HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է՝ արդեն մարդկանց հոգիներում եւ մտքերում

Արիֆ Յունուսով

2006թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին «Ստերեոտիպերի հաղթահարում եւ ընդհանուր տեղեկատվական տարածության ձեւավորում» նախագծի շրջանակում «Ղարաբաղյան հակամարտություն» խնդրի վերաբերյալ հրապարակվեց ադրբեջանցի եւ հայ փորձագետների 8 հարցազրույց ՝ յուրաքանչյուր կողմից չորսական։

Ընդ որում ՝ կար նախնական պայմանավորվածություն, որ փորձագետները պետք է պատասխանեն չորս թեմաների վերաբերող միեւնույն հարցերին։ Այնուհետեւ այդ պատասխանները պետք է վերլուծվեն ՝ հասկանալու համար, թե փորձագետների պատասխանները որքանով են արտահայտում հասարակական տրամադրությունները։ Անշուշտ, անհնար է, հիմնվելով ընդամենը 8 հարցազրույցի վրա, ամբողջական տեղեկատվություն ստանալ Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակություններում առկա տրամադրությունների մասին։ Դրա համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ շատ ավելի մեծ ծավալի նյութ, որը կարտացոլեր երկու հասարակություններում առկա կարծիքների եւ դիրքորոշումների ավելի ընդարձակ սպեկտր։

Այդուհանդերձ, հաշվի առնելով փորձագետների բարձր մակարդակը եւ հասարակության մեջ նրանց ունեցած կշիռը, այդ հարցազրույցների հիման վրա կարելի է անել որոշակի եզրակացություններ։ Հարցազրույցները դիտարկենք ըստ առանձին թեմաների ՝ վերլուծելով եւ համեմատելով կողմերի դիրքորոշումները։

Հակամարտություն եւ հասարակություն

Ըստ փոխադարձ համաձայնության` ղարաբաղյան թեման բացեցին իրենց հասարակություններում հայտնի փորձագետներ Զաֆար Գուլիեւը եւ Լյուդմիլա Հարությունյանը։ Այլ կերպ ասած` այս թեմայի վերաբերյալ պատասխանները պետք է պատկերացում տային այն մասին, թե ինչ կարեւորություն ունի ղարաբաղյան հակամարտությունը երկու հասարակությունների համար եւ ինչ ազդեցություն է թողնում այդ հասարակությունների կյանքի վրա։

Փորձագետներից յուրաքանչյուրի պատասխանները հիմնականում արտացոլում են իր հասարակության մեջ առկա մոտեցումը հակամարտության էության նկատմամբ։ Այսպես` ադրբեջանցի փորձագետը կասկած չունի, որ «հակամարտությունը նախաձեռնված է հայերի կողմից»։ Իր հերթին, հայ փորձագետը սովորականի պես իր հայացքը դարձնում է հեռավոր անցյալին` վստահեցնելով, թե Ղարաբաղի համար ադրբեջանցիների հետ հակամարտությունը ծագել է դեռ 19-րդ դարի սկզբին եւ անցել զարգացման մի քանի փուլերով, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար։ Իհարկե, նա հիշում է նաեւ 1915 թվականի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հետ ուղղակի առնչություն չեն ունեցել, բայց հայերի տեսակետից` ղարաբաղյան հակամարտությունը փաստորեն հենց այդ ողբերգական իրադարձությունների շարունակությունն է։

Հայ փորձագետի պատասխանները շատ ավելի ընդարձակ են եւ ծավալուն նյութ են տալիս ժամանակակից հայ հասարակության մեջ առկա առասպելների մասին։ Նրա մեկնաբանության մեջ ադրբեջանցիների համար տեղ չի գտնվում։ Կա միայն հայկական ճշմարտությունը եւ ցավը։ Ինչպես մատնանշված է Հարությունյանի պատասխաններում, հայը հաղթել եւ վերցրել է այն, ինչ նրանից խլվել էր ։ Հետաքրքրական է, որ հայ փորձագետն իր պատասխաններում ստեղծել է նոր առասպելներ։ Մասնավորապես, նրա հարցազրույցից ընթերցողն իմանում է, որ « Եղեռնից հետո, Հայրենական Մեծ Պատերազմը հայերի համար հաղթանակի առաջին հնարավորությունն էր »։ Օրինակն արտասովոր եւ զարմանալի է, քանի որ խոսքը ? ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի, այլ ոչ թե Հայաստանի պատերազմի մասին է` էլ չասելով, որ այդ պատերազմում 20 հազար հայեր կռվում էին ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Այսինքն ՝ հայերի մեծ մասը կռվում էր Խորհրդային բանակի կազմում, իսկ փոքր մասը ՝ ֆաշիստական Գերմանիայի։ Եւ դրանից հետո ոչ հայ ընթերցողի համար այնքան էլ հեշտ չէ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունը ընկալել որպես « հայերի համար հաղթանակի առաջին հնարավորություն »։ Թեեւ, մյուս կողմից, ժամանակակից հայ հասարակության համար խիստ բնութագրական է այն փաստը, որ ղարաբաղյան թեմատիկայի քննարկման ժամանակ հայ փորձագետը ներգրավում է 1941-1945թթ. Հայրենական պատերազմի, ինչպես դրանից առաջ ՝ 1915 թվականի թեման։

Միեւնույն ժամանակ Լյուդմիլա Հարությունյանի պատասխաններն օգնում են հասկանալ հայերի մեծ հույսերը, երբ պատերազմի հաղթական ավարտից հետո նրանք սպասում էին, որ աշխարհը կճանաչի այդ հաղթանակը, իսկ Ադրբեջանը ՝ իր պարտությունը։ Ինչպես պատկերավոր նշում է հայ փորձագետը. «Խ րամատներում ղարաբաղյան խնդիրը լուծելուց հետո մենք արագ փաթեթավորեցինք այն, վազեցինք բանակցությունների սեղանի մոտ եւ ասացինք` մենք հաղթել ենք, ճանաչեք մեր հաղթանակը։ Բայց հաղթանակը չճանաչվեց, եւ այդպիսով կոտրվեց ժողովրդի ոգին »։ Այս առիթով միտքս է գալիս մի հատված «Դաշնակցություն» կուսակցության ղեկավարներից մեկի եւ 1918թ. անկախ Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու գրքից, որը հրատարակվել է 1923թ. Բուխարեստում. «Մենք տարված էինք հաղթանակով, մենք համոզված էինք, որ մեր նվիրվածության, մեր ջանքերի եւ օգնության համար Ռուսաստանի կառավարությունը մեզ կշնորհի Հայաստանի ինքնավարությունը, որը բաղկացած կլինի Թուրքիայի եւ անդրկովկասյան Հայաստանի ազատագրված հայկական տարածքներից։ Մեր միտքը պատված էր մշուշով։ Մեր սեփական ցանկությունները մենք պարտադրում էինք ուրիշներին, ինքնահիպնոսի ազդեցության տակ դադարել էինք հասկանալ իրականությունը եւ հանձնվել էինք երազանքներին։ Մենք գերագնահատում էինք հայ ժողովրդի ուժը, քաղաքական եւ ռազմական նշանակությունը, ինչպես նաեւ` ռուսներին ցուցաբերած օգնությունը։ Գերագնահատում էինք մեր միանգամայն համեստ արժանիքները, բնականաբար չափազանցում էինք նաեւ մեր հույսերն ու սպասելիքները»։ 1918-1920թթ. դաշնակցական առաջնորդներից եւ Հայաստանի ղեկավարներից մեկի այս ընդարձակ դատողությունը հատուկ բերված է այն նպատակով, որպեսզի ցույց տրվի, թե որքան նման են հայերի արձագանքը եւ հոգեբանությունը ադրբեջանցիների հետ 20-րդ դարի սկզբում եւ վերջում տեղի ունեցած հակամարտությունների սկզբնական փուլում։ Սա կարեւոր է նաեւ ադրբեջանցիների համար, որպեսզի նրանք հասկանան այն մեծ հիասթափությունը, որ ունեցան հայերը 20-րդ դարի սկզբում եւ վերջում։

Մյուս կողմից ՝ երկու փորձագետներին միավորում է կարգավորման հարցում հասարակության ազդեցության չափի նկատմամբ ունեցած հոռետեսությունը։ Ադրբեջանցի փորձագետը վստահ է, որ Հեյդար Ալիեւի եւ նրա հետեւորդի ավտորիտար ռեժիմը սեփականաշնորհել է «այդ խնդրի լուծման իրավունքը» եւ ստիպված է եզրակացնել, որ «ղարաբաղյան հակամարտությունը մեծ ազդեցություն չի թողնում ադրբեջանական հասարակության կյանքի վրա»։ Այս տեսակետը համահունչ է հայ փորձագետի դիրքորոշմանը, որն ընդգծում է, որ այսօր պատերազմող ժողովուրդները հեռացված են խնդրի լուծումից, ինչը «մեծ ազդեցություն է թողնում հասարակությունների վրա»։

Միաժամանակ, հոռետեսորեն տրամադրված ադրբեջանցի փորձագետը հակամարտության արդյունքներում կողմերից եւ ոչ մեկի համար որեւէ դրական բան չի տեսնում։ Այնինչ հայ փորձագետն ավելի իրատեսական է։ Նա ընդգծել է, որ հայերի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ վերջապես նրանք ձերբազատվեցին զոհի բարդույթից։ Իսկ ադրբեջանցիների համար, ըստ նրա, դրական արդյունք էր ղարաբաղյան հակամարտության շնորհիվ տեղի ունեցած կոնսոլիդացումը։ Դա պատճառ դարձավ, որպեսզի ադրբեջանցիները լրջորեն խորհեն պարտության պատճառների շուրջ եւ սկսեն մտածել սփյուռքի ստեղծման մասին։

Հստակ երեւում է, որ փորձագետներից եւ ոչ մեկին չի հետաքրքրում մյուս կողմի դիրքորոշումը, եւ որ խնդրի հետագա կոնսերվացումը եւ ներկա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը վտանգավոր է ինչպես երկու հասարակությունների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Յուրաքանչյուրը ելնում է սեփական կողմի հաղթանակի հնարավորությունից։ Միակ տարբերությունն այն է, որ շատ ավելի հոռետեսորեն տրամադրված ադրբեջանցի փորձագետը չի հավատում, թե Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տնտեսական առավելությունն անպայման մոտ ապագայում կհանգեցնի ռազմական առավելության եւ կապահովի Ղարաբաղի վերադարձը Բաքվի իրավասության տակ։ Հայ փորձագետն ավելի լավատեսորեն է տրամադրված եւ վստահ է, որ, սխալներ թույլ չտալու դեպքում, ժամանակը կաշխատի Ղարաբաղի հայերի օգտին։ Դրա համար պետք է, որ Ղարաբաղը, անգամ անավարտ հակամարտության պայմաններում, դառնա ժողովրդավարական հասարակություն, եւ այնժամ հայերը կկարողանան միջազգային հանրության հետ խոսել « նրանց իսկ լեզվով » եւ կհասնեն իրենց նպատակին։

Երկու փորձագետներն էլ համաձայն են, որ այսօր հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները չեն ճանաչում իրար։ Սակայն, եթե ադրբեջանցի փորձագետը դրա համար մեղադրում է երկու հասարակություններին էլ, ապա հայ փորձագետը վստահ է, որ հայերն ադրբեջանցիների նկատմամբ տրամադրված են ավելի դրականորեն եւ հանդուրժողաբար, քան ադրբեջանցիները հայերի նկատմամբ։ Նա ձեւակերպում է հիմնական պատճառը` թշնամու կերպարի ձեւավորման հարցում Ադրբեջանը գործում է պետական մակարդակով։

Ընդհանրապես, ակներեւ է երկու փորձագետների հայացքների տարբերությունը։ Ադրբեջանցին ակնհայտորեն տրամադրված է հոռետեսորեն եւ չի հավատում ո՛չ մոտակա ապագայում հակամարտության կարգավորման տարբերակ գտնելու հնարավորությանը, ո՛չ էլ երկու ժողովուրդների փոխհարաբերությունների բարելավմանը։ Հայ փորձագետն ավելի լավատես է։ Նրա համար պատերազմն այլեւս անցյալ է, ղարաբաղյան հարցը լուծված է հօգուտ հայերի եւ մնում է սպասել մինչեւ այն օրը, երբ Ադրբեջանը, այնուամենայնիվ, կճանաչի Ղարաբաղի անկախությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը եւ միջնորդները, աշխարհաքաղաքական դերակատարները

Հաջորդ թեման ուղղակիորեն կապված էր բանակցությունների գործընթացի եւ միջնորդների ու աշխարհաքաղաքական դերակատարների հետ։ Ընդ որում, շատ կարեւոր է, որ երկու հարցազրույց տվողներն էլ ՝ Հիքմեթ Հաջի-զադեն եւ Մանվել Սարգսյանը, բանակցությունների գործընթացին լավատեղյակ փորձագետներ են։ Նրանք կասկած չունեն, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց դուրս է եկել իրենց տարածաշրջանի սահմաններից եւ առնչվում է բազմաթիվ ուրիշ, այդ թվում ՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների աշխարհաքաղաքական շահերին։ Եւ դրանք պարզ առնչություններ չեն։ Հայ փորձագետը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն համընդհանուր, միջազգային համաձայնության դեպքում։ Եթե կարգավորումը չբավարարի շահագրգռված երկրներից որեւէ մեկին, ապա այն երբեք տեղի չի ունենա ։

Դրա հետ միասին, երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ որոշակի երկրների բռնած դիրքին, մեր փորձագետների պատասխաններում անխուսափելիորեն արտահայտվում են հասարակություններում տիրող կարծիքները։ Ադրբեջանցի փորձագետը կասկած չունի, որ արեւմտյան եւ առաջին հերթին ՝ եվրոպական երկրների ցանկությունը հակամարտության շուտափույթ կարգավորումն է։ Մինչդեռ Ռուսաստանին եւ Իրանին այդպիսի հեռանկարը ձեռք չի տալիս։ Այս երկրները չեն ցանկանում, որ տարածաշրջանը դուրս գա իրենց ազդեցության շրջանակից, ուստի նրանք « շահագրգռված են ներկա ստատուս քվոյի եւ տարածաշրջանում լարվածության պահպանմամբ, ինչը խոչընդոտում է նորմալ զարգացմանը, համագործակցությանը եւ Արեւմուտքի թափանցմանը տարածաշրջան»։

Ընդհակառակը, հայ հասարակության մեջ վերոհիշյալ երկրները վայելում են համակրանք, եւ դա, բնականաբար, դրսեւորվում է հայ փորձագետի պատասխաններում, որը նույնպես համակրանքով է վերաբերվում այդ երկրներին։

Հաջորդ հարցերին փորձագետների տված պատասխաններում նույնպես դրսեւորվում են էթնիկական ծագումը եւ երկրում ընդունված մոտեցումները։ Այսպես` ադրբեջանցի փորձագետը ծայրահեղ հոռետեսությամբ է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որի ներուժը գնահատում է «չնչին»։ Եւ ղարաբաղյան, ինչպես նաեւ ՎՈՒԱՄ-ի երկրների մյուս հակամարտությունների (աբխազականի եւ մյուսների) քննարկման տեղափոխումը ՄԱԿ, շատ ադրբեջանցիների նման, ընկալում է դրական։

Հասկանալի է, որ հայ փորձագետը ճիշտ հակառակ կարծիքին է։ Նա բարձր է գնահատում Մինսկի խմբի դերն ու գործունեությունը եւ բացասաբար է վերաբերվում հարցի տեղափոխմանը ՄԱԿ ՝ վստահ լինելով, որ այդ փոփոխությունը ոչինչ չի տա կարգավորման գործընթացին։ Ավելին, նա վստահ է, որ Հայաստանը կարող է տուժել այդ տեղափոխումից, քանի որ ՄԱԿ-ի անդամները հակամարտությանը կմոտենան ՝ ելնելով սեփական շահերից, եւ կարող են ծախել իրենց ձայնն այն երկրին, որից կարող են օգուտ ստանալ ։

Երկու փորձագետներն էլ անկարող են հրաժարվել այն ստերեոտիպերից եւ հայացքներից, որոնք լայնորեն տարածված են երկու հասարակություններում եւ, մասնավորապես, վերաբերում են հակամարտության կարգավորման հարցին։ Փորձագետները հավատացած են, որ որոշակի պայմանների առկայության դեպքում ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել։ Բայց առաջարկում են կարգավորման ճիշտ հակադիր եղանակներ։ Ադրբեջանցի փորձագետը համարում է, որ կարգավորման հիմնական պայմանը Ադրբեջանի եւ Հայաստանի իրական ժողովրդավարացումն է։ Դրանով Ադրբեջանի գործառույթները հակամարտության կարգավորման գործընթացում ավարտվում են, ապա գալիս են մյուս կողմին ներկայացվող պահանջները։ Առաջին ՝ բավական չէ, որ Հայաստանը, Ադրբեջանի նման, դառնա ժողովրդավարական։ Անհրաժեշտ է, որ նա վերափոխվի «իրապես անկախ երկրի», որ «հրաժարվի շրջապատող աշխարհի նկատմամբ ռեւանշիստական հայացքներից», ինչպես նաեւ չլինի ռուսական արբանյակ։ Բնականաբար, պահանջներ են ներկայացվում նաեւ Ռուսաստանին, որը նույնպես պետք է դառնա ժողովրդավարական երկիր եւ վերափոխվի։

Հասկանալի է, որ այս հարցում եւս հայ փորձագետի կարծիքը ճիշտ հակառակն է։ Նա վստահ է, որ կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել միայն այն պատճառով, որ ի սկզբանե Ադրբեջանը պատրաստ չէր կարգավորման , որ նա պատրաստ չէ ինչ-որ բան տալ ինչ-որ բանի փոխարեն, քանի որ տալու բան չունի էլ ։ Հայ փորձագետը ոչինչ չի ասում երկու հասարակությունների ժողովրդավարացման մասին, այդ գործոնն առհասարակ դուրս է մնում նրա հարցազրույցից եւ, ամենայն հավանականությամբ, որոշիչ չէ։ Նա ակնհայտորեն ելնում է տեղի ունեցած մարտերի եւ Հայաստանի ռազմական հաղթանակի փաստից։ Ինչպես եւ հայ հասարակության շատ ուրիշ անդամների համար, դա գլխավոր գործոնն է, որի հետ պետք է հաշվի նստի թե՛ աշխարհը, թե՛ հատկապես Ադրբեջանը։ Այդպես բացահայտ եւ առանց հայերի կողմից փոխզիջման մասին որեւէ ակնարկի՝ հայ փորձագետը նշում է. «Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը ճանաչի իր պարտությունը »։

Ղարաբաղյան հակամարտությունը եւ անվտանգության հարցեր

Քննարկման հաջորդ թեման մեր հասարակությունների եւ ժողովուրդների անվտանգության խնդիրն է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պայմաններում։ Այստեղ փորձագետի դերում հանդես են եկել անկախ քաղաքագետ Իլգար Մամեդովը եւ Հայաստանի դաշնակցական գործիչներից մեկը ՝ Կիրո Մանոյանը։ Եւ դարձյալ մենք բախվում ենք այն հանգամանքին, որ փորձագետների հայացքների վրա ուժեղ ազդեցություն են թողնում հասարակության մեջ տիրող տրամադրությունները։ Միակ տարբերությունն այն է, որ, ի հակադրություն նախորդ ադրբեջանցի փորձագետների, Իլգար Մամեդովը շատ լավատեսորեն է տրամադրված Ադրբեջանի հեռանկարների նկատմամբ։ Ինչպես եւ շատ ադրբեջանցիներ, նա հավատում է, որ շատ շուտ, արդեն երկու-երեք տարուց, Ադրբեջանը նկատելիորեն կուժեղանա, եւ այդ հանգամանքը նրան առավելություն կտա հակամարտության կարգավորման հարցում։ Այս առնչությամբ նա կասկածում է, թե Կոսովոյի ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի դերքերին Ղարաբաղի հարցում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Ադրբեջանի ուժեղ դիրքերն արդեն այսօր հաշվի է առնում Ռուսաստանը, որը Կոսովոյի կապակցությամբ սպառնում է միջազգային հանրությանը, թե կճանաչի Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի անկախությունը, բայց չի հիշատակում Ղարաբաղը։ Այլ կերպ ասած ՝ այսօր Ռուսաստանը Ղարաբաղի հարցում ավելի չեզոք դիրք է գրավում, եւ դրանով իսկ, ըստ Իլգար Մամեդովի, Ադրբեջանը ստանում է ղարաբաղյան հակամարտությունը հաջողությամբ լուծելու հնարավորություն ՝ միայնակ պատերազմի մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության հետ ։

Նա նաեւ վստահ է, որ Բաքու-Ջեյհան նավթատարը ծառայում է միայն տարածաշրջանի խաղաղությանը եւ բարգավաճմանը։ Ճիշտ է, Հայաստանը դուրս է մղվել այդ ընթացքից, բայց, ինչպես եւ ամբողջ ադրբեջանական հասարակությունը, Իլգար Մամեդովը դրա համար մեղադրում է հենց Հայաստանին, որը « սեփական նվաճողական քաղաքականության պատճառով » ինքն իրեն դրել է տարածաշրջանային զարգացման շրջանակից դուրս։ Դրա հետ միասին, Բաքու-Ջեյհան նավթատարը Արբեջանին թույլ է տալիս դառնալ է՛լ ավելի ուժեղ եւ, ինչպես սպառնում է ադրբեջանցի փորձագետը, ավելի է « մեծացնում մեր երկրի շանսերը` Հայաստանի վրա գործադրվող ռազմաքաղաքական ճնշման միջոցով արդարացիորեն լուծելու ղարաբաղյան հակամարտությունը »։ Բնականաբար, պատերազմից կարելի է խուսափել, եթե « Հայաստանում գերիշխի ողջախոհությունը »։

Հայ փորձագետը, թեեւ համարելով, որ Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի հայերի դիրքը ղարաբաղյան հարցում, այդուհանդերձ գերադասում է զուգահեռներ տանել Բեռլինի պատի կործանման հետ։ Չէ՞ որ, « ինչպես գերմանացի ժողովրդին էին բռնի ուժով բաժանել երկու մասի, այդպես էլ հայ ժողովրդին »։ Եւ, ինչպես շատերը Հայաստանում, Կիրո Մանոյանը վստահ է, որ « ղարաբաղյան խնդիրն այսօր չի լուծվում ոչ թե այն պատճառով, որ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղարաբաղը, այլ որովհետեւ Ադրբեջանը խոչընդոտում է կարգավորմանը »։ Բնականաբար, Բաքու-Ջեյհան նավթատարի գործոնին հայ փորձագետն այլ կերպ է վերաբերվում. «Ն ավթատարը կարող է ինչպես նպաստել խաղաղության հաստատմանը, այնպես էլ պատերազմի առիթ դառնալ »։ Իհարկե, նա հասկանում է, որ նավթատարի շնորհիվ Ադրբեջանը կարող է շոշափելիորեն ուժեղանալ։ Բայց դա հայ փորձագետին չի վախեցնում, ընդհակառակը, նա նույնիսկ գտնում է սպառնալու հնարավորություն. Ադրբեջանը վերջնականապես կորցրել է Ղարաբաղը, իսկ նոր պատերազմը կբերի նոր կորուստներ, այդ թվում շարքից կհանի Բաքու-Ջեյհան նավթատարը ։ Նա կատարում է լավատեսական եզրակացություն` ի վերջո Ղարաբաղը կմիավորվի Հայաստանին ։

Բնականաբար, փորձագետները լիովին հակադիր հայացքներ ունեն ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ։ Ադրբեջանցի փորձագետը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման դեպքում ամբողջ Հարավային Կովկասը բոլորովին այլ տեսք կունենա. կլուծվեն մյուս տարածաշրջանային հակամարտությունները եւ տարածաշրջանը կբարգավաճի։ Սակայն, ադրբեջանցի փորձագետի կարծիքով, այդ ամենին խանգարում են միայն երկու գործոններ` Հայաստանի ղեկավարության եւ Ռուսաստանի պահպանողական շրջանակների տարածքային ախորժակները ։ Ընդ որում, իրադարձությունների նման զարգացման դեպքում, վերջիններս կկորցնեն իրենց ողջ ազդեցությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նա, ինչպես եւ շատ ադրբեջանցիներ, վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծումը նշանակում է` Հայաստանի կողմից զավթված մեր երկրի տարածքների ազատագրում, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների տրամադրում, որոնք կհաստատվեն թե՛ ադրբեջանական կառավարության, թե՛ միջազգային կառույցների, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաեւ խաղաղապահ ուժերի կողմից ։ Իսկ եթե միջազգային հանրությունը փորձի ստիպել, որպեսզի պատերազմի հետեւանքները եւ Հայաստանի հաղթանակը ճանաչվեն որպես ղարաբաղյան հարցի լուծման օրինական եւ ընդունելի միջոց, ապա այդ դեպքում հայերը հաստատ անվտանգության երաշխիքներ չեն ունենա, քանի որ ադրբեջանցիները երբեք դրա հետ չեն հաշտվի, ադրբեջանական հասարակությունը կդառնա ավելի արմատական, եւ նոր պատերազմը եւ նոր զոհերը պարզապես կդառնան անխուսափելի։

Հասկանալի է, որ հայ փորձագետն այս ամենի վերաբերյալ ունի հակադիր կարծիք։ Նրա համար ամեն բան ծայրահեղորեն պարզ է եւ հստակ. «Մ ենք պարզապես վերցրել ենք այն, ինչ պատկանում էր մեզ»։ Պարզապես մնում է, որ Ադրբեջանը ճանաչի իր պարտությունը եւ պատերազմի արդյունքում ստեղծված դե ֆակտո իրավիճակը իրավաբանորեն վավերացվի։ Հայ փորձագետը վստահ է, որ այդ ժամանակ երկու ժողովուրդներն այլեւս փոխադարձ սպառնալիքների պատճառ չեն ունենա ։

Ղարաբաղյան հակամարտությունը եւ ժողովրդավարացման գործընթացները

Փորձագետներին առաջարկված վերջին թեման վերաբերում է ղարաբաղյան հակամարտության ազդեցությանը հայ եւ ադրբեջանական հասարակությունների ժողովրդավարացման գործընթացների վրա։ Թեման բավական բարդ է եւ միեւնույն ժամանակ չի կարող ընդունվել որպես ամբողջ հասարակության տեսակետ, քանի որ փորձագետների հայացքների վրա, բացի էթնիկական գործոնից եւ հասարակության մեջ իշխող տրամադրություններից, ազդում է նաեւ նրա մերձությունը իշխանություններին կամ ընդդիմությանը։

Ինչեւէ, այս անգամ փորձագետների դերում են քաղաքագետներ Ֆիքրեթ Սադիխովը եւ Ստեփան Գրիգորյանը։ Վերոնշյալ գործոններն ակնհայտորեն դրսեւորվում են նաեւ այս փորձագետների պատասխաններում։ Պարզ երեւում է, որ ադրբեջանցի փորձագետի հայացքներն իշխանամետ են։ Հենց այդ պատճառով էլ նա վստահ է, որ Ադրբեջանի ժողովրդավարացումն ընթանում է արագ տեմպերով։ Իհարկե, նա հասկանում է, որ այդպիսի լավատեսական հայացքի հետ Ադրբեջանում ոչ բոլորը կհամաձայնեն, ուստի վերապահումներ է անում. «Ս խալ կլիներ ասել, թե հասարակության ժողովրդավարացման առումով մեր երկրում ամեն բան իդեալական է »։ Անշուշտ, նա համոզված է, որ դրա համար մեղավոր է ադրբեջանական ընդդիմությունը, որը « ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել իշխանությանը »։ Ապա ընդգծում է, որ երկրում կան տարբեր տեսակետներ, եւ կան նաեւ «մարդիկ, ովքեր համարում են, որ ժողովրդավարացման գործընթացները» ոչ միայն տեղի են ունենում, այլեւ «տեղի են ունենում արագացված տեմպերով»։

Այս առումով ակնհայտորեն գերադասելի է հայ փորձագետի դիրքորոշումը։ Նա իրատեսորեն մատնանշում է, որ այսօր, առավել եւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ժողովրդավարական պետություններ չեն։ Այնուհետեւ նա կանգ է առնում Հայաստանի իրադրության վրա եւ բնութագրում հայ հասարակության ժողովրդավարացման ընթացքը որպես լճացում եւ նմանակում ։ Ի տարբերություն ադրբեջանցի փորձագետի, նա նշում է, որ երկու երկրների իշխանություններն էլ օգտագործում են ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար։ Ավելին, երկու պետություններում էլ իշխանամետ ուժերը գործնականում ղարաբաղյան խնդիրը դարձրել են իրենց մենաշնորհը։

Նույնքան տարբեր են փորձագետների հայացքները Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման հետ միասին ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորության վերաբերյալ։ Ադրբեջանցի փորձագետը նշում է, որ Ադրբեջանում քաղաքագետների եւ փորձագետների մի մասն ունի այդպիսի կարծիք։ Բայց նրան նման հարցադրումը ճիշտ չի թվում, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն իրականում կապված է « մեր երկրի տարածքների մի մասը յուրացնելու՝ հայերի դարավոր ձգտումների » հետ։ Ուստի պետք չէ ղարաբաղյան հարցի լուծումը կախման մեջ դնել ժողովրդավարացման գործընթացներից։

Ընդհակառակը, հայ փորձագետը համարում է, որ միայն իրական ժողովրդավարացման եւ եվրոպական ինտեգրման, երկու երկրներում ազատ եւ բազմակարծիք հասարակությունների ձեւավորման դեպքում կգտնվեն ինչպես ղարաբաղյան, այնպես էլ Հարավային Կովկասի մյուս հակամարտությունների լուծումները։

Փորձագետների հայացքները նույնքան հակադիր են ղարաբաղյան հակամարտության պայմաններում հանդուրժողականության եւ մարդկային արժեքների նկատմամբ հարգանքի ձեւավորման հնարավորության առնչությամբ։ Ադրբեջանցի փորձագետը, հասարակության մեջ տիրապետող հայացքների եւ ստերեոտիպերի ոգով, հավատացած է, որ առաջացած հակամարտության ողջ պատասխանատվությունը բացառապես ընկնում է հայկական կողմի վրա, որը վերջին հարյուր տարվա ընթացքում արմատացրել է ատելություն թուրքերի եւ ադրբեջանցիների նկատմամբ։ Մինչդեռ Ադրբեջանում երբեք նման բան չի եղել, եւ ադրբեջանցիներն իրենց բնույթով հանդուրժող եւ համբերատար են։

Հայ փորձագետն ավելի իրատեսական եւ միաժամանակ հոռետես է։ Նա վստահ է, որ հակամարտության պայմաններում գործնականում անհնար է զարգացնել հանդուրժողականություն եւ հարգանք մարդու կյանքի նկատմամբ։ Առավել եւս, երբ երկու երկրների իշխանություններն էլ առանձնապես ջանքեր չեն թափում երկու ժողովուրդների փոխհարաբերությունների մթնոլորտը բարելավելու համար։

Ընդհանուր եզրակացություններ

Բոլոր հարցազրույցների վերլուծությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ փորձագետները ճշգրտորեն արտացոլում են հասարակություններում առկա հայացքները, ստերեոտիպերն ու առասպելները։ Հատկանշական է, որ ութ փորձագետներից միայն երկուսն են (Հիքմեթ Հաջի-զադեն եւ Ստեփան Գրիգորյանը) հակամարտության կարգավորման իրենց բոլոր հույսերը կապում երկու հասարակությունների ժողովրդավարացման գործընթացի հետ։ Սակայն ակնհայտ է, որ այդպիսի հայացքներն Ադրբեջանում եւ Հայաստանում բարձր չեն գնահատվում, եւ պատահական չէ, որ երկու փորձագետներն էլ հոռետես են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ։ Չէ՞ որ հասարակությունների ժողովրդավարացումը բավական երկար գործընթաց է, որը կապված է փոխզիջումներ կատարելու եւ հակադիր կողմի դիրքորոշումը հարգելու անհրաժեշտության հետ։

Մինչդեռ փորձագետների մեծամասնությունը ելնում է ղարաբաղյան հակամարտության մեջ հաջողության հասնելու հնարավորության վերաբերյալ այսօր Հայաստանում եւ Ադրբեջանում տիրապետող հայացքներից։ Հայկական կողմը խնդիրը համարում է դե ֆակտո լուծված, եւ բնավ պատահական չէ, որ նրանք գրեթե միաձայն կրկնում են, թե « մենք պարզապես վերցրել ենք այն, ինչ պատկանում է մեզ »։ Եւ հիմա նրանք սպասում են, թե երբ կճանաչի միջազգային հանրությունը հայերի հաղթանակը եւ, ի վերջո, Ղարաբաղը կմիավորվի Հայաստանին ։ Բայց նրանք շատ են ուզում, որ առաջին հերթին Ադրբեջանը ճանաչի իր պարտությունը ։

Ուրիշ կարծիք ունի ադրբեջանական կողմը. հակամարտության բորբոքման ամբողջ մեղքն ընկնում է հայերի վրա եւ կապված է « Հայաստանի ղեկավարության տարածքային ախորժակի հետ »։ Բացի այդ, ավանդաբար հետեւում են Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ, որի արբանյակն է Հայաստանը։ Բնականաբար, կողմերից յուրաքանչյուրը համարում է, որ ինքը հանդուրժող է, հակառակ կողմի նկատմամբ ատելություն չի սերմանում եւ մեղավոր չէ հակամարտության չկարգավորվածության համար։

Այսպիսով, թեեւ վերլուծության համար օգտագործվել են ընդամենը ութ փորձագետներից վերցված հարցազրույցներ, այդուհանդերձ, նույնիսկ այդ ոչ մեծ քանակությունը բավական է ՝ հասկանալու համար, թե երկու հասարակություններում իշխող հայացքներն ու ստերեոտիպերը ինչքան մեծ ազդեցություն են թողնում անգամ քաղաքագիտական վերնախավի վրա եւ, մյուս կողմից, որքան թույլ է ժողովրդավարական գործընթացների ազդեցությունը յուրաքանչյուր երկրի հասարակական գիտակցության վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter