
Չինաստանում բացվեց առաջին հայագիտական կենտրոնը
Դեկտեմբերի 9-ին Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում տեղի ունեցավ Չինաստանում հայագիտական առաջին կենտրոնի բացումը, որը հնարավոր եղավ իրականացնել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցության արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի գլխավորությամբ, Դալիանի օտար լեզուների համալսարանի ղեկավարությունը, Դալիանի քաղաքապետարանի և չինական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Հայագիտական կենտրոնի տնօրենը, երկու համալսարանների ղեկավարները: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է իր տեսակի մեջ առաջին կենտրոնի բացումը, որը, նրա կարծիքով, յուրահատուկ հարթակ է դառնալու հայ-չինական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի քննարկման, ինչպես նաև հետագա փոխգործակցության խորացման ուղիների ուսումնասիրության համար։
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ կենտրոնը կնպաստի ոչ միայն երկու համալսարանների միջև գիտական և մշակութային համագործակցության ընդլայնմանը, այլ նաև երկու երկրների կրթական համակարգերի միջև նոր կապերի հաստատմանը՝ դառնալով հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության ևս մեկ վառ օրինակ։
Դեսպան Սարգսյանը վստահեցրել է, որ դեսպանատունը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու կենտրոնին և մշտական ուշադրության կենտրոնում պահելու վերջինիս գործունեությունը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցները համալսարանի ուսանողների հետ միասին այցելել են նորաբաց կենտրոն՝ տարաբնույթ գրքեր, ձեռնարկներ, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութերի նվիրաբերմամբ առաջին քայլը կատարելով կենտրոնում հայագիտական հարուստ գրադարանի ձևավորման գործում։
Մեկնաբանել