HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Նախարարն էֆեկտիվորեն հովանավորում է ՔԿՀ-ի բացահայտ սուտը»

«Առ այսօր ոչ միայն պահպանվում են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապօրինի սահմանափակումները, այլեւ փետրվարի 24-ից ի վեր դրանք ավելի են ահագնացել,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:- Մասնավորապես, եթե մինչեւ այսօր նրա լրագրողական գործունեությունը խոչընդոտվում էր նամակները չուղարկելով, փետրվարի 24-ին նրան խուզարկել են եւ առգրավել բոլոր գրենական պիտույքները»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ այդ դեպքից 3 օր անց «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրին վերադարձրել են թուղթը, հետո` նաեւ գրիչը:  Սակայն Վ. Գրիգորյանը նշում է, որ լրագրողին արդեն ֆիզիկապես ուղղակի արգելում են որեւէ բան գրել:

«Վերջին տեսակցության ժամանակ, երբ ես արձանագրություն էի կազմում, որ մեր զրույցին ներկա է գտնվում օպերատիվ բաժնի պետը, որն ընդամենը 2-3 մետրի վրա լսում էր մեր շշուկները, Նիկոլը հայտարարություն ուներ իր մոտից խուզարկությամբ ինձ հանձնվելիք փաստաթուղթը առգրավելու մասին: Ես առաջարկեցի, որ այդ մասն արձանագրության մեջ ինքն անձամբ գրի: 2-3 նախադասություն չէր հասցրել գրել, երբ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը մտավ, ու մի քանի հոգով պաշտոնապես հայտարարեցին, որ հանդիպումը չի կարող շարունակվել, եթե Նիկոլը շարունակի գրել: Ասացին, որ  եթե մի բան ունի գրելու, պիտի ինձ բարձրաձայն ասի, ես գրեմ»,- պատմում է փաստաբանը:

«Ինչպե՞ս են հիմնավորում գրենական պիտույքներ առգրավելու իրենց գործողությունները ՔԿՀ-ի աշխատակիցները»,- «Հետքի» հարցին փաստաբանը ասաց. «Նրանք բավականին անմեղ հայացքով նայում են ձեր երեսին ու ասում են, որ նման բան չի եղել»:

Վ. Գրիգորյանը նշում է, որ ՔԿՀ-ում շատ արդյունավետ օգտագործում են Ն. Փաշինյանի մեկուսացված լինելը: Այսինքն` բոլոր խախտումները իրականացվում են ռեժիմային գոտում. «Այնուամենայնիվ, նրանք չեն կարողանում ձեռնպահ մնալ այդ գոտուց դուրս, օրինակ` իմ հետ հանդիպումներում, խախտումներ անելուց:

Վ. Գրիգորյանը, մասնավորապես, շեշտում է, որ վերջին 9 ամիսներին իրենց միակ առանձնազրույցը տեղի է ունեցել վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո, որը տեւել է ընդամենը 10 րոպե: ՔԿՀ-ի վարչակազմը թույլատրում է հանդիպումներ, բայց ոչ առանձին, նրանք ամբողջությամբ լսում են խոսակցությունը եւ, ըստ փաստաբանի,  նաեւ ձայնագրում: Փաշինյանը չունի հարազատների եւ փաստաբանի միջոցով հոդվածները դուրս ուղարկելու հնարավորություն: Դրանք ուղարկվում են ՔԿՀ-ի պետ Սարգսյանին, որն էլ պահում է իր մոտ:

Իրենց առանձնազրույցի հնարավորություն չտալու վերաբերյալ փաստաբան Գրիգորյանը 2010-ի դեկտեմբերից բողոքներ է ներկայացրել արդարադատության նախարարին, սակայն ոչինչ չի ձեռնարկվում:

«ՔԿՀ-ն հերքում է, որ խախտում է տեղի ունեցել, արդարադատության նախարարն էլ էֆեկտիվորեն հովանավորում է ՔԿՀ-ի կողմից տրամադրվող բացահայտ սուտը: Նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսում նա հայտնել է, որ քննության արդյունքներն իրեն չեն գոհացնում, նշանակելու է նոր քննություն, եւ եթե տեղի է ունեցել խախտում, մեղավորները կպատժվեն: Ես 2 անգամ խնդրել եմ ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունը: Ոչ մի նման բան չի տրամադրվել, ավելին` արդարադատության փոխնախարարն ինձ տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ծառայողական ուսումնասիրություն: Մի գործընթաց, որն օրենքով նախատեսված չէ առհասարակ, եւ որի ընթացքում ենթադրվում է, որ նյութեր չեն նախապատրաստվում: Նախարարը պրոֆեսիոնալ իրավաբան է եւ պատկերացնում է քննության ու ուսումնասիրության սար ու ձորի տարբերությունը: Եթե նա ստիպված է Նիկոլի իրավունքների ոտնահարումը քողարկելու համար բացահայտ սուտ խոսել, ապա կարող եք պատկերացնել ողջ քրեակատարողական համակարգի նկատմամբ գործադրվող ճնշման ծավալը, որի արդյունքում նրանք երբեմն իրենց ֆանտազիաների գիրկն են ընկնում»,- ասում է փաստաբանը:

Վերջինս լրագրողներին փոխանցեց Նիկոլ Փաշինյանի հավաստիացումը, որ ամեն աշխատանքային օր առնվազն մեկ ծրար հանձնելու է «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմին` «ՀԺ»-ին փոխանցելու համար: Օրաթերթի գլխավոր խմբագիրն ասել է, որ իր խոստումը չկատարելու միակ տարբերակն այն կլինի, որ, ինչպես եւ նախկինում, իրենից առգրավվեն պիտույքները:

ՔԿՀ-ի վարչակազմի նպատակը, ըստ փաստաբանի, Փաշինյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելն է. «Բացի այդ` նրա նկատմամբ կիրառվող ռեժիմը նպատակ է հետապնդում կառավարությանը տեղեկացնել, թե որոնք են նրա փաստարկները, հիմնավորումները, որպեսզի Եվրադատարանի կողմից կառավարությանը հարց ուղղվելու դեպքում կառավարությունը պատրաստ լինի: Ես տեղյակ եմ, որ նրան հոդվածներ չգրելու հորդորները, համեմված որոշ սպառնալիքներով, երեք անգամ ներկայացվել են բաց տեքստով, ՔԿՀ-ի վարչակազմը նման հորդորներ նրան փորձել է փոխանցել նաեւ իմ միջոցով»:

Վ. Գրիգորյանը ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին է ներկայացրել Փաշինյանի գործով Եվրոպական դատարան ներկայացված որոշ փաստաթղթերի պատճեններ, իսկ վերջերս տեղի ունեցող ճնշումների ողջ ծավալը ներկայացրել է հենց Եվրադատարանին: Նա ասում է, որ Փաշինյանով պարբերաբար հետաքրքրվում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Լրագրողի վրա կատարված հարձակման գործով փաստաբանը հայտնեց, որ գլխավոր դատախազի կողմից վերացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, բայց իրենք տեղյակ չեն, թե ինչ ընթացքում է գործը:

Իսկ պատժաժամկետի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը մարտի 13-ին բողոքարկվել է վճռաբեկ դատարան, առայժմ նորություն չկա: Օմբուդսմենին դիմելու մասով էլ Վ. Գորիգորյանն ասաց, որ այդ ինստիտուտը առհասարակ արդյունավետ պաշտպանության միջոց չէ Հայաստանում:

Լուս.` www.anc.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter