
«Մենք հայ ենք, իրենք՝ վրացի, ուրեմն մենք ենք մեղավոր»,-ասում է ավտովթարի ենթարկված ջավախքցին
2015թ. փետրվարի 2-ին Սամցխե-Ջավախքի Ախալցխա-Դամալա ճանապարհին Հմայակ Սահակյանի վարած «Ինֆինիտի FX 32» մակնիշի մեքենային բախվել էր «Ford Transit» մակնիշի մեքենան:
Հմայակը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ ինքն իր ճանապարհով երթևեկում էր, երբ դիմացից եկող «Ford»-ը դուրս է եկել ուղղությունից և խփել իր մեքենային: Հմայակի մեքենայում եղած 2 ուղևորները մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել, մասնավորապես՝ առաջին նստատեղին նստած կնոջ ոտքն էր կոտրվել և գլուխը վնասվել, իսկ «Ford»-ի վարորդ Սերգո Իսակիձեն ստացել էր կողի կոտրվածք:
««Իր ճանապարհին փոս էր, փախցրեց այդ փոսից ու մտավ իմ ճանապարհի մեջ, աջ քաշեցի, որ փախցնեմ, ինքն էլ իմ վրա քաշեց ու խփեց,-պատմում է Հմայակը: -Հետո պարեկային ոստիկանությունն եկավ, ինձ ասին՝ դու մեղավոր չես, քո ճանաարհին քեզ խփել են, ինքն է մեղավոր: Քննիչն եկավ, նույն բանն ասաց: Հետո անցավ 3 ամիս ու ինձ պատասխան տվեցին, որ ես մեղավոր եմ, բայց ինչում եմ ես մեղավոր, ինձ չեն ասում»:
![]() |
![]() |
Այդպես որոշել է քննչականի փորձագետը: Հմայակն ասում է, որ բոլոր ապացույցներն իր կողմից են եղել, սակայն դատարանը դրանք հաշվի չի առել: Ավելին, Հմայակը Թբիլիսիից անկախ փորձագետ է հրավիրել դատարան, և վերջինս նույնպես ցուցմունք է տվել, որ վթարի ժամանակ «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդն է դուրս եկել հանդիպակաց երթուղի և խփել Հմայակի մեքենային:
Այդ մասին վկայող լուսանկարներ են եղել, որոնք ներկայացվել են նաև դատարանին: Դրանք էլ ուշադրության չեն արժանացել:
«Ես իմացա, որ գործով քննիչը «Ֆորդ»-ի վարորդի բարեկամ էր, նույն դպրոցն են հաճախել, նույն գյուղից են: Նաև իմացա, որ պատգամավորներից մեկի հետ կապեր ունի: Եվ մենք հայ ենք, իրենք՝ վրացի, ուրեմն մենք եմք մեղավոր»,-ասում է Հմայակը:
Ախալցխայի շրջանային դատարանում 12 դատական նիստ է տեղի ունեցել: Դատարանը վճռել է, որ Հմայակ Սահակյանն է մեղավոր: Դատարանը Հմայակին տուգանել է 2500 (շուրջ 500 հազար դրամ) լարիով և զրկել վարորդական իրավունքից 6 ամիս ժամկետով:
«Համո Սահակյանը որևէ խախտում չի արել, խախտում արել է մյուս անձը, դատարանը պարտավոր է նրան պատժել: Մենք լրացուցիչ փորձաքննությամբ ապացուցեցինք, որ Համոն մեղավոր չէ, որևէ փաստարկ չկա, որ Համոն խախտում է արել: Միայն նկարները բավարար են նրա անմեղությունն ապացուցելու համար,-«Հետքին» ասաց Համո Սահակյանի փաստաբան Օթար Կոկոլաձեն:
Հմայակը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը վերաքննիչում: Դեռևս դատական նիստ չի նշանակվել: Հմայակը, սակայն, հույս ունի, որ Վրաստանի դատարաններում, այդուհանդերձ, արդարություն կգտնի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել