HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նախագահը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները «կակտիվացնեն» հակամարտության կարգավորման գործընթացը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտեւի հունվարի 25-29-ը: Մինչ լիագումար նիստը ԵԽԽՎ նախագահ Անն Բղասյողը մամուլի ասուլիս է տվել եւ հայտնել, որ «բազմաթիվ դիմումներ են ստացել»՝ օրակարգից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը հանելու մասին:

Խոսքը բրիտանացի զեկուցող Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավված տարածքներում բռնությունների էսկալացիայի մասին» բանաձեւի նախագծի մասին է, որտեղ հեղինակը կոչ է անում դուրս բերել հայկական բանակը Լեռնային Ղարաբաղի տարածքից եւ անվտանգության գոտուց, ինչպես նաեւ վերականգնել Ղարաբաղի գծով ԵԽԽՎ բյուրոյի հատուկ կոմիտեի գործունեությունը:   

Մեկ այլ նախագիծ՝ բոսնիացի Միլիցա Մարկովիչի հեղինակությամբ, որը վերնագրված է «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակիչները զրկված են ջրից», թեեւ արծարծում է շրջանի բնապահպանական խնդիրը, իրականում պարունակում է համանման կոչեր՝ ուղղված հայկական կողմին, ինչպես առաջին նախագծում:

Երկու բանաձեւերի քննարկումներն էլ ընդգրկված են ձմեռային նստաշրջանի օրակարգում՝ հունվարի 26-ին: Նշենք, որ Բղասյողի նախագահությունն այսօր ավարտվեց: Դեռեւս նախագահի պաշտոնում ասուլիս տալով՝ նա նշեց, որ բանաձեւերի վերաբերյալ որոշումները կընդունվեն վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ: Նա ձեռնպահ մնաց մեկնաբանություններից մինչ քննարկումը: «Որոշումներ դեռ չեն կայացվել, ուստի ես չեմ ցանկանում միջամտել, բայց Հայաստանը եւ Ադրբեջանը մեր կազմակերպության անդամ-պետություններ են, եւ մենք պետք է լուծում գտնենք, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղության մեջ, հակամարտության լուծումը պետք է գտնվի, մարդիկ տառապում են, ուստի մենք պետք է ջանադրաբար աշխատենք»,- ասաց Բղասյողը:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ կոչ են արել ձեռնպահ մնալ ԼՂ հարցով քննարկումներ կազմակերպելուց՝ նման միջամտությունը դիտարկելով Մինսկի խմբի մանդատի թուլացում բանակցային գործընթացում, Բղասյողն ընդգծեց. «Վեհաժողովից է հիմա կախված՝ կլինի՞ քննարկում, թե՞ ոչ, եւ ի՞նչ ենք մենք մտադիր անել: Ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է լուծում գտնենք, որով կօգնենք առաջ ընթանալ, որովհետեւ հակամարտությունն ընթանում է արդեն երկար տարիներ, եւ առաջխաղացում չկա: Մենք պետք է առաջխաղացման համար լուծում գտնենք: Եթե մեր քննարկումները՝ տեղի ունենան դրանք, թե ոչ, ավանդ լինեն եւ ավելի մեծ դինամիկա հաղորդեն այս հակամարտությանը, ես գոհ կլինեմ»:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները ԵԽ քաղաքացիներ են, եւ հակամարտության լուծումը պետք է գտնվի. «Մնում է հասկանալ՝ ինչպես: Բայց մենք չենք կարող սա այսպես թողնել»:

Նա չպատասխանեց «Հետքի» այն հարցին, թե որոնք են բանաձեւերի նպատակները՝ խորհուրդ տալով դիմել ԵԽԽՎ ապագա նախագահին:

Նշենք, որ ինքը՝ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, պնդում է, որ նախագծի նպատակը գործընկերներին տեղեկատվություն հաղորդելն է, սակայն զեկուցողներին, այս կամ այն պատճառով, չի հաջողվել այցելել ո՛չ Հայաստան, ո՛չ Լեռնային Ղարաբաղ, ուստի բաց է հարցը, թե որքանո՞վ ինֆորմատիվ եւ օբյեկտիվ կարող են լինել այդ փաստաթղթերը, որտեղ տեղեկատվությունը միակողմանի է ներկայացված:

Սակայն վերը նշված բանաձեւրի վերաբերյալ դեբատներ տեղի չունեցան, եւ դրանք մեխանիկորեն ամրագրվեցին նստաշրջանի օրակարգում: Այսօր Ֆրանսիայի ժամանակով մինչեւ 16.00 ավարտվում էր բրիտանացի զեկուցողի ներկայացրած փաստաթղթում ուղղումներ անելու ժամկետը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հրաժարվեց մեկնաբանություններից՝ հղում անելով պատվիրակության բոլոր անդամների խիստ զբաղվածությանը:

Նշենք նաեւ, որ լիագումար նիստի ժամանակ ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ՝ իսպանացի Պեդրո Ագրամոնտը, որը նախկինում զբաղեցնում էր ԵԽԽՎ բյուրոյի ԼՂ հարցով հատուկ կոմիտեի նախագահի պաշտոնը եւ հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ:

Օկսանա Մուսայելյան

Ստրասբուրգ

 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Այսքան տարիների ընթացքում ցանկացած անբան պիտի նկատեր, որ ամեն անգամ կարգավորման գործնթացն ,,ակտիվացնելու,, ժամանակ հակամարտությունը միայն սրվում է, իսկ անիմաստ զոհերի թիվն ավելանում: Սրանց բոլորին պարզ պետք է ասել՝ ի սեր աստծու, եթե լավ բան եք ուզում անել, ապա հեռու քաշվեք ու ոչ մի բանի մի խառնվեք: Այդ դեպքում կողմերն իրենք ստիպված կլինեն որոշել թե իրենց խնդիրն ինչպես լուծեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter