HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական խաբկանք. հայացք սփյուռքից

Նժդեհ Մելքոնյան

Ընտրությունները, բացի իրենց նախորդող լարվածությունից, կարծես մի ուրիշ նմանություն ունեն Նոր տարվա հետ. երկուսի դեպքում էլ խաբկանքն ընդունված է որպես խաղի կարեւոր կանոններից մեկը:

Սակայն անգամ Ձմեռ պապի գոյությունը, Նոր տարվա ամենամեծ, բայց, համաձայնվեք, նաեւ ամենահաճելի խաբկանքը չի համեմատվի Հայաստանում նախընտրական շրջանում լսվող մեծագույն խաբկանքների հետ: Այսօր դրանցից մի քանիսին միայն անդրադառնանք:

Խաբկանք 1. Ներկայիս կառավարությունը Հայաստանում վերջին տարիներին գրանցված մակրոտնտեսական աճի խթանը հանդիսացավ

Վերջին տարիներին աշխարհում կատարված տնտեսագիտական ամենալուրջ հետազոտությունները, այդ թվում` Հարվարդի համալսարանում, ցույց են տալիս, որ աճի եւ զար գացման ամենահզոր գրավականը լավ կառավարումն է, որն իր մեջ պարունակում է թե ' տնտեսական առաջադիմական քաղաքականություն, թե ' կոռուպցիայի դեմ պայքար, եւ թե ' մարդու իրավունքների պաշտպանություն: Այս գրավականը շատ ավելի ուժեղ նպաստ ունի աշխարհում գրանցված աճի վրա, քան թե արտաքին առեւտուրը, բնական ռեսուրսների գոյությունը եւ կամ էլ երկրների աշխարհագրական դիրքը: Դուք կհարցնեք` ի՞նչ կապ ունի այս ամենը Հանրապետական կուսակցության` Հայաստանի անցած տարիների տնտեսական աճն իրենց վերագրելու միտման հետ: Այն պարզ կապը, որ միջազգային փորձով հիմնված ամենահզոր գրավականի` լավ կառավարման առումով, մենք շատ ցածր արդյունքներ ունենք, եւ դեռ պարզ չէ, թե արդյոք այդ գրավականը Հայաստանի դեպքում որեւէ դեր խաղացե՞լ է, թե՞` ոչ:

Պարզապես հիշենք մի բան. երկրում արտադրված համախառն արտադրանքը արդյունք է մասնավոր սեկտորի քրտնաջան աշխատանքի, որն իր հերթին խթանվում է (կամ ընդհակառակը) պետական սեկտորի կողմից իր տրամադրության տակ գտնվող տարբեր լծակների միջոցով (լինի դա պետական ծախսերի, թե պարզապես օրենսդրական դաշտ ապահովելու միջոցով): Պարզեցնելով միտքս` ասեմ, որ եթե տնտեսությունն աճում է 10 տոկոսով, այս արդյունքը կարող է լինել 8 գումարած 2 տոկոսների համադրմամբ կամ էլ 13 հանած 3: Որ երկու դեպքում էլ 10 է ստացվում, հուսով ենք, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:

Բայց ի՞նչ տարբերակով հասանք այս 10-ին: Մեզ մոտ, ցավոք, կասկած չի հարուցում այն փաստը, որ հատկապես վերջին տարիների ընթացքում ոչ միայն քայլեր չարվեցին Հայաստանում օգտագործելու ազգի հավաքական ներուժը, ստեղծելու հավասար պայմաններ բիզնեսի զարգացման համար եւ նոր բարձունքների հասցնելու երկիրը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, այլ տեղի ունեցավ հակառակը: Տնտեսությունը կենտրոնացավ մի քանի ընտանիքների ձեռքում, ազգի սերուցքի արտահոսքը շարունակվեց, եւ քայլեր չարվեցին սփյուռքը արմատականորեն նոր ձեւերով ներգրավելու Հայաստանի սոցիալ-տնտեսական գործընթացներում` որպես իրական խաղընկեր:

Առանց որեւէ ծայրահեղության մեջ ընկնելու պարոնայք հանրապետականաններին եւ իրենց կոալիցիոն ընկերներին պարզապես հարցրեք, թե ինչ են արել, ինչպիսի մեծ ներդրումային ծրագրեր են ձեռնարկել, սփյուռքահայ մասնագետներ ներգրավել եւ լուրջ ուսումնական կենտրոններ հիմնադրել` երկիրը պատրաստելու համար թե՛ այսօրվա, թե՛ վաղվա օրվան:

Խաբկանք 2. Ինքը հեռացավ, հիմա մեզ համար է անհանգստանում

Արժույթի միջազգային հիմնադրամի անցյալ շաբաթ հրապարակած հաշվարկներով` Հայաստանում 2006 թվականին միայն 400 միլիոն դոլար պակաս հարկ է հավաքվել, քան կարող էր: Կարող ենք միայն պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի «նպաստն» այս առումով ինչքան է: Ինչպե՞ս եղավ, որ ժողովրդի հաշվին հարստացած մեկը (այո, այդ չափերով հարկ չտալը ժողովրդից գողանալ է նշանակում) հանկարծ ու որոշեց բարեգործ դառնալ: Խի՞ղճն է տանջում, թե՞ մեկ ուրիշ բան: Ամեն օլիգարխ æորջ Սորոսի պես բարեգործ չի դառնա, ինչպես նաեւ æորջ Սորոսը Գագիկ Ծառուկյան չի կարող լինել. իրոք, դրա համար պետք է բռնաբարության համար դատապարտված լինել եւ շատ արագ ժամանակում կասկածելի ձեւերով հարստանալ: Երկուսն էլ բավական ուշ են քեռի Սորոսի համար: Իսկ մինչ այդ, երիտասարդ սերնդի համար Հայաստանում եւ սփյուռքում պարոն Ծառուկյանը լավագույն օրինակ է հանդիսանում, երիտասարդների թագավոր իդեալը:

Խաբկանք 3. Ինքդ քեզ ընդդիմադիր կոչելով ընդդիմադիր չես դառնա

Պարո՛ն Բաղդասարյան, մի քանի ամիս առաջ թալանչիների խմբի մի մաս էիր կազմում, հիմա ի՞նչ եղավ` հանկարծ դարձար ընդդիմադիր:

Բարի ախորժակ, պարոն Դեմիրճյան: Որ բենզինի ներմուծման քվոտան ստանաք, հաջորդն էլ ի՞նչ եք ուզելու ուտել ձեր ժողովրդին վաճառելու դիմաց: Այն ժողովրդին, որը դեռ այնքան հավատում է ձեր հորը ...

Խաբկանք 4. Միջազգային հանրությունը հետաքրքրված է տեսնելու ժողովրդավարական Հայաստան

Սրան այդքան էլ մի հավատացեք, աշխարհի հզորները ուզում են տեսնել իրենց ենթարկվող Հայաստան: Նրանք ուզում են ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ նախագահ, որ ցանկացած պահի կարողանան իրենց զեկույցներում հիշեցնել այդ մասին ու բանակցությունների սեղանին որպես խաղաքարտ օգտագործել:

Խաբկանք 5. Կուսակցությունը հայտարարում է, որ ինքն ունի գաղափարախոսություն

Ի՞նչ կապ ունեն այսօրվա իշխանության մեջ գտնվող դաշնակցականները իրենց գաղափարախոսության հետ: Որեւէ կապ չկա, նրանք դարձել են սովորական նյութապաշտներ իրենց կալվածքներով, առանձնատներով:

Իսկ իրենց Նժդեհի հետնորդներ հռչակածնե՞րը:

Պարոնայք հանրապետականները, հուսով եմ, կհամաձայնվեն (եթե չհամաձայնվեն էլ, ոչինչ), որ ըստ Գարեգին Նժդեհի` թե ' մեր ազգի առաջ ծառացած խնդիրների պատճառները, եւ թե ' նրանց լուծումները պետք է փնտրել մեզանում: Հույսներս Արեւմուտքի կամ էլ «եղբայրական» Ռուսաստանի վրա դնելը այնքանով, որքանով դա մեզ մոտ է տեղի ունենում, ամբողջովին հակասում է նժդեհական այս ամենակարեւոր թեզին: Ռուսամետ ենք` հայամետ չդարձած: Ամերիկամետ ենք` հայամետ չդարձած: Եւ, վերջապես, թուրքամետ ենք` հայամետ չդարձած. ճիշտ պատկերը այն թվականների, որի ժամանակ մեծն Նժդեհը գրում էր իր տողերը: Ահավասիկ, անցավ 80 տարի... Բան չսովորեցինք: Խե~ղճ Նժդեհ ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter