HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառը պարսպի ետեւում է միայն գյուղացիների համար

Գոհար Ոսկանյան

Ծաղկաշատը Լոռու մարզի լեռնային գյուղերից է։ Այստեղ բնակիչների հիմնական հարստությունն անտառն է։

Գյուղացիները դժգոհում են, որ աշխարհից կտրված այս բնակավայրում, բացառությամբ անտառանյութ տանողների, իրենց ոչ ոք չի հիշում։ Իսկ նրանք, պարզվում է, այնքան էլ ուշ- ուշ չեն լինում այստեղ։

«Էհ, ե րկու տարի հետո էլ ոչ անտառ կլինի, ոչ էլ եկող-գնացող, մենք էլ կմնանք անապատում՝ դառն ու դատարկ նստած»,- ասում է գյուղամիջում հավաքված գյուղացիներից մեկը: Նրան միանում է մեկ ուրիշ գյուղացի. «Անտառները որ վերանան, կցամաքեն աղբյուրները»:

Բախշի պապիկին անհանգստացնում է այն հարցը, թե հատկապես ու՞ր են տանում իրենց գյուղի անտառանյութը։ Նրա հարցի պատասխանն անցյալ տարի աշնանը Ծաղկաշատի տակ նկարահանված՝ փայտանյութով բեռնվող պարսկական համարանիշերով բեռնատարներն են։ Լալվարի անտառտնտեսությանը պատկանող այս անտառում կան արժեքավոր ծառատեսակներ՝ հաճարենի, կաղնի, եւ եթե էներգետիկ ճգնաժամի տարիներին անտառը հատվում էր ջեռուցման նպատակով, ապա վերջին տարիներին այն հարստանալու լավ միջոց է դարձել։ Փայտանյութն օգտագործվում է կամ տեղի փայտամշակման արտադրամասերում, կամ էլ արտահանվում է արտերկիր։ Վիճակագրական տվյալներով` տարեցտարի աճում է Հայաստանից արտահանվող փայտանյութը:

Եթե 1999թ.-ին Հայաստանից արտահանվել է 1,028 տոննա փայտանյութ, ապա 2003թ.-ին այդ թիվը հասել է 10,640-ի։ Հայաստանի ծառերը տեղափոխվում են հիմնականում Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա, Իսպանիա, Թուրքիա եւ այլ երկրներ։ Ու հասկանալի է դառնում շատ շուտով անապատում հայտնվելու` ծաղկաշատցիների մտահոգությունը։ Որովհետեւ Հայաստանի անտառները, որոնք զբաղեցնում են հանրապետության տարածքի ընդամենը 7 տոկոսը, առանձնանում են իրենց հողապաշտպան, ջրապաշտպան եւ կլիմայի կարգավորման հատկանիշներով:

Ի տարբերություն Լոռու մարզի, Տավուշում անտառները համեմատաբար լավ են պահպանվել։ Այնտեղ անտառները զբաղեցնում են մարզի տարածքի կեսը՝ 148,000 հա։ Սակայն, այսպես կոչված, «սանիտարական հատումների» հետքերը պարզ երեւում են նաեւ այստեղ՝ Իջեւանից Նավուր գյուղ ընկած տարածքի անտառում։ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսեսյանը այս վայրերում ձմեռնածաղկի անհետացումը ծառահատումների հետեւանք է համարում։

Բույսերի անհետացումից բացի, կենդանիներն էլ իրենց բնակավայրն են կորցնում։ Այս անտառներից հեռանում են կխտարները, արդեն անհետացել է ազնվացեղ եղջերուն։

Տավուշի մարզի Բերդի տարածքի Իծաքար գյուղում, ինչպես եւ Լոռու մարզի Ծաղկաշատում, լուծված չէ ջեռուցման խնդիրը։ Սակայն գյուղացիներն ասում են, որ դժվարացել է փայտ ձեռք բերելու գործը։

Նորատունկ ծառեր աճեցնելու համար անտառը ցանկապատել են։ Ասել է թե՝ գյուղացիների համար անտառը մնացել է պարսպի հետեւում։ Սակայն, անտառը ցանկապատի հետեւում է մնացել միայն գյուղացիների համար։ «Իրանք` մեր «հարգարժան» ղեկավարները, տանում էին, մենք էլ գնում էինք ճյուղիկները վերցնում։ Հիմա իրանք նորից տանում են, բայց մենք՝ ոչ»,-ասում է ճամփեզրին կանգնած մի գյուղացի:

Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, անտառի պահպանման խնդիրների մասին խոսելով, կարեւորեց հատկապես մարզում գազաֆիկացման գործընթացը։

Բայց քանի որ անտառների պահպանությունը մարզպետարանի իրավասություների մեջ չի մտնում, փոխմարզպետն առիթը բաց չթողեց հիշեցնելու, որ անտառի խնդիրների հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցներին։ Նույնիսկ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ անտառները մարզի տարածքում չեն ու որեւէ կապ չունեն իրենց հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter