Վանաձորում շարունակվեց անհետացած ավանդի գործով բողոքի քննությունը
Գայանե Սարգսյան
Դեկտեմբերի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, շարունակվեց «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի ավանդատու Մարինե Պարանյանի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի բողոքի քննությունը: Դատական նիստին ներկայացել էին Ա. Ոսկանյանը, դատախազ Ռուդիկ Մինասյանը և Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Զորիկ Բաբայանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ կողմերը, թե՛ դատարանը ծանոթ էին գործի նյութերին, դատարանը կողմերին առաջարկեց ներկայացնել իրենց դիրքորոշումները՝ դրանք հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման համար:
Ա. Ոսկանյանը նախ անդրադարձավ Մ. Պարանյանի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի գանձապահ Նունե Թունյանի հեռախոսահամարների վերծանման արդյունքներին, ըստ որի «հեռախոսահամարների վերծանումների զննություն կատարելու արդյունքում պարզվել է, որ նշված հեռախոսահամարները պարբերաբար կապ են հաստատել միմյանց հետ: Վարույթ իրականացնող մարմնի կողմից քննությանը հետաքրքրող այլ տեղեկություններ չեն ստացվել»:
«Քննիչը դիմել էր դատարան, դատարանը համաձայնություն էր տվել, որպեսզի ստանա զանգեր ընդունող ալեհավաքների գտնվելու վայրը: Նախաքննական մարմինը գտել է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե այդ հեռախոսները որ ալեհավաքների գոտում են սպասարկվել: Սա ուսումնասիրելու անհրաժեշտությունն առաջ էր եկել այն բանից հետո, երբ Մ. Պարանյանը նշել էր, որ այն օրը, երբ բանկում ստորագրվել է պայմանագիրը՝ այն է դեկտեմբերի 17-ին, ինքն ընդհանրապես քաղաքում չի եղել: Այսինքն՝ պետք է նայվեր, թե դեկտեմբերի 17-ին՝ պայմանագիրը կնքելու օրը Մ. Պարանյանի հեռախոսահամարը որտեղ է սպասարկվել: Դատարանը գտել է, որ սահմանադրական իրավունքների սահմանափակում պետք է տեղի ունենա, որովհետև հեռախոսահամարների զննության արդյունքում կարող են ի հայտ գալ գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր: Փաստորեն դատարանը թույլտվություն է տվել, որպեսզի ալեհավաքների գոտիներն էլ տան: Սկավառակը կա, որին առ այսօր մենք ծանոթ չենք»,-իր խոսքում նշեց Ա. Ոսկանյանը, ինչին ի պատասխան քննիչ Զ. Բաբայանը արձագանքեց.
«Քանի որ գործի քննության ընթացքում դա չի ունեցել ապացուցողական նշանակություն, այդ իսկ պատճառով ընդամենը հետաքրքրություն է առաջացել, թե արդյոք իրենք միմյանց զանգեր կատարել են, թե՝ ոչ»:
Ապա քննիչն անդրադարձավ այն հանգամանքին, որ Մ. Պարանյանը նշում է, թե դեկտմեբերի 17-ով թվագրված պայմանագիրն ինքն ստորագրել է դեկտեմբերի 25-ին: «Ինչպե՞ս ստացվեց, որ նա 2013թ.-ի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագիրը նոյեմբերի 6-ին ստորագրելով, դրել է հենց նոյեմբերի 6-ի ամսաթիվը, իսկ այս մյուս պայմանագիրը, որն իբր ստորագրել է դեկտեմբերի 25-ին, այդ ժամանակ չի գրել, որ դեկտեմբերի 25-ին է ստորագրել»:
«Ի վերջո, անհրաժեշտություն գտե՞լ եք ալեհավաքները ստուգելու»,- հարցրեց դատավորը:
«Արձանագրության մեջ վարույթ իրականացնող մարմինը նշել է, որ քրեական գործին վերաբերող տեղեկություններ չեն հայտնաբերվել, -նշեց դատախազ Ռ. Մինասյանը, շարունակելով,-այսօր իմ բջջային հեռախոսը կարող է մնալ Վանաձոր քաղաքում, բայց դա հստակ չի նշանակում, որ անձը եղել է այդտեղ: Դա ընդամենը չփարատված կասկած է, որը պետք է փարատվի հօգուտ մեղադրյալի կամ հայցվորի: Թեկուզ և հայտնաբերվեր, որ Մ. Պարանյանի հեռախոսը գտնվել է քաղաքից դուրս՝ Արմավիրում, դա ամենևին չի նշանակում, որ երեք հեռախոս ունեցող անձը պետք է անպայման լիներ Արմավիրում»:
«Այդ դեպքում ընդհանրապես նպատակը ո՞րն էր՝ դիմել դատարան, որպեսզի սահմանադրական իրավունքների սահմանափակում կիրառվի»,- զարմացավ պաշտպանը:
Ապա դատարանն անցավ բանկային փաստաթղթերի ու դրանցում առկա ստորագրությունների մասով փորձագետի կողմից տրված եզրակացության ուսումնասիրմանը:
«Մ. Պարանյանի դեպքում փորձագետը նշել է, որ հստակ չի կարող ասել՝ ինքն է ստորագրել, թե՝ ոչ, բայց Գնելի դեպքում նշել է, որ նա չի ստորագրել»,- նշեց Ա. Ոսկանյանը:
Զ. Բաբայանն էլ բարձաձայնեց փորձագետի եզրակացությունից մի հատված, որում նշված էր, որ Մ. Պարանյանի և նրա որդու՝ Գ. Պարանյանի ստորագրությունների միջև մի շարք նմանություններ ու տարբերություններ կան:
Հաջորդիվ Ա. Ոսկանյանն առաջ քաշեց Մ. Պարանյանի անվամբ կնքված պայմանագրերում առկա խախտումների հարցը, որոնք նախաքննական մարմինը որակել է որպես ընթացակարգային խախտումներ:
«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Մ. Պարանյանի անունով գրված բոլոր վարկային պայմանագրերը սպառողական կրեդիտավորման մասին օրենքի խախտումով են կնքվել, ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր պայմանագրերում կենտրոնական բանկը խախտումներ հայտաբերեց, ինչպե՞ս ստացվեց, որ ինչը վերաբերում է Մ. Պարանյանին, բանկի կողմից անընդհատ խախտումներ կան: Եվ դրանք դուք դիտարկում եք որպես ընթացակարգային խախտումներ: Ո՞նց եղավ, որ մեկ օրում երկու պայմանագիր է ստորագրվել: Այն պայմանագիրը, որտեղ Գնելի ստորագրությունը չէ, բոլոր էջերը ստորագրված են, մյուսում ստորագրված չեն բոլոր էջերը: Պայմանագրի ցանկացած էջի ստորին հատվածում պետք է ստորագրված լինի: Հիմա խախտում կա՞, թե՞՝ չէ», -հարց ուղղեց պաշտպանը:
«Ի՞նչ խախտում է, ո՞ր հոդվածն է խախտված, որ բոլոր էջերում չի ստորագրված, այլ միայն վերջին էջում, կորակե՞ք»,- հարցին հարցով պատասխանեց դատախազը:
«Դուք քրեական օրենսգրքի 214 հոդվածի հատկանիշներով քննություն արել եք»,- նկատեց պաշտպանը:
214 հոդվածի քննություն կատարվե՞լ է, թե՞՝ ոչ և հանցագործության հատկանիշներ հայտնաբերվե՞լ են, թե՞՝ ոչ, բանկի աշխատողների կողմից բանկի շահերին ի վնաս ի շահ իրենց գործողություններ կատարելու մասով, որով էական վնաս է պատճառվել: Դատավորի այս հարցին դատախազը պատասխանեց.
«Նախաքննական մարմինը որևէ ապացույց ձեռք չի բերել բանկի աշխատողների կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություն կատարելու կապակցությամբ, որը էական վնաս կարող էր պատճառել բանկին կամ անձին»:
Ապա պաշտպանն անդրադարձավ կնքված վերջին վարկային պայմանագրին, որը քրեական գործում բացակայում է:
«Բայց չէ որ 10 մլն-ը վերջին վարկային պայամանագրի արդյունքում է կորել: 214 հոդվածով քննում եք, բայց վարկային պայմանագիր չկա, մարդու 10 մլն-ը կորել է այդ պայմանագրով վարկային պատավորությունները չկատարելու համար, բայց այն քրեական գործից բացակայում է,- նշեց պաշտպանը՝ միջնորդելով-միջնորդում եմ, որպեսզի հետազոտվի քննիչի կողմից բանկի փաստաթղթերի առգրավում կատարելու արձանագրությունը, քննիչի գրությունն ու բանկի պատասխանը: Այսինքն, ըստ քրեական գործի նյութերի քննիչն այդ փաստաթուղթն առգրավել է, որը սակայն, գործից բացակայում է»:
«Վերջին գրավի պայմանագիրն ուսումնասիրելով՝ փորձագետը հստակ ասում է, որ ստորագրել է Մ. Պարանյանը:Եթե վարկ չի ստացել, ինչի՞ համար է մլն-ը գրավ դրել: Գրավի պայմանագրում հստակ երևում է՝ այսինչ վարկային պայմանագիր, գրավադրվեց՝ ստացավ»,- հակադարձեց դատախազը:
Պաշտպանը առաջ քաշեց նաև բանկի կողմից հայտատուի անվավեր անձնագրով գործարք կատարելու հարցը:
«Անձնագրի հետ կապված` քննչական վարույթ իրականացնող մարմինը հայտարարել էր, որ պայմանագերի ստորագրման ժամանակ Մ. Պարանյանի անձնագիրը վավերական է եղել: Մ. Պարանյանը հունվարի 9-ին ստացել է նոր անձնագիր: Եթե իմ անձնագիրը մինչև 2016թ.-ը վավերական է, տանեմ փոխեմ, դա չի նշանակում, որ նախորդն էլ է համարվում վավեր: Գոյություն չունեցող փաստաթուղթը ո՞նց կարող է վավերական լինել: «Ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքում նշված է, որ բանկը պարտավոր է ցանկացած գործարք կնքելիս նույնականացնել այդ անձին, ընդ որում՝ դա անել այնպիսի փաստաթղթով, որում առկա է լուսանկար: Հունվարի 9-ից այդ փաստաթուղթը գոյություն չունի, հունվարի 22-ին գոյություն չունեցող փաստաթղթի տվյալներով կնքում են պայմանագիր: Հարց է առաջանում, բանկն այդ ինչո՞վ էր շահագրգիռ, որ ակնհայտորեն խախտում էր փողերի լվացման մասին օրենքը»:
Դատական նիստի ընթաց քում քննարկվեց նաև Գ. Պարանյանի կողմից Մ. Պարանյանին տրված լիազորագրի բովադակության և կիրառման իրավաչափության, ինչպես նաև առանց վարկային կոմիտեի որոշման վարկ տրամադրելու հետ կապված հարցերը: Շուրջ երկու ժամ տևած դատական նիստի ավարտին դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքային օրն ավարտվել է, դատավորը հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 14-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել