HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություն վատի ու վատթարագույնի միջեւ

Միսաք Գաբրիելյան

Թեպետ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, թիվ 19 ընտրատարածքում (Էջմիածին) մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկ-երկուսի մարդիկ արդեն այցելում են մարդկանց տները:

Ընտրազանգվածին կողմնորոշելու ակտիվ աշխատանքներ է ծավալում մասնավորապես գեներալ Սեյրան Սարոյանը, ում թիմակիցներին ավելի հաճախ կարելի է հանդիպել քաղաքի տարբեր թաղամասերում:

Իսկ Հակոբ Հակոբյանի ( Ճոյտ ) շրջապատը, որ նախորդ ընտրություններից շատ ավելի վաղ ու շատ ավելի աղմկոտ կերպով էր իր մասին հիշեցնել տալիս ( օգնություններ էր բաժանում, կրթական եւ բուժհիմնարկություններ այցելություններն ուղեկցվում էին նվերներով ), հիմա կարծես վերամշակել է գործողությունների մարտավարությունը:

Նախ` ուժերն ամբողջությամբ կենտրոնացրել է Զվարթնոցում, որը, էջմիածնեցիների բնորոշմամբ, նրա անառիկ ամրոցն է, իսկ նախընտրական շտաբը, որ սովորաբար տեղակայվում էր քաղաքի կենտրոնի աչքի ընկնող շենքերց մեկում, նույնպես փոխել է աշխարհագրությունը. շտաբ է դարձել Զվարթնոցի նրա օբյեկտներից մեկը: Այս առիթով Էջմիածնում ասում են, թե «զինվորական դիկտատուրան» Հակոբյանին արգելել է տեղակայվել ու գործողություններ ծավալել քաղաքի կենտրոնում, քանի որ այդ տարածքի մենաշնորհն այլեւս նոր տիրոջը` Ս. Սարոյանին է պատկանում: Իսկ վերջինս, որ նախընտրական քարոզարշավում առայժմ աչքի է ընկնում ոչ գրագետ մարտավարությամբ, իր հաջողությունը հիմնականում կապում է ոչ թե ընտրողների, այլ իրեն սատարող ՀՀԿ-ի հետ: Այսպես` թեպետ պաշտոնաթող գեներալն «ամեն ինչ անում է ընտրողներին սիրաշահելու համար»` նրանց աչքում հանդես գալով որպես բարեհոգի ու ժողովրդի հոգսով ապրող մարդ, այդուհանդերձ քայլեր է անում, որոնք հակառակ ազդեցությունն են գործում ընտրազանգվածի վրա: Հիշենք թեկուզ վերջերս ուսուցիչների համար կազմակերպած նրա կերուխումը, որն ավարտվել էր գեներալ-թեկնածուի կրակոցներով ու վախեցած մանկավարժների խուճապահար փախուստով:

Հիմա Սեյրան Սարոյանն այդ խրախճանքների համար ժամանակացույց է կազմել, ըստ որի ռեստորան են գնալու ոչ թե դպրոցների տնօրենների հայեցողությամբ ընտրված ուսուցիչները, այլ բոլորը, բայց յուրաքանչյուր դպրոց` համաձայն նախապես կազմված գրաֆիկի: Բուժհիմնարկներին էլ է ռեստորան «գործուղել» փոքր-ինչ լիցքաթափվելու: Բուժաշխատողները, սակայն, ի տարբերություն ուսուցիչների, հրաժարվել են իրենց «հանգիստն» այդ ձեւով անցկացնելու եղանակից, բայց փոխարենը համաձայնվել են դրա համար նախատեսված գումարը վերցնել. յուրաքանչյուրին բաժին է հասել 2200 դրամ: «... Ու այդ քնձռոտ կոպեկները ստացանք մեր անվան դիմաց ստորագրելուց հետո: Ամոթ էր, բայց վերցրեցի, որովհետեւ կմտածեին, թե ձայնս իրեն չեմ տալու: Բացի այդ, ռուսն ասում է` տալիս են` վերցրու»,- անձը չբացահայտելու պայմանով ասաց մի բժշկուհի:

Էջմիածնի նախընտրական տրամադրությունները լավ շոշափել էր նաեւ մեզ ուղեկցող տաքսու վարորդը, ում փոխանցմամբ` հանրապետականացված դպրոցներին ու բուժհաստատություններին արդեն ցուցում է տրվել, թե ում օգտին են քվեարկելու:

«Եթե ընտրություններն իրոք արդար ընթանան, Հակոբյանը կընտրվի, բայց ոչ թե նրա համար, որ նա միակն ու անփոխարինելին է, այլ որովհետեւ մենք ընտրություն ենք անելու վատի եւ վատթարագույնի միջեւ: Հենց դրանից եմ վիրավորվում. մեր քաղաքում միշտ է այդպես եղել: Բա էս քաղաքում մի գրագետ, կրթված մարդ չկա՞, որ ուզենա պատգամավոր դառնալ, մենք էլ սրտանց գնանք ընտրենք»: Ըստ մեր զրուցակցի` Սարոյանի ընտրազանգվածը հիմնականում գյուղերում է: Նրա համար դժվար կլինի իր անձի վրա սեւեռել հատկապես ընտրողների այն հատվածի ուշադրությունը, ովքեր մայրաքաղաքում սովորող ուսանողներ ունեն. նրանց ծնողների ուշադրությունը Հակոբյանը գնել է դեռ մի քանի տարի առաջ սովորողների ճանապարհածախսը ստանձնելու գնով: Սարոյանն անելիք չունի նաեւ Զվարթնոցում, որի բնակիչները Հակոբյանից բացի այլընտրանք չունեն:

Նկատենք, որ դեռեւս չմեկնարկած քարոզչության գործում ներքաշվել են մեծ թվով ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, որոնց վրա էլ հենց թեկնածուներն իրենց խաղադրույքներն են անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter