպես ռազմավարական նպատակ պետք է ունենանք առաջիկա տասը տարում հիմնականում ազատագրված տարածքները բնակեցնելու միջոցով ավելացնելու Արցախի բնակչությունը հարյուր հազար մարդով: Կարծում ենք, որ դա է Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը: Այդ դեպքում միայն Ադրբեջանի հավակնությունները լիովին կդադարեն: Դա միանգամայն իրական նպատակ է, անշուշտ, եթե դրան ուղղվեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքական ղեկավարության ջանքերը, ինչպես նաեւ ողջ հայության ներուժը:

Ասվածն իրականացնելու համար կան բոլոր առարկայական նախադրյալները:

Առաջին` առաջիկա տասը տարում Հայաստանի Հանրապետությունում, հիմնականում խիտ բնակեցված Արարատյան դաշտավայրում, կառաջանա հարյուր հազարից ավելի քանակ ունեցող հողազուրկ գյուղացիների բանակ, որը կարտագաղթի, եթե այն չուղղվի դեպի ազատագրված տարածքներ:

Երկրորդ` ազատագրված տարածքներում առկա է Արարատյան դաշտից ոչ պակաս հողային ֆոնդ, որի վրա ժամանակին գյուղատնտեսությամբ եւ վերամշակող արդյունաբերությամբ զբաղվելով ապրում էին առնվազն երեք հարյուր հազար այլազգիներ: Խոչընդոտներն արդեն նշվել են վերեւում, եւ բոլորը ենթակայական են ու, քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում, հեշտությամբ կվերացվեն:

Կարծում ենք նաեւ, որ մենք ազատագրված տարածքներում պետք է զարկ տանք ագարակների զարգացմանը: Ի՞նչ է ագարակը: Փորձենք նախ սահմանել այն:

Ագարակը բազմապրոֆիլ ընտանեկան գյուղացիական տնտեսությունն է, որի չափերը լիովին ապահովում են միջին գյուղական ընտանիքի զբաղվածությունը, բավարարում նրա պահանջմունքները եւ այդ ընտանիքին պատկանող կացարանը, գոմը, մյուս օժանդակ կառույցներն ու մշակովի հողերը կազմում են մեկ միասնական համալիր: Ագարակներում հիմնականում օգտագործվում է տվյալ ընտանիքի աշխատուժը, միայն բերքահավաքի ժամանակ կարող է ներգրավվել դրսից՝ մոտ ազգականների կամ ընկեր-ծանոթ-բարեկամների, կամ էլ նույնիսկ վարձու աշխատուժը: Դրան համապատասխան` ֆերմերային տնտեսություններն ԱՄՆ-ում ոչ միայն գյուղատնտեսության հիմքն են, այլ նաեւ ֆերմերներն ամերիկյան ազգի հիմքն են: Ավելին, Ամերիկայում արեւմուտքի բնակեցումը կատարվել է հենց ֆերմերային տնտեսություններ կազմավորելու ճանապարհով: Ես այստեղ օգտագործում եմ «ագարակ» տերմինը ոչ միայն այն պատճառով, որ այն հայեցի է, այլ նաեւ այն պատճառով, որ «ֆերմեր» Հայաստանում սկսել են անվանել հենց այն խոշոր հողատերերին, որոնք հիմնականում օգտագործում են վարձու աշխատանք եւ ավելի նման են ուշ միջնադարի կալվածատերերին:

Անդրադառնանք ագարակների հողակտորների չափերին: Կարծում եմ, որ մենք չենք կարող ամերիկյան չափանիշներով առաջնորդվել, այնտեղ ֆերմաների միջին չափը 50 հեկտարի է հասնում: Մենք կարող ենք որպես ելակետ ընդունել, որ մեկ մարդուն մեկ հեկտարը լրիվ բավարար է ապահովելու համար եւ՛ զբաղվածություն, եւ՛ համապատասխան եկամուտ: Ելնելով նրանից, որ հայկական միջին գյուղական ընտանիքն ունի հինգ անդամ, կարող ենք ենթադրել, որ ագարակի միջին չափը կլինի 5 հեկտար: Կախված ագարակի գտնվելու վայրից, ջրովիությունից, հիմնական ուղղվածությունից (անասնապահություն, հողագործություն եւ այլն)` հողամասի չափերը կարող են լինել 2-ից մինչեւ 10 հեկտար: Տունը եւ տնտեսությանն անհրաժեշտ օժանդակ կառույցները պետք է լինեն հողամասի մեջ եւ կազմեն մեկ ամբողջություն:

Այժմ օրենսդրական խոչընդոտներ կան գյուղատնտեսական նշանակության հողերի վրա կառուցապատում անելու հարցում, որոնք հեշտությամբ կարելի է հաղթահարել` օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնելով: Հայաստանում գյուղացիների ամենամեծ դժվարություններից մեկն էլ գյուղից դուրս գտնվող հողամասեր գնալ-գալն է, որն ագարակների պարագայում բացառվում է:

Բացի դրանից, բերքի նախնական կուտակումը եւ վերամշակումը միանգամից հեշտանում է: Որոշ աշխատանքներ կատարելու համար կարելի է կիրառել էլեկտրականություն: Օրինակ՝ կարելի է հողամասը ջրել գիշերով, ինչն ավելի արդյունավետ է, լուսարձակի լույսի տակ` օգտագործելով ջրհորի հասարակ էլեկտրական պոմպ: Ագարակի նշված չափերը՝ 100մx200մ-ից մինչեւ 250մx400մ, թույլ են տալիս գյուղացուն լրիվ տիրապետել այդ հողակտորի մասին ամբողջական ինֆորմացիային, պլանավորել այն, ամբողջությամբ եւ արդյունավետ մշակել: Լավ հողատերը կարող է ցանկապատել իր հողամասը` օգտագործելով բնական ցանկապատներ՝ նույն հողամասից հավաքված քարերը կամ մոշի թփեր, որոնք հողի էրոզիայի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցն են: Այդպիսի փոքր տնտեսություններում հողի տված ամբողջ արդյունքը, նույնիսկ ծղոտը, թրիքը եւ ցախը, օգտագործվում է լրիվ, առանց թափոնների:

Երեւի շատերն են տեսել, թե ինչպես են այրվում ցորենի բերքահավաքից հետո մնացած ծղոտը եւ խոզանը: Վերջում մնում է սեւ անապատ, որը, ագահորեն կլանելով արեւի էներգիան, չորացնում է հողը, ինչը թեթեւ քամուց արդեն փոշու ամպեր է առաջացնում: Ամեն տարի այդ տեսարանին կարելի է ականատես լինել ազատագրված տարածքների հարավային մասում, բերքահավաքից հետո: Եվս մի քանի տարի, եւ այդ տարածքներում որեւէ բան հնարավոր չի լինի ցանել: Եթե նույն տարածքը բաժանված լիներ մանր հողակտորների, որտեղ միայն հարյուրավոր հեկտարներով ցորեն, գարի չցանվեր, այլ նաեւ այլ մշակաբույսեր, որտեղ տարբեր ցանքաշրջանառություն կարվեր կանաչ ցանկապատներով իրարից անջատված փոքր հողակտորներում, ապա մենք կխուսափեինք այդ տարածքի` անապատի վերածվելու վտանգից: Ընդգծենք, որ այդ տարածքը կարող է եւ պետք է կերակրի Հայաստանը:

Ազատագրված տարածքներում ագարակներ ստեղծելը բավականին կհեշտացնի բնակեցումը, ինչպես նաեւ հեշտությամբ կարելի է ագարակներ ստեղծել հենց այդ տարածքներում: Այստեղ չկան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում, բայց բնակչության տարաբնակեցման սխեմաների հարցում կան կայուն կարծրատիպեր, որոնք ձեւավորվել են պատմականորեն եւ խանգարում են մեզ առաջ գնալ Հայրենիքի ամբողջական յուրացման ճանապարհով: Բնակեցումը մինչեւ հիմա կատարվում է կրկնելով նախկինում՝ այլազգիների ժամանակ, եղած տարաբնակեցման սխեմաները: Դա բացատրվում է կոմունիկացիաների հարմարությամբ, շինարարության ծախսերի փոքրացմամբ եւ այլն: Զարմանալին այն է, որ բացարձակ զրոյից շինարարություն կատարելու ցանկություն եւ կարողություն ունեցող բնակեցնողները («Երկիր» միություն, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ) նույնպես պլանավորում են բնակավայրերը նախկին ավանդական ձեւով՝ տնամերձ միկրոհողամասերով (մինչեւ 0,6 հեկտար) գյուղ եւ տներից հեռու գտնվող մեծ հողամասեր: Գյուղը որպես ագարակների խումբ ստեղծելու դեպքում լրացուցիչ ծախսերը չեն գերազանցի այս ձեւով կատարվող ծախսերի 10 տոկոսը: Նշեմ, որ ԼՂՀ-ում ընդունված չափանիշներով մեկ ընտանիքին տրվող հողի չափը համապատասխանում է ագարակի վերը նշված չափերին: Տարբերությունը միայն այն է, որ ագարակի դեպքում հողամասը եւ տունը մեկ ամբողջական համալիր են, իսկ նշված դեպքում՝ առանձին կտորներ, ինչպես Հայաստանում գոյություն ունեցող գյուղերը: Բայց եթե հիշենք, որ գոյություն ունեցող բնակավայրերը ձեւավորվել են կամ միջնադարում, երբ պաշտպանական նպատակներով հայերն իրար մոտ էին կառուցում տները, հիմնականում դժվարամատչելի վայրերում, կամ էլ խորհրդային ժամանակներում, երբ հողի նկատմամբ չկար մասնավոր սեփականության իրավունք, եւ հողը մշակվում էր կոլեկտիվ կերպով, ապա պարզ կդառնա, որ եղած պրակտիկան մեզ համար հիմա չի կարող ուղենիշ լինել: Հարկ է նշել, որ զուտ հոգեբանորեն տնից հեռու գտնվող հողամասը չի ընկալվում որպես սեփականություն եւ նրանից ավելի հեշտ է հրաժարվելը: Մենք, կարող է, բնակեցնելուց կարճ ժամանակ հետո կանգնենք Հայաստանում կատարվող հողազրկման փաստի նման իրավիճակի առջեւ:

Ագարակներ ստեղծելու միջոցով բնակեցնելը կփոխի նաեւ վերաբնակիչների նկատմամբ վերաբերմունքը, որը հիմա ես կգնահատեմ որպես արհամարհական, ընդ որում՝ ոչ առանց հիմքի: Բանն այն է, որ այսօրվա վերաբնակիչների մեծ մասն եկել է ազատագրված տարածքներում ապրելու` փախչելով իր սոցիալական աղետալի վիճակից: Նրանցից շատերը հողի եւ համառ աշխատանքի շնորհիվ ոտքի են կանգնել, իսկ շատերն էլ` ավելի խրվել աղքատության ճահիճը: Ընդհանուր առմամբ, սոցիալական վիճակը ազատագրված տարածքներում կարելի է գնահատել որպես վատ, եթե ոչ` շատ վատ: Այդպիսի իրավիճակը ստեղծում է կայուն բացասական ֆոն եւ խանգարում ներդրումների հոսքին ու կայացած գյուղացիների` ազատագրված տարածքներ հնարավոր տեղափոխմանը: Ագարակների ստեղծումն ազատագրված տարածքներում պետք է սկսել հենց տեղում կայացած գյուղացիական տնտեսությունների հիմքի վրա, որը հեշտ կլինի անել, եւ նաեւ այդ աշխատասեր մարդկանց լավ աշխատանքի գնահատականը կլինի: Հետագայում այդ փորձը պետք է տարածել եւ դարձնել սովորական պրակտիկա ազատագրված տարածքների բնակեցման գործում:

Կատարենք մեկ ագարակ ստեղծելու գործում անհրաժեշտ ներդրումների հաշվարկ.

տուն - 4000000 դրամ 
գոմ - 500000 դրամ 
օժանդակ կառույցներ եւ ցանկապատ - 500000 դրամ 
հիմնական միջոցներ (տրակտոր, ջրի պոմպ, անասուններ եւ այլն) - 2500000 դրամ 
շրջանառու միջոցներ (5 հեկտարի համար) - 500000 դրամ 
Ընդամենը 11000000 դրամ

Կատարված հաշվարկը շատ մոտավոր է եւ ունի ուղենիշի գործառույթ: Ագարակի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր միջոցները պետք է տրվեն միայն փոխառությունների տեսքով: Անշարժ գույքի մեջ արվող ներդրումները կարելի է տալ անտոկոս, մինչեւ 10 տարի ժամկետով, հիմնական միջոցները՝ տարեկան մինչեւ 5 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 5 տարի ժամկետով, շրջանառու միջոցները՝ մինչեւ 10 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի ժամկետով:

Տարեկան 10000 մարդ կամ 2000 ընտանիք տեղափոխելու եւ ադապտացնելու ծախսերը կկազմեն 2000x8000000= 16 մլրդ դրամ կամ մոտ 30 մլն $, որը հայության մասշտաբների համար մեծ թիվ չէ, միանգամայն կարելի է ապահովել համապատասխան պետական մարմինների եւ հասարակական կառույցների ջանքերի համատեղման միջոցով: Բոլոր այդ միջոցները, ինչպես նշվել է վերեւում, պետք է վերադարձվեն, եւ հետագայում կարելի է դրանք ներդնել ազատագրված տարածքների զարգացման տարբեր ծրագրերում:

Այսպիսով` ազատագրված տարածքների ամբողջական յուրացումը հնարավոր է ագարակներ ստեղծելու միջոցով, ինչը 10 տարվա ընթացքում պահանջում է 300 մլն դոլարի չափով ներդրումներ: Պահանջվող միջոցները պետք է վերադարձվեն, եւ հետագայում կարող են ներդրվել այլ ծրագրերում:

Սույն վերլուծութան նպատակը միայն ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ շահագրգիռ անհատներին, պետական եւ հասարակական կառույցներին այս թեմայով երկխոսության հրավիրելն է:

Տիգրան Կյուրեղյան 
11.08.2004թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter