
54-րդ քաղաքապետն ընդգծել է, որ շարունակելու է ՀՀԿ-ի որդեգրած քաղաքականությունը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր: Նիստը վարել է քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով նիստին ներկա է եղել ավագանու 49 անդամ: Նախքան օրակարգի հարցին անցնելը Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին ներկայացրել է ԿԸՀ նոյեմբերի 12–ին կայացած նիստի որոշումը, համաձայն որի ՀՀԿ համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամ է ընտրվել Գեորգի Գաբրիելյանը:
Արտահերթ ընտրությունների ժամանակ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երևանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Ըստ այդմ, ավագանու «Հայաստանի հանրապետական» խմբակցությունն առաջադրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և հայտարարել է, որ պաշտպանում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ներկայացնելով Երևանի քաղաքապետի թեկնածուին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը, համառոտ ներկայացնելով Տարոն Մարգարյանի կենսագրությունը, նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրելու հարցը քննարկվել և միաձայն ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնում և խորհրդում, ինչպես նաև ավագանու ՀՀԿ խմբակցությունում՝ հաշվի առնելով նրա տեղական ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքային փորձը, կառավարման հմտությունները, մարդկային և բարոյական բարձր հատկանիշներն ու մայրաքաղաքի բնակչության շրջանում նրա բարի համբավը:
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով վստահության համար ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ շարունակելու է կուսակցության որդեգրած քաղաքականությունն ու, դեռ 2009–ին Երևանի ավագանու ընտրություննրի նախընտրական փուլում երևանցիներին ներկայացված ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մասնավորապես շեշտել է, որ թիմային աշխաանքով անելու է ամենը, որպեսզի ապահովվի Երևանի համաչափ զարգացումն ու երևանցիների հարմարավետ առօրյան:
Այնուհետ հաշվիչ հանձնաժողովի նախագահը ավագանուն է ներկայացրել ներկայացրել քվեաթերթիկի ձևն ու քվեարկության կարգը: Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի է ունեցել ունեցավ քաղաքապետարանի ճեմասրահում` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն: Հաշվիչ հանձնաժողովը, ԶԼՄ-ների ու ավագանու անդամների ներկայությամբ, կատարել է քվեաթերթիկների հաշվարկ, որից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուրեն Ներսիսյանը ավագանուն է ներկայացրել փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ հրապարակելով արձանագրությունը: Քվեարկության արդյունքում ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի 54–րդ քաղաքապետ է ընտրվել Տարոն Անդրանիկի Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանել