HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանը հատած ադրբեջանցին ազատ արձակվեց

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 23-ին ավարտվեց այս տարվա հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի  ՀՀ պետական սահմանային անցակետերը շրջանցելով,  հայ-վրացական պետական սահմանը հատած ազգութայամբ ադրբեջանցի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Թուրգայ Միքայիլովի գործի քննությունը:

 35-ամյա Միքայիլովին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հինգ ամիս շարունակ տարբեր պառճառաբանություններով անընդհատ հետաձգվող դատական նիստը թեև մեկուկես ժամ ուշացումով, բայց վերջապես կայացավ:

Նիստը վարում էր դատավոր Նարինե Հովակիմյանը: Դատարան էր հրավիրվել ադրբեջաներենի թարգմանիչ: Մեղադրական կողմը ներկայացնում էր դատախազ Հայկ հակոբյանը, մեղադրյալի շահերը պաշտպանում էր հանրային պաշտպան Սասուն Մխիթարյանը:

Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ մեղադրյալը ծնվել է 1980 թ.-ի սեպտեմբերի 23-ին, բնակվում է Վրաստանի Բոլնիսի շրջանում, ամուսանացած է, ունի երեք անչափահաս երեխա. 5, 3 տարեկան և 3 ամսական: Վերջինս ունի միջնակարգ կրթություն, զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի շուրջ 90 գլուխ ոչխար:

Պաշտպանը թարգմանչի միջոցով պաշտպանյալից ճշտեց, թե երբվանի՞ց է գտնվում արգելանքի տակ: Վերջինս պատասխանեց, որ հուլիսի 22-ի երեկոյան են բռնել, թե կոնկրետ որ ժամին, չի հիշում:

Սրա մասին պաշտպանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Գործի նյութերի համաձայն արգելանքի սկիզբը հաշվարկվում է  հուլիսի 25-ից, բայց գործի նյութերից փաստացի երևում է, որ արգելանքի տակ է վերցվել ոչ թե հուլիսի 25-ին, այլ 22-ին»:

«Եթե մենք հիմք ընդունենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտելու փորձ կատարելու վերաբերյալ արձանագրությունը, այն թվագրված է հուլիսի 23-ով: Ճի՞շտ է հիշում ամբաստանյալը»,- հարց ուղղեց դատավորը:

Ճշգրտող հարցից հետո պարզ դարձավ, որ ամբաստանյալն այնուամենայնիվ բերման է ենթարկվել հուլիսի 23-ին:

«Փաստորեն անձը բերման է ենթարկվել հուլիսի 23-ին, քրեական գործ հարուցվել է 25-ին և մինչ այդ ինքը փաստացի արգելանքի տակ է գտնվել»,- նշեց պաշտպանը:

Ավելի ուշ պաշտպանական կողմը միջնորդեց գործի քննությունն անցկացնել դռնփակ դատական նիստում: Իր միջնորդությունը վերջինս հիմնավորեց այսպես.

«Ճիշտ է, ես խորհրդակցել եմ իմ պաշտպանյալի հետ, նրա հետ տեսակցություն եմ ունեցել, բայց չի բացառվում, որ դատաքննության ժամանակ նա կարող է հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք առնչվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը»:

Պաշտպանյալի միջնորդության մասին հարցվեց նաև ամբաստանյալի կարծիքը: Նա թարգմանչի միջոցով փոխանցեց՝ այսպես էլ է բավարար:

«Դու բացատրի, որ դահլիճում են գտնվում լրագրողներ, որոնք դռնփակ դատական նիստի քննության ընթացքում, եթե դատարանը որոշում կայացնի և բավարարի մեր միջնորդությունը, լրագրողները դուրս են գալու դահլիճից»,- թարգմանչին հուշեց պաշտպան Ս. Մխիթարյանը:

Ասվածը թարգմանելուց հետո թարգմանիչը փոխանցեց՝ ասում է՝ թող դուրս գան:

Դատախազը նշեց, որ հարցի որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը, չբացառելով, որ մեղադայլի ասածները կարող են առնչվել երկրի ազգային անվտանգությանը:

Լսելով պաշտպանական կողմի միջորդությունն ու հաշվի առնելով մեղադրողի կարծիքն այդ միջնորդության վերաբերյալ, դատարանը որոշում կայացրեց գործը քննել դռնփակ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից:

Դատը շարունակվեց առանց լրագրողների: Շուրջ մեկ ժամ տևած դռնփակ նիստից հետո հայտարարվեց. էլի մեկ ժամ ու կհրապարակվի դատավճիռը:

Իսկ դատավճիռն այսպիսին էր. Թուրգայ Միքայիլովին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 5 ամիս ժամկետով, պատժի սկիզբը հաշվել 2015 թ.-ի հուլիսի 23-ից՝ փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:Խափանման միջոց կալանավորումը վերացնել և Թուրգայ Միքայիլովին անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում դատավճռով նախատեսված պատիժն ամբողջությամբ կրած լինելու հիմքով:

5-օրյա ժամկետում դատավճռի ադրբեջաներենով օրինակը կտրամադրվի ադրբեջանցուն ու վերջինս կվերադառնա ընտանիք:

Նիստի ավարտին դատավորի հարցին, թե հարցեր կան, Թ. Միքայիլովը թարգմանչին խնդրեց փոխանցել՝ շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter