
Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց
Այսօր Ազգային ժողովն իր աշխատանքը սկսեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» որոշման նախագծի քվեարկությունով: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: Այնուամենայնիվ 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց:
Երեկ գրեթե ողջ օրը քննարկվել է նշված նախագիծը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե առաջարկված փոփոխություններից որոնք են ընդունվել և նախագիծը քվեարկությունից առաջ ինչ տեսք ունի:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախագիծը մնացել է անփոփոխ և պատգամավորների առաջարկները չեն ընդունվել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ առաջարկների զգալի մասը հակասել է Սահմանադրությանը:
Նշենք, որ թեև պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, սակայն նախագիծը լրամշակվել ու հղկվել է: Օրինակ՝ սկզբնական շրջանում առաջարկվում էր պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները հանձնաժողովի նախագահին կներկայացնել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 օրվա ընթացքում: Այժմ դիմումները կներկայացվեն 7 օրվա ընթացքում:
Նախագծով Ազգային ժողովին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել պաշտպանի մեկ թեկնածու: Հանձնաժողովի երկու և ավելի անդամ կարող են հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել պաշտպանի նույն թեկնածուին:
Ընդդիմադիր պատգամավորները նշում էին, որ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին Ազգային ժողովին ներկայացնելը ձևական բնույթ է կրում, քանի որ ըստ էության խորհրդարանը այլընտրանք չունի և հանձնաժողովն ինքն է ընտրում թեկնածուին:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ անհրաժեշտ է առնվազն 2-3 թեկնածու առաջարկել և հնարավորություն տալ, որ Ազգային ժողովն ինքն ընտրի, ոչ թե հաստատի պետաիրավական հանձնաժողովի միակ թեկնածուին:
«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու համար տվյալ երկրից վեհաժողովին են ներկայացվում երեք թեկնածուներ և նրանցից էլ ընտրվում է դատավորը: Նա զարմանք հայտնեց, թե ինչու ենք հեռանում ժողովրդավարական արժեքներից և ինչու չի կարելի նույն սկզբունքով ընտրել նաև մարդու իրավունքների պաշտպանին:
լուսանկարը Ազգային ժողովի փետրվարի 1-ի նիստից է
Մեկնաբանել