HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական մրցակցության բացակայության պատճառով Ադրբեջանում չկա ազատ գնագոյացում

Հարցազրույց Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ալի Մասիմովի հետ

- Ադրբեջանի տնտեսական իրավիճակը որքանո՞վ է համապատասխանում շուկայական տնտեսության պահանջներին, որո՞նք են երկրում շուկայական տնտեսության գործառության գլխավոր խոչընդոտները։

- Խոսելով Ադրբեջանի տնտեսության՝ շուկայական տնտեսության պահանջներին համապատասխանության մասին, հարկ է գնահատել ազատ ձեռներեցության, ազատ գնագոյացման եւ ազատ մրցակցության զարգացման աստիճանը։ Ադրբեջանում առկա են շուկայական տնտեսության այդ բաղադրիչներից յուրաքանչյուրին վերաբերող խնդիրներ։ Մեր երկրում ազատ ձեռներեցությունը ողբալի վիճակում է։ Աննախադեպ բյուրոկրատական քաշքշուկի օգնությամբ իշխանությունները գիտակցաբար մեծ խոչընդոտներ են ստեղծել ազատ ձեռներեցության համար։ Արտահանման գործողություններ իրականացնելու թույլտվություն ստանալու համար ձեռներեցը պետք է ներկայացնի 7 փաստաթուղթ, որոնք վավերացված են 40 պաշտոնյաների ստորագրություններով։ Իսկ ներմուծման գործողությունների համար պահանջվում է ավելին՝ 18 փաստաթուղթ եւ 55 ստորագրություն։ Այսպիսով` ազատ ձեռներեցության զարգացման համար ստեղծվում են արգելքներ։

Այնուհետեւ, գործնականում ազատ ձեռներեցության կատարյալ բացակայության պայմաններում ազատ գնագոյացումը նույնպես անհնար է։ Արդյունքում, մեր երկրում գները չեն կարգավորվում շուկայի օրենքներով, այլ աճում են քաոսային ձեւով, այսինքն՝ մենաշնորհ ունեցողների եւ իշխող կլանի կամքով։ Ինչ վերաբերում է ազատ մրցակցությանը, ապա մեր երկրում այս տիրույթում տիրող իրական վիճակի մասին կարող են վկայել շուկայի բոլոր սեգմենտների նկատմամբ գործող իշխանության ներկայացուցիչների ունեցած լիակատար մենաշնորհատիրությունը, ինչպես նաեւ այն ամոթալի «մրցանակային» տեղերը, որոնք զբաղեցնում է Ադրբեջանը աշխարհի առավել կոռումպացված երկրների ցուցակում։

- Երկրի տնտեսության մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնում փոքր եւ միջին բիզնեսը, եւ որո՞նք են նրա զարգացման հիմնական խոչընդոտները։

- Ադրբեջանում փոքր եւ միջին բիզնեսը զարգանում է բնավ ոչ այն տեմպով, որով կարող էր զարգանալ մի երկրում, որը վիթխարի շահույթ է ստացել նավթի վաճառքից։ Վերոհիշյալ բնագավառների զարգացման հիմնական խոչընդոտները կոռուպցիան եւ մենաշնորհներն են, որոնք Ադրբեջանում հասել են աներեւակայելի մասշտաբների։ Հենց այդ գործոններով են բացատրվում այն խնդիրները, որոնց մեր երկրում բախվում է նա, ով որոշել է զբաղվել փոքր եւ միջին բիզնեսով։ Պետք է հասկանալի լինի, որ «ուրիշներն» այստեղ անելիք չունեն։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները միայն յուրայիններին են թույլատրում զբաղվել ցանկացած տեսակի բիզնեսով։ Լիովին վերահսկելով ամբողջ արտահանումն ու ներմուծումը՝ նրանք հետեւողականորեն ոչնչացնում են ցանկացած նախաձեռնություն, կապիտալի կուտակման ցանկացած աղբյուր։ Ի միջի այլոց, հենց փոքր եւ միջին բիզնեսն է ցանկացած երկրի տնտեսության հիմքը եւ զարգացման ցուցանիշը։ Ուստի, մեր երկրի իշխանությունները ճնշում են տնտեսության հենց այս հատվածները։ Իշխանությունների նման գործողությունների պատճառն այն է, որ նրանք վախենում են, թե կարող է առաջանալ եւ ամրապնդվել բազմաքանակ միջին խավ, որը, գործնականում լինելով անվերահսկելի, կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել ընդդիմությանը` վերջինիս իրական սպառնալիք դարձնելով իշխանությունների համար։ Անշուշտ, իշխանություններին ձեռնտու չէ իրադարձությունների նման ընթացքը։

- Ի՞նչ դեր ունի երկրի բանկային համակարգը մասնավոր ձեռներեցության եւ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում։

- Ադրբեջանում բանկային համակարգը սկսեց զարգանալ երկրի անկախության առաջին իսկ օրերից։ Այսօր կարելի է արձանագրել, որ անցած տարիներին տնտեսության այդ հատվածը հասել է որոշակի զարգացման։ Օրինակ ՝ Ադրբեջանում գործում են մի շարք բանկեր, որոնք աշխարհի կոմերցիոն բանկերի ռեյտինգային ցուցակներում զբաղեցնում են շատ բարձր տեղեր։ Սակայն, դրա հետ միասին, առկա են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել առաջիկա տարիներին։ Ասենք, մեր բանկերն անկարող են պատշաճ մակարդակով լուծել վարկավորման խնդիրը։ Մեր բանկերում առայժմ բավական բարձր են վարկերի տրամադրման տոկոսները, ինչը բացատրվում է վարկավորման հետ կապված բավական մեծ ռիսկերով։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի պետության մակարդակով, որը պետք է բնակչության համար երաշխավորի ինչպես բանկերի տրամադրած վարկերի ընդունելի տոկոսադրույքները, այնպես էլ հայրենական բանկային համակարգում բնակչության ավանդների ապահովությունը։ Այս կապակցությամբ ամենակարեւոր բաներից մեկը ՝ թե՛ քաղաքական-տնտեսական, թե՛ սոցիալ-հոգեբանական առումով, խորհրդային բանկերում Ադրբեջանի բնակչության ունեցած ավանդների վերադարձի գործընթացն է։

Ես կարծում եմ, որ արդեն այս տարվա վերջից կամ հաջորդ տարվա սկզբից պետք է սկսվի բնակիչներին խորհրդային շրջանի ավանդները վերադարձնելու գործընթացը։ Բայց այստեղ հարցը ոչ այնքան ավանդները վերադարձնելը, որքան վերադարձվող ավանդների գումարի չափն է։ Բնակչությանը «խորհրդային» ավանդները վերադարձնելիս պետք է հաշվի առնվեն նաեւ արժեզրկման գործընթացները։ Առանց այդ բանը հաշվի առնելու, կարող է այնպես ստացվել, որ խորհրդային չափանիշներով պատկառելի գումար ունեցած մարդը կստանա այնպիսի գումար, որը կբավականացնի ընդամենը մի քանի կիլոգրամ մսի կամ կարագի համար։ Ինչ վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, ապա Ադրբեջանում տնտեսության այդ հատվածը, ինչպես արդեն նշվեց, զարգանում է ոչ այնքան արագ տեմպերով։ Դրա պատճառը մեր տնտեսության գրեթե բոլոր հատվածներում առկա մենաշնորհատիրությունն է։ Մասնավոր ձեռներեցության նկատմամբ առկա սահմանափակումների վառ օրինակ է ազատ ձեռներեցների ՝ ներմուծման եւ արտահանման գործողություններն արգելող չգրված օրենքը։ Այս բոլոր միջոցները ծառայում են մենաշնորհային քաղաքականության ամրապնդմանը, ինչը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի մենաշնորհային հսկաներին, որոնք գտնվում են երկրի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո։

- Որքանո՞վ է երկրի օրենսդրությունը, հարկային քաղաքականությունը համապատասխանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման պահանջներին։

- Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ադրբեջանում հարկահանության համակարգը երկրի տնտեսության կարեւոր բաղադրիչն է։ Ավաղ, այս ոլորտում եւս իրադրությունը իդեալական չէ։ Գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է երկրի հարկային քաղաքականության մեջ կատարել համակողմանի բարեփոխումներ։ Առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել հարկային քաղաքականության վարչական բաղադրիչը ՝ ավելացնելով հավաքվող հարկերի ծավալը։ Ակնհայտ է, որ պետության տնտեսական զարգացման մակարդակը որոշվում է հարկերի հավաքման չափով։ Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեր երկրում հարկերի չափերը համապատասխանեցնել համաշխարհային չափանիշներին։ Ես կարծում եմ, որ իմաստ ունի առաջիկա տարիներին նվազեցնել հավելյալ շահույթի հարկի չափը։ Անհրաժեշտ է նվազեցնեզ նաեւ սոցիալական ապահովության հարկերի չափը։

Նմանատիպ գործողությունները կարող են երկրում աշխուժացնել ընդհանուր սոցիալ-տնտեսական իրադրությունը եւ նպաստել հարկահանության ծավալների աճին։ Ադրբեջանի կառավարությունը շատ է սիրում թվերով աճպարարություն անել ՝ ապացուցելու համար տնտեսական աճի առկայությունը։ Եթե իսկապես կա տնտեսական աճ, ապա իմաստ ունի նվազագույն թոշակի չափը հասցնել 70 մանաթի (մոտ 90 ԱՄՆ դոլարի - խմբ.), քանզի ԽՍՀՄ-ում նվազագույն թոշակը համարժեք էր այդ գումարին, իսկ մենք, եթե հավատանք կառավարության հայտարարություններին, ավելի լավ ենք ապրում, քան խորհրդային տարիներին։ Այս բոլոր միջոցառումները կօգնեին միջին խավի ձեւավորմանը, որն էլ հենց կլիներ Ադրբեջանի ողջ տնտեսությունն իր ետեւից տանող շարժիչը։ Արդյոք նման բան կպատահի՞։ Ես այս հարցում այնքան էլ լավատես չեմ եւ չեմ կարծում, թե Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են միջին խավի առաջացմամբ։ Ամփոփելով ասվածը` կարելի է պնդել, որ Ադրբեջանը դեռ շատ բան պետք է անի, որպեսզի մեր հարկային համակարգը, գոնե ձեւականորեն, նպաստի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։

- Ի՞նչ ծավալի են միջին եւ փոքր բիզնեսում արված արտասահմանյան ներդրումները։

- Անհերքելի փաստ է մեր երկրի տնտեսության կապվածությունը նավթային սեկտորին։ Անկախություն ստանալուց եւ նավթային ռազմավարություն իրականացնելուց հետո սկիզբ առավ ներդրումների հոսքը դեպի մեր երկրի տնտեսություն։ Տարիների ընթացքում այս սեկտորում փոխվեց հավասարակշռությունը հայրենական եւ արտասահմանյան ներդրումների միջեւ, եւ տեղական ներդրումները սկսեցին գերակշռել։

Այն հանգամանքը, որ նավթային պայմանագրերը, երկրի խորհրդարանի վավերացումից եւ նախագահի համապատասխան որոշումից հետո, ստանում են օրենքի բնույթ, չէր կարող դրականորեն չանդրադառնալ երկրում ներդրումների ընդհանուր մթնոլորտի վրա։ Ուստի զարմանալի չէ, որ ծավալվեցին նաեւ փոքր եւ միջին բիզնեսի մեջ կատարվող արտասահմանյան ներդրումները։ Այս հարցում կարեւոր դեր է խաղում նաեւ հոգեբանական գործոնը։ Այդուհանդերձ, նավթայինի հետ համեմատած, ոչ նավթային սեկտորում կատարվող ներդրումները պարզապես չնչին են։ Ադրբեջանի ՀՆԱ-ի մեջ նավթային սեկտորի տեսակարար կշիռը 2004 թվականին կազմել է 31,3%, 2005 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչեւ 53,1%, իսկ անցյալ տարի այդ սեկտորում իրական աճի մակարդակն արդեն կազմել է 62,7%։ Այդ նույն տարիներին ոչ նավթային սեկտորի տնտեսական աճի տարեկան միջին մակարդակը կազմել է 2004-ին ՝ 113,4%, 2005-ին ՝ 110,8% եւ 2006-ին ՝ 110,9%։ Բայց դա միակ խնդիրը չէ։ Բաքվում դեռ կարելի է տեսնել փոքր ու միջին բիզնեսում կատարվող արտասահմանյան ներդրումների որոշակի հոսք։ Բայց այստեղ կա երկու խնդիր։ Առաջին ՝ երկրում փոքր ու միջին բիզնեսն այսպես թե այնպես կապված է իշխանության այս կամ այն բարձրաստիճան ներկայացուցչի հետ։ Այնպես որ, այդտեղից ստացված շահույթը շոշափելի դեր չի խաղում երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակում։

Երկրորդ ՝ չափազանց մեծ է խզումը Բաքվում եւ մարզերում կատարվող արտասահմանյան ներդրումների ծավալների միջեւ։ Ինչպես գիտեք, խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարվել է, որ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է մարզերի զարգացման տնտեսական քաղաքականություն։ Իբրեւ թե հաշվետու տարում ստեղծված նոր ձեռնարկությունների 40% բաժին է ընկնում մարզերին։ Իրականում վերջին տարիներին օլիգարխների եւ «Ընտանիքի» (նկատի ունի Ալիեւների ընտանիքը - խմբ. ) հաշիվներին նստած նավթային դոլարների հոսքերի խղճուկ մնացորդների հաշվին մարզերում իրականացվեցին բարենորոգման եւ շինարարական որոշակի աշխատանքներ եւ կառուցվեցին Հեյդար Ալիեւի անվան բազմաթիվ զբոսայգիներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող համարվել փոքր եւ միջին բիզնեսի օբյեկտներ։ Ավելին, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի հայեցակարգի մշակման նկատմամբ դրսեւորված սխալ մոտեցման պատճառով (օրինակ ՝ շրջանների միջեւ մրցակցության միջավայրի ստեղծման անտեսումը), շրջանների տնտեսական վերածնունդը արտահայտվեց միայն կառավարական հաշվետվություններում առատ թանաքի տեսքով։ Մեր աչքի առաջ է նավթային դոլարների անվերջանալի հոսքից խեղդվող մայրաքաղաքի եւ սովից մեռնող գյուղի միջեւ վիթխարի անդունդը։ Բացի այդ, մարզերում ստեղծված խիստ սահմանափակ քանակությամբ ձեռնարկությունների մեջ շատ քիչ են արտադրական հիմնարկները։ Սրանք են փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ոլորտում առկա իրողությունները։ Դրանք չեն տարբերվում երկրի ամբողջ սոցիալ-տնտեսական իրադրությունից, որի մեջ երեւում են «հոլանդական հիվանդությամբ» աստիճանաբար վարակվելու նշանները։

Հարցազրույցը` Ա. Հասանովի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter