Օտա՞ր, թէ անջատողական խաղեր...
Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ «Օտար խաղեր» անունով յունիս 13-ի հաղորդման մէջ մի անգամ եւս ականատես եղանք իրանահայութեան հանդէպ դրսեւորւած արհամարhական ու անճիշտ կեցւածքի, որն անտարակոյս իր անջատողական ազդեցութիւնը կունենայ Սփիւռքի եւ Հայաստանի առանց այն էլ ոչ շատ ջերմ յարաբերութիւնների վրայ:
Նախ` անվերջ գործածւող «պարսկահայ» բառը տեղի է տալիս խորհրդածութեան: Ինչու՞ պարսկահայ եւ ոչ իրանահայ, երբ միւս սփիւռքահայերի դեպքում առհասարակ նշւում է տւեալ երկրի կամ քաղաքի անունը. ամերիկահայ, հոլանդահայ, ֆրանսահայ, լիբանանահայ, արգենտինահայ կամ բեյրութահայ, թեհրանահայ, պոլսահայ եւ երեւի հայութեան նոր հայրենիքի անունով` գլենդելահայ... «Պարսկահայը» չգիտես`պարսկաստանահայի՞, թէ պարսիկահայի յապաւումն է: Ամեն դէպքում, թւում է` իրանահայը աւելի ճիշտ է, որովհետեւ երկրի անունն էլ, ի վերջոյ, Իրան է. թողնենք այն հանգամանքը, որ հայաստանցիներն ամեն ինչ փորձում են կոչել իւրովի, երբեմն էլ` ազդւած ռուսներից...
Սակայն, երանի թէ Հրանտ հայկական անունը կրող տարեց հային միայն պարսկահայ կոչէին: Ցաւօք, միւս հերոսները եւ պատանի հանդիսատեսները (սա էլ իր հերթին հետաքրքիր է, որ նման կենցաղային անդաստիարակչական սիւժէներով շինծու հաղորդման հանդիսատեսները մեծ մասամբ պատանիներ են) մի քանի անգամ նշեցին պարսիկ բառը: Թւում է` հայաստանցիները դեռ անտեղեակ են, որ Իրանում կայ բնիկ ժողովրդից` պարսիկներից ազգայնապէս եւ կրօնով տարբեր` ազգային ուրոյն դիմագիծը հերոսաբար պահպանած հայ փոքրամասնութիւն:
Ամերիկեան եւ արեւմտեան որոշ հեռուստակայաններից ընդօրինակած ոչ այնքան անթերի «Օտար խաղեր» հաղորդման համար իրաւամբ հարուստ նիւթ կարող է ծառայել, սոցիալական անմխիթար պայմանների բերումով հայաստանցիների ընտանեկան կեանքում գոյութիւն ունեցող բազմաթիւ թնջուկներից բացի, նաեւ երիտասարդ կանանց «ճանկելու»` տարեց տղամարդկանց անյագուրդ տենչը: Դրա լաւագոյն մեկնաբանութիւնը կարդում ենք Վահրամ Սահակեանի «Սեւ աչքեր, ճերմակ սփռոց» վիպակի մէջ: Հարց է առաջանում` ինչու՞ «Օտար խաղեր»-ի տնօրինութիւնը, մի կողմ թողած հարիւրաւոր հայաստանցիների, որոնց մէջ մտնում են նաեւ անւանի այրեր, ընտրել է Հրանտ անունով մի «պարսիկի» ու քսանամեայ մի ուսանողուհու կապը, եւ ի տես միլիոնաւոր հեռուստադիտողների` խնդիրը ընդհանրացնելով յօնք շինելու տեղ աչք է հանում...
«Պարսկահայի տւած նւէրը ի՞նչ կլինի»,- դէմքին տալով արգահատանքի արտայայտութիւն` ասում է ուսանողուհու հարուստ մայրը (եթէ հարուստ չլինէր, երեւի, կուրանալով նւէրներից, չէր ընդդիմանայ, ու այս հաղորդումն էլ երբէք տեղի չէր ունենայ...): Հանդիսատեսները եւս ատելութեամբ են նայում Հրանտին, իսկ ուսանողուհին, որ, մօր ասելով, «ոչ մի կերպ չի համոզւում» ձեռքից բաց թողել «պարսիկի»` չգիտես սէ՞րը, թէ փողը, յանկարծ հաղորդման վերջում կտրուկ յայտարարում է, որ ինքը հակառակ չի գնայ իր ընտանիքի կամքին...
Հաղորդումը մի անգամ եւս յաջողում է «բարի» գործ կատարելով փրկել «բժշկական ֆակուլտետում սովորող քսանամեայ խաբւած երեխային», որը կարող է հազարաւոր հրանտներին տանել աղբիւրն ու ծարաւ յետ բերել... Իսկ Հրանտի կամ պարսկահայի արժանապատւութիւնը հաւասարւում է ցեխի... Միայն հաղորդավարն է ցուցադրաբար ճգնում մի կերպ փրկել դրութիւնը...
Ի՞նչ կարիք կար նման հաղորդումի, որը մեծապէս վշտացրեց իրանահայերին թէ՛ Իրանում, եւ թէ՛ այլուր:
Ինչու՞ այս անջատողական քաղաքականութիւնը, երբ Հայաստանի իշխանութիւնը «Մեկ ազգ, մէկ մշակոյթ» ու նման կարգախօսների տակ ձգտում է վերացնել Հայաստանի ու Սփիւռքի հայութեան միջեւ բոլշեւիկեան շրջանից ժառանգութիւն մնացած տխրահռչակ երկաթէ վարագոյրի դեռեւս կանգուն մի կտորը...
Մարդ սկսում է տարակուսել, թէ քսանամեայ բժշկուհու նման` Հայաստանին (թէ ում` կարեւոր չէ...) հետաքրքրում է գուցէ սփիւռքահայերի նիւթականը աւելի, քան նրանց ազգայնական հիմնահարցերը կամ տարիքը...
Յունիս 16, 2007, Թեհրան
Կոլիա Տէր Յովհաննիսեան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել