HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի շատ գումար տրամադրենք, քան եղել է անցյալ տարի` հեռուստամարաթոնի վերաբերյալ գործընկերներին հորդորել է ԼՂՀ վարչապետը

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգային հարցերի մի զգալի մասը հատկացվել է նոր օրինագծերին: Գործադիրը, նախ, փոփոխություններ և լրացումներ առաջարկեց «Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում, և այդ առնչությամբ` լրացում և փոփոխություն առաջարկվեցին համապատասխանաբար «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում: ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանի  պարզաբանմամբ` նոր լրացումներով ու փոփոխություններով նպատակ է հետապնդվում հստակեցնել հիշյալ օրենքները և համահունչ դարձնել տնտեսական ներկա պահանջներին:

Հավանության արժանացած օրինագծերից բխող ենթաօրենսդրական առանձին ակտեր ևս քնարկվեցին գործադիրի կողմից: Լրացումներ և փոփոխություններ կատարվեցին կառավարության  «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, հաստատվեց աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցների հավատարմագրման կարգը: Ըստ վերջին փաստաթղթի` հավատարմագրման սկզբունքներն ու նպատակներն են, մասնավորապես, այդ գործընթացի հրապարակայնությունը, թափանցիկությունն ու վերահսկողության իրականացումը, աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը:

Գործադիրը հավանություն է տվել դատական համակարգին առնչվող օրինագծերի մի ամբողջ փաթեթի: Ներկայացնելով այն` արդարադատության նախարար Ն.Նարիմանյանը նշել է, որ առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները թելադրված են ԼՂՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ծրագրով: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո, ի մասնավորի, նոր բովանդակություն կստանան ԼՂՀ դատական օրենսգիրքը, դատախազության, դատական ծառայության օրենքները, քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության օրենսգրքերը:

Հաստատվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման կարգը: Ըստ այդմ` քննարկումների նպատակն է հանրային կարծիքի բացահայտումը, իրավաստեղծ աշխատանքներում հասարակության մասնակցության ապահովումը: Հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Կառավարության հաստատած մի այլ կարգով սահմանվում են արոտավայրերից օգտվելու պայմանները: Նախատեսվում է, որ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող և օրենքով սահմանված կարգով օգտագործման չտրամադրված հողերի վրա գտնվող արտոավայրերից օգտվելու պայմանագրերը կնքվում են ԼՂՀ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի և անասնատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի միջև` պարզ գրավոր ձևով` 2 ամսից մինչև 1 տարի ժամկետով: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը անդրադարձավ, որ երկար քննարկումից հետո են հանգել նման որոշման` նպատակ ունենալով պարզեցնել կարգը և լրացուցիչ եկամուտ ապահովել պետբյուջեում:

Նիստում գործադիրը մի շարք որոշումներ է կայացրել ԼՂՀ պետական խորհրդանիշերի` զինանշանի, օրհներգի և դրոշի գործածության առանձին դեպքերի վերաբերյալ: Ենթաօրենսդրական ակտերով սահմանվում են, մասնավորապես, թե ինչ արարողակարգով պետք է ընթանան դրոշի բարձրացումը, իջեցումը և փոխանցումը (այն միշտ պետք է բարձրացվի առաջինը և իջեցվի վերջինը), ինչպես պետք է ԼՂՀ դրոշը միաժամանակ դուրս բերել զորամասի մարտական դրոշի հետ, ինչ կարգով պետք է կատարվի օրհներգը, ո±ր դեպքերում է իրավունք վերապահվում օգտագործել օրհներգի երաժշտությունը:

Գործադիրը հավանություն է տվել երկու ծրագրի: Նախ, հաստատվել է ԼՂՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2012 թվականի միջոցառումների ցանկը, որ ներառում է 7 կետ: Նախատեսվում է, մասնավորապես, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչություն և նարկոլոգների մասնագիտական վերապատրաստում: Փաստաթղթի բացատրականում ընդգծված է, որ ԼՂՀ-ն չի հանդիսանում թմրամիջոց արտադրող երկիր և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համեմատաբար քիչ է տարածված:

Մյուս ծրագրով գալիք տարվա համար մի շարք միջոցառումնենր են նախատեսվել Արցախի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով: Նախանշվում է բնակչության ֆիզիկական դաստիարակություն, բարձրակարգ մարզիկների պատրաստում, մանկապատանեկան մարզադպրոցների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, մասնակցություն միջազգային մրցաշարերին և այլն:

Կառավարության որոշումներով փոփոխություններ են կատարվել Ասկերանի շրջանի Վերին Սզնեքի, Ներքին Սզնեքի և Լուսաձորի գյուղական համայնքներին պատկանող առանձին հողատարածքների օգտագործման ժամանակավոր սխեմաներում: Փոփոխությունների մի մասը նպատակաուղղված է հանգստի գոտիների և ջրամբարների կառուցմանը: Վարչապետ Ա.Հարությունյանը իրավասու անձանց ուշադրությունը սևեռեց այն հանգամանքի վրա, որ հաստատվող ծրագրերը հաճախ չեն կատարվում և ջրային պաշարները օգտագործվում են ոչ նպատակային` խնդիրներ հարուցելով մյուս ջրօգտագործողների մոտ: Վարչապետը կարգադրեց վերահսկողություն սահմանել այդ ոլորտում:

Առանձին նախագծերով լրացումներ և փոփոխություններ առաջարկվեցին էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության, հեռուստատեսության և ռադիոյի մասին ԼՂՀ օրենքներում: Հավանության արժանացած այդ և մյուս օրինագծերը, ինչպես և հաստատված տարեկան ծրագրերը կներկայացվեն ԼՂՀ ԱԺ քննարկմանը:

Նիստի վերջում քննարկում ծավալվեց ԼՂՀ ընթացիկ տարվա պետբյուջեի կատարողականի և 2012թ. պետբյուջեի ձևավորման հարցերի շուրջ: Կարճ հաղորդումով հանդես եկավ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը: Նա ի մասնավորի նշել է, որ գալիք տարվա համար նախատեսվում է սեփական եկամուտները ավելացնել 3,3 մլրդ դրամով, կավելանա միջպետական վարկը, իսկ ընդհանուր ծախսերը կկազմեն ավելի քան 76 մլրդ դրամ: Վարչապետ Ա. Հարությունյանը նախարարություններին և պետական մյուս գերատեսչություններին ցուցում տվեց մեկ անգամ ևս ճշտել ծախսային հաշվարկները և հիմնավորված ձևով նոր ներկայացնել հաստատման: Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ արգելվում է տնտեսումների հաշվին փոփոխել նախահաշիվների հոդվածները և կատարել չնախատեսված ծախսեր: «Ծախսել այնքան, որքան նախատեսված է»` պարզորոշ հրահանգեց Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով` 2012 թվականը ևս բարդ ու դժվարին է լինելու, ուստի չի կարելի թույլ տալ շռայլություններ, հատկապես, որ պետական մարմիններին հատկացումները բավարար են: Չնայած սպասվող դժվարություննրին` կապված համաշխարհային ֆինանսատնտեսական անցանկալի զարգացումների հետ, գալիք տարում ևս, վարչապետի հաշվարկմամբ` ԼՂՀ-ում կապահովվի 10%-ից ավելի տնտեսական աճ, որն իր հերթին կօգնի ավելացնելու սոցիալական վճարումները` թոշակների, նպաստների, դրամական այլ օգնությունների ուղղությամբ: Հանրապետությունում կշարունակվի լայնամասշտաբ շինարարությունը, շարք կմտնեն նոր կրթօջախներ, բուժհաստատություններ, բնակելի տներ և այլն:

Վերջում կառավարության ղեկավարը հայտնեց, որ առաջիկա նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում հեռուստամարաթոնով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ազգային դրամահավաքը, որին պետք է ակտիվորեն մասնակցեն նաև արցախցիները: Հանգանակված միջոցները կուղղվեն Արցախի ջրային համակարգերի վերականգնմանը: Ավելի շատ գումար տրամադրենք, քան եղել է անցյալ տարի`  գործընկերներին հորդորել է կառավարության ղեկավարը: Հանրապետությունում հանգանակությունը կհամակարգի ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Ա. Ծատրյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter