Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կրկին վերաճել է զինված առճակատման։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը հակամարտության կողմերին կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը և ցուցաբերել զսպվածություն»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը։
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսային խոսակցություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ։
ՌԴ ՊՆ տեղեկատվության բաժնից գործակալությանը հաղորդել են, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է «հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտությունը»։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ տարածաշրջանը գտնվում է ՌԴ ՊՆ ղեկավարության ուշադրության ներքո։
Իր հայ և ադրջեջանցի գործընկերների հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին Լավրովը կոչ է արել ազդել իրավիճակի վրա՝ Լեռնային Ղարաբաղում բռնություններին վերջ տալու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել