Ինչպես է հնարավոր հայ հասարակության քննադատական ինքնառեֆլեքսիան
Աշոտ Ոսկանյան
Մարտի 17-ին «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով բավական արդիական ու հետաքրքիր թեմայով` «Բարոյագիտության խնդիրը եւ քննադատության հնարավորությունները»:
Գիտության եւ արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մտավորականները` արվեստաբան, փիլիսոփա, մշակութաբան, ներկայացրին Հայաստանում քննադատության մշակույթի ներկա վիճակը եւ խնդիրները: Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ գիտաժողովի բանախոսների ելույթների ամփոփումները:
Արժեքային համակարգը սոցիալական մարմնի մեջ կառուցվում է երեք հիմունքների վրա:
Առաջինը ավանդույթն է, երկրորդը` սոցիալական խմբերի համերաշխությունը, երրորդ եզրը անձնավորությունն է:
Ըստ գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի` հասարակության զարգացման աստիճանը չափվում է սոցիալական խմբերի համերաշխ լինելու ձգտումով եւ դրա հաստատումով, ինչը կնշանակի, որ սոցիալական խմբերի անդամները մեկը մյուսի նկատմամբ համերաշխ են, ունեն ընդհանուր շահի գիտակցություն եւ գործում են հանուն այդ ընդհանուր շահի: Ավանդույթը պետք է ռացիոնալ ձեւով իմաստավորվի, ինչ վերաբերում է անձնավորությանը, ապա նա պետք է լինի կանխատեսելի: Կանխատեսելիությունը կնշանակի ուղղորդվել սեփական սկզբունքներով, չդավաճանել այդ սկզբունքներին` դա հասարակության զարգազման կարեւոր չափանիշներից մեկն է:
Դիսկուրսի ( բառն ուղղակիորեն նշանակում է «դատողություն» ) էթիկան այսօրվա արեւմտյան հասարակության համար չափազանց կարեւոր է, էթիկա ասելով չպետք է հասկանանք բարոյականության մասին մեր պատկերացումները, իմաստն այլ է` պատրա՞ստ ենք մենք այսօր այդ պատկերացումները դնել քննարկման եւ ընդունել, որ դիմացինն ունի ուրիշ պատկերացումներ, ընդունել ոչ միայն ուրիշի սխալը, այլ սեփական սխալներն ու մոլորությունը: Դիսկուրսի բռնությունը լավագույն փաստարկի բռնությունն է: Սա վերաբերում է սոցիալական կազմակերպման եվրոպական մոդելին: Մեզանում` հայաստանյան հասարակության մեջ, այդ մոդելը չի գործում: Չի գործում, քանզի մենք հիմնովին եվրոպացի չենք, եւ ինչու՞ մենք եվրոպացի չենք:
Ընդունելով թվարկված սոցիալական գոյության երեք հիմունքները` ավանդույթը, սոցիալական խմբերի համերաշխությունը եւ անձնավորության վստահելիությունը, անդրադառնանք հայաստանյան հասարակական կազմակերպմանը: Կարելի է ասել, որ մենք սկզբունքորեն չենք ընդունում այդ մոտեցումները` համարելով, որ հակառակն է ճիշտ:
1. Մենք համարում ենք, որ ավանդույթը անձեռնմխելի է, օրինակ` Եղիշեն, Խորենացին անսասան արժեքներ են եւ փորձն իսկ վերանայել, վերաիմաստավորել դրանք` բերում է դիմադրության, անհանդուրժողականության: Մեզանում արգելված է ավանդույթի իմաստավորումը: Ավանդույթը մենք օգտագործում ենք որպես զենք եւ չենք ընդունում, որ ավանդույթը պետք է ռացիոնալ ձեւով իմաստավորվի
2. Սոցիալական խմբերի համերաշխության գաղափարը կազմակերպվում է հետեւյալ կերպ` շեշտվում է, որ մեր ազգը պիտի լինի միասնական, այստեղ էլ սղվում է սոցիալական խմբերի տարբերության հանգամանքը: Եթե պնդում ենք, որ, օրինակ, բոլոր ուսուցիչների շահերը պիտի պաշտպանվեն, պնդումը սղվում է ավելի լայն ու «կարեւոր» գաղափարի, որ, ի վերջո ու նախ եւ առաջ, բոլորս հայ ենք, եւ կարեւոր է մեր հայ լինելու շահը: Այս «նախ եւ առաջ հայ լինելու հանգամանքը» հակադրվում է սոցիալական պրոբլեմներին` սոցիալականը հակադրվում է ազգայինին, իսկ ազգայինը ավելի բարձր է, քան սոցիալականը: Հայ հասարակության անհատն իր նույնացումն այս կամ այն սոցիալական խմբի հետ մղում է ամենահետին պլան` սասանելով սոցիալական համերաշխության սկզբունքը:
3. Ինչ վերաբերում է «անձնավորությանը», ապա մեր հասարակությունն արհամարհանք է տածում սկզբունքներով ուղղորդվող մարդու նկատմամբ` սկզբունքորեն համարելով, որ սկզբունքով ապրելը հիմարություն է: Սկզբունքը չենք համարում արժեք, հարգում ենք ճարպկությունը: Մեզանում փոխված է ճշմարտության մասին հասկացությունը: Եվրոպացին ճշմարտությանը հակադրում է մոլորությունը, այսինքն` ընդունում է անձի սխալվելու կամ չսխալվելու փաստը: Հայ մարդը չի ընդունում, որ նա սխալ է, նրա պնդումը հիմնված է մի այլ եզրի վրա, այն է` «ես չեմ խաբում», այսինքն` սխալվելը բացառված է, կարելի է կամ ճիշտը ասել, կամ խաբել, իսկ սխալվել մենք չենք կարող, քանզի ճշմարտությունը համընկնում է անձի հետ: Եթե մարդը խաբում է, ուրեմն քննարկելու բան չկա, ճիշտը ասելու դեպքում էլ, հետեւաբար, եւս քննարկելու բան չկա:
Այսպիսով` գալիս ենք մի եզրահանգման, որ ճիշտը մի հատ է, եւ ամեն մարդ ունի իր ճիշտը, այսինքն` մարդու համար ճիշտը մի հատ է: Այս պնդումը երկխոսությունը դարձնում է անհնարին: Տոտալիտար մտածողության երկու մոդել կա, մեկը` երբ բոլորին ստիպում են մտածել միանման, մյուսը` երբ անհատը ուզում է, որ բոլորը նախընտրեն մտածողության այն ձեւը, որը բնորոշ է միայն իրեն:
Նման պայմաններում ինքնաքննադատական ռեֆլեքսիան անհնարին է:
Հայ մտավորականի դերակատարումն այսօր խորհրդային մոդելից տարբերվում է այնքանով, որ խորհրդային համակարգում մտավորականը կատարում էր պետության հանձնարարականը, իսկ մեր օրերում մտավորականը, կարծես, ստիպում է, որ իշխանությունները տան իրեն այդ հանձնարարականը: Առավել կարեւոր է դառնում այն մտավորականների դերը, ովքեր համարվում են մարգինալ: «Մարգինալ» որակավորումը չի բխում այն հանգամանքից, որ վերջինս միտված է քննադատության. նա մարգինալ է, քանզի միակն է, կամ այն սակավաթիվ խմբերի անդամներից է, ով քննադատում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել