HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայլակ Հայրապետյան. «Աշոտն ասեց` էս գործը 33 կողպեքի տակ ա, քեզ պես հարյուրը չի բացահայտի»

«Օֆշորի» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց դատախազի բացակայության պատճառով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախասրահում զրուցեցի տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի հետ, ով պնդում է, որ իրեն կազմակերպված ձևով ունեզրկել են:

-Պարոն Հայրապետյան, գործից առանձնացրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասը, այն դեռ նախաքննության փուլում է: Որևէ քննչական գործողություն կատարվե՞լ է Ձեզ հետ:

-Արդեն 4-5 անգամ զանգել եմ քննիչին, հարցրել եմ` քննություն կատարվելու է, թե ոչ: Քննիչն էլ պատասխանել է` իհարկե կատարվելու է, ասել է, որ ինձ էլ կհրավիրեն անպայման: Բայց էսքան ժամանակ չեն կանչել ցուցմունք տալու:

- Ինչո՞ւ առանձնացվեց այդ մասը, Ձեր կարծիքով:

-Քննիչը պատճաբանել է, որ հիմնական գործի ժամկետի մեջ չէին տեղավորվում, դա էր պատճառը, որ այդ մասով գործն առանձնացվեց:

- Հնարավոր է այդպիսի լուծում գտան, որ գործի հանրային հնչեղությունը մեղմեն:

-Ճիշտ ասած, ես հավատացյալ մարդ եմ, ինչ պատճառաբանություն բերել են հավատացել եմ, բայց, թե իրականում ինչ մտադրություն են ունեցել գործն առանձնացնելով` չեմ կարող ասել:

- Ե±րբ իմացաք, որ օֆշորային գոտում` Կիպրոսում գրանցված ընկերություններից մեկի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը: 

-2012, թե 2013 թվականն էր, երբ գնացի Աֆրիկա, հանդիպեցի Աշոտ Սուքիասյանի հետ: Աշոտն ասեց` գնա, քեզ ոչ մի բան չեմ տալու: Ասեց` էս գործը 33 կողպեքի տակ ա, քեզ պես հարյուրը չի կարող բացահայտել: Դատի տվեցի Աշոտին ու մեծ սկանդալով թողեցի, եկա Հայաստան: Շշմած նստել էի գրասենյակում: Ընկերս ասեց, որ դիմեմ «Հետքին»: Երբ հրապարակվեց «Հետքի» հետաքննությունը, արդեն բոլորը իմացան էն, ինչ ես էլ չգիտեի:

- Դատավարության սկզբում նշեցիք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կողքին ևս 8 անձ պետք է նստած լիներ: Ձեր կարծիքով ինչո՞ւ այդպես չէ:

- Կամք պիտի լինի, ուրիշ ոչինչ:

- Հենց դատավարության սկզբում դիմեցիք միջնորդությամբ, որ դատարան հրավիրվեն նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Տիգրան Սարգսյանն ու Սամվել Կճոյանը: Դատավորը հետաձգեցայդ միջնորդության քննությունը: Ի՞նչ եք կարծում, դատարանը կկարողանա բավարարել այդ միջնորդությունը: 

-Ինձ համար բարեբախտաբար, իրենց համար դժբախտաբար կծիկը քանդվեց: Էս ոսկորը կուլ չի գնա: Ինձ թվում է, արդարություն գոյություն ունի, հույս ունեմ, որ գումարները հետ եմ բերելու, մեղավորներն էլ պատասխանատվություն են կրելու: Ես էսօր արդեն հաղթած եմ, բարոյական հաղթանակն արդեն ունեմ:

Վերջին դատական նիստին մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանը, հրապարակելով Կիպրոսից ստացված ապացույցները, նշեց, որ Տիգրան Սարգսյանի` Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասերը փոխանցվել են Էդգար Սուքիասյանին ու Շուշանիկ Դավթյանին:  

Հիշեցնենք, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» -ից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ` տուժող ճանաչված Փայլակ Հայարպետյանից ստացած լիազորագրերի հիման վրա ու Փայլակ Հայրապետյանին ու իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրելով: Ըստ տուժողի ցուցմունքի և ըստ այլ ապացույցների, կազմվել էր բիզնես պլան, որի շրջանակներում պետք է գնվեին մեքենա-սարքավորումներ, սակայն դրանք վերը նշված վարկով ձեռք չեն բերվել, այլ փոխանցվել են օֆշորում գրանցված ընկերություններ: Այդպիսով` բիզնես ծրագիրը չի գործել: Հետևանքը եղել է այն, որ «Ամերիաբանկը» չվճարած տոկոսների ու գումարների դիմաց վաճառել է Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված անշարժ գույքը: Ու թեպետ տուժող Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է իր ունեզրկման մեղավորների անունները, այդուհանդերձ գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter