«Ժառանգության» հայտարարությունը Հանրապետության օրվա կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության հիմնադրման 89-րդ տարեդարձի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտագին շնորհավորանքներ է հղում ողջ հայ ժողովրդին:
Առանց 1918 թվականի այս օրվան, որին նախորդել էին Հայոց ցեղասպանությունն ու մեծ հայրենազրկումը, այսօր չէր լինի մեր նորանկախ հայկական պետականությունը:
Պատշաճը հատուցելով արդի հայկական պատմության մեջ Առաջին, թեկուզեւ կարճատեւ ինքնիշխան հանրապետության հիմնադիրներին ու կերտողներին, մենք` հաղթանակների եւ պարտությունների այս ժառանգության հետնորդներս, վերահաստատում ենք ազատությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական իրավունքներին ու ազգային շահերին մեր հավատարմությունը եւ այդ արժեքների վրա խարսխված նոր Հայաստան կառուցելու մեր հանձնառությունը: Վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հայկական այս ուղենիշների շեմը չբավարարեցին եւ շարունակում են հանրային օրինականությանն ու լավագույն կառավարմանը նետել մարտահրավեր, որն անպայման կլուծվի մեր սերնդի ժողովրդավարական վճռականության շնորհիվ:
Հանրապետության տոնի տառին ու ոգուն համահունչ` «Ժառանգությունը» կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման Բաբաջանյանին, Արմեն Սարգսյանին, Արսեն Արծրունուն, մյուս բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր կալանքի տակ են` ի ոտնահարումն իրենց սահմանադրական հիմնարար իրավունքների ու ազատությունների: Աշխարհում չի կարող լինել արդարություն` առանց արդարության տան մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել