
Գյուղապետն ընդդեմ «Հետքի» թղթակցի դատական նիստը հետաձգվեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի դեմ Լեռնապատ համայանքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը ՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Պատասխանող կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված է «Հետք» շաբաթաթերթը:
Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի և նույն գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի միջև ծագած դատական վեճը ներկայացնող հոդվածը վերնագրելով «Գյուղապետի հասցեին ասված արածել բառն արժե 1 միլիոն»՝ լրագրողը ներկայացրել է գյուղապետի պահանջը համագյուղացուց՝ ներողություն, հերքում և 3 մլն դրամ հատուցում (1 մլն դրամ՝ վիրավորանքի, 2 մլն դրամ՝ զրպարտության համար):
Լեռնապատի ղեկավարը միևնույն՝ գումարային պահանջով երկու անգամ հայց է ներկայացրել Վանաձորի դատարան, երկու անգամ էլ հայցը վերադարձվել է: Երրորդ անգամ Գ. Մելքոնյանի դեմ հայցը գյուղապետը ներկայացրել է առանց գումարային փոխհատուցման՝ պահանջելով բռնագանձել միայն դատական ծախսերը:
«Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով»,- նախադասությունը գյուղապետը համարել է զրպարտություն՝ նշելով, որ ինքը Գ. Մելքոնյանին գույքային պահանջ չի ներկայացրել:
Իրականում լրագրողը չի մասնավորեցրել, որ գյուղապետը գույքային պահանջ ներկայացրել է առաջին և երկրորդ հայցերով, իսկ վարույթ ընդունված հայցից այն հանվել է:
Սակայն գյուղապետը զրպարտություն և վիրավորանք է համարում նշված նախադասությունն ու նյութի վերնագիրը՝պահանջելով լրագրողից «Հետք» թերթում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:
Նշված քաղաքացիական գործով Վանաձորի դատարանում այսօր նշանակված էր նախնական դատական նիստ՝ դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ: Դատավորի պահանջով կողմերը ներկայացրին անձը հաստատող փաստաթուղթ: Պարզվեց, որ պատասխանող Ա. Թորոսյանի անձնագրի գործողության ժամկետը լրացած է: Պատճառաբանելով, որ հնարավոր չէ ստուգել պատասխանողի ինքնությունը՝ դատավորը բացակա ճանաչեց նրան և որոշեց նիստը շարունակել՝ առանց նրա մասնակցության:
Դատական նիստի ժամանակ արձանագրվեց, որ ներկայացուցիչ չկա որպես երրորդ անձ ներգրավված «Հետք» շաբաթաթերթից: Այս կապակցությամբ դատավորը հարցրեց հայցվորի կարծիքը՝ նիստը առանց մասնակից կողմերի անցկացնելու վերաբերյալ: Վ. Եղիազարյանը պնդեց, որ նիստը շարունակվի:
Հայցվոր Վ. Եղիազարյանը ներկայացրեց իր հայցը, պահանջը պնդեց ամբողջությամբ:
Դատավորը, հաշվի առնելով, որ պատասխանող Ա. Թորոսյանը ըստ էության ներկայացել է դատական նիստին, ներկայացրել է նաև անձը հաստատող փաստաթուղթ, որի անվավեր լինելու մասին իմացավ միայն դատարանում, որոշեց նշված գործով նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել 2012 թ. հունվարի 13:
Մեկնաբանել