
Ինչու բնապահպանության նախարարությունը չի կարողանում կանխել սիգի գողությունը
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց, որ Սևանա լճի վերաբերյալ հնչած կարծիքները, թե վիճակը լավ չէ, սիրողական բնույթ ունեն։ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմել է 1900.21մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13մ) բարձրացել է 8 սմ-ով, իսկ տարեսկզբի (01.01.2015թ) համեմատությամբ բարձրացել է 8 սմ-ով:
Նախարարի խոսքով, Արփա-Սևան թունելի շինարարությունը դեռ խնդիր է առաջացնում լճի համար, սակայն երբ ավարտին հասնի թունելի շինարարությունը, շատ արագ կարելի է հասնել սահմանված նիշին։ Արամայիս Գրիգորյանը նաև ասաց, որ ավելացել է Սևանի թափանցելիությունը՝ 8-11մ, արագացել է ինքնամաքրման գործընթացը։
605 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ։ Ավելացել է ձկան, մասնավորապես սիգի պաշարները։
«Ցավալի է մեզ համար, որ կատարվում է լուրջ գողություն։ փողոցներում տեսնում ենք, որ վաճառվում է սիգ տեսակի ձուկ, եթե դուք տեսնում եք, պետք է նկարեք, մարդկանց պատկերները ցույց տաք և մարդիկ ամաչեն և նմանատիպ գործունեություն չիրականացնեն»,-ասաց նախարարը։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք նախարարությունն ու ոստիկանությունն անզոր են, որ նախարարը դիմում է լրագրողների օգնությանը, և տարիներ շարունակ չի լուծում սիգի գողության խնդիրը, նախարարը փորձեց արդարանալ․ բնապահպանական պետական տեսչությունը առգրավում է, տույժեր է կիրառում, բայց սա պետք է ազգովի պայքարի վերածել։
«Այնպես չէ, որ մենք անզոր ենք, մենք օգտագործում ենք մեր բոլոր ռեսուրսները։ Խնդիրն այն է, որ այսօրվա վիճակով մեր աշխատակիցների մեծ քանակություն չունենք, ռեսուրսները մեծ չեն, միայն ոստիկանական ուժերով պայքարել դրա դեմ արդյունավետ չէ»,-ասաց նախարարը։
Ըստ նրա, եթե սիգի պահանջարկը նվազի, խնդիրը կլուծվի։ Բացթողում կա նաև օրենսդրությունում, այն է՝ տեսչությունը միայն տուգանելու լիազորություն ունի։
«Եթե մենք կարողանանք երկու տարով փակել Սևանա լիճը, մենք երկու տարի հետո հստակ կարող ենք խոսել արդյունաբերական գործունեության մասին»,-ասաց նախարար Գրիգորյանը։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել