
Բաց հանքավայր Սևանից ոչ հեռու՝ երեսպատման սալիկների արտադրության համար
«Արամ-Շին 2007» ՍՊԸ-ն ցանկանում է շահագործել Գեղարքունիքի մարզի Ջիլի կոնգլոբրեկչիաների հանքավայրը:
Հանքավայրում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների արդյունահանում: Պաշարները հաստատվել են դեռևս 2012-ին՝ 1907,7 հազար խմ քանակությամբ: Ապարն արդյունահանվելու է երեսպատման սալիկների արտադրության համար:
Հոկտեմբերին ընկերությունը դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ արդյունահանման թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը բնապահպանության նախարարությանն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտը: Դեկտեմբերի 15-ին Ջիլի գյուղապետարանում նախատեսված է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հանքն արդյունահանվելու է բաց եղանակով: Տարեկան արտադրողականությունը հաշվարկվել է 10 հազար խմ: Հանքը ծառայելու է 28 տարի: Արդյունահանումն իրականացվելու է շուրջ 2 հա մակերեսի վրա:
Հանքավայրը գտվում է Ջիլ գյուղի վարչական տարածքում՝ բնակավայրից 5-6 կմ հեռավորության վրա: Ջիլ գյուղը մինչև 1988թ. ադրբեջանաբնակ է եղել: Այժմ գյուղում ապրում են ադրբեջանից բռնագաղթած հայեր: Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի կայքի՝ 685 բնակիչ ունի:
Ջիլի համայնքապետ Միքայել Ղարիբյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ հանքավայրը զբաղեցնելու է համայնքային արոտավայրերը: Իրենք արդեն համաձայնություն տվել են:
«Չգիտենք դեռ՝ ինչ ծավալի կլինի: Նախնական տվյալներով, իրենց ղեկավարի կողմից լսել ենք՝ մի 20-25 հոգի գյուղից կաշխատի»,-ասաց Միքայել Ղարիբյանը:
Հանքավայրը «Սևան ազգային պարկ»-ից 4 կմ է հեռու: Սակայն նախագծի հեղինակները նշում են, որ հանքավայրը որևէ ազդեցություն չի ունենա «Սևան ազգային պարկ»-ի վրա: «Արդյունահանման աշխատանքների ընթացքում շահագործվելու են արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները, հետևաբար լրացուցիչ ազդեցությունը բնական լանդշաֆտների վրա կլինի նվազագույն»,-վստահեցնում է «Արամ-Շին 2007» ՍՊԸ-ն՝ ներկայացված նախագծում:
«Արամ-Շին 2007» ՍՊԸ-ն հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող և նորաստեղծ ընկերություն է: Հիմնադրվել է այս տարվա ապրիլին: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադիր և միակ բաժնետերը Կարեն Արամայիսի Մելքոնյանն է: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:
Մեկնաբանել