HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մանրաձուկ գնելու մրցույթները ձեւական են

Այն ձեռք են բերում շուկայականից բարձր գնով

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց այս տարի Սեւանա լիճ բաց թողնել 1 մլն հատ մանրաձուկ` նախատեսված 367.000-ի փոխարեն:

Մինչ այս պետբյուջեից արդեն իսկ հատկացվել էր 60 մլն դրամ` 167.000 հատ գեղարքունի եւ 200.000 հատ ամառային իշխան գնելու համար: Նախատեսվում էր հայտարարել մրցույթ, նախապատրաստվում էին մրցութային փաստաթղթերը, այնինչ Սարգսյանի հանձնարարականը խառնեց ամեն ինչ: 2007-2010 թթ. տարեկան կտրվածքով այսքան շատ մանրաձուկ երբեք չի լցվել Սեւան: Միայն 2007-ին է ավելի քան 2 մլն թրթուր բաց թողվել: Մնացած դեպքերում մանրաձկան տարեկան քանակը չի գերազանցել 300.000-ը:

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 234 ձկնաբուծական տնտեսություն: Սակայն, ըստ բնապահպանության նախարարության տվյալների, 2007-2010 թթ. Սեւանա լիճ բաց թողված էնդեմիկ ձկնատեսակների մանրաձուկը գնվել է միայն 5 ընկերությունից: Դրանք են «Գոս» ՓԲԸ-ն, «Սեւանի ձկնաբուծական գործարան» ԲԲԸ-ն, «Բեգաս Ֆիշ» ՍՊԸ-ն, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն եւ «Արեւաձուկ» ՍՊԸ-ն: Պետությունը մասնավոր ձկնաբույծներից գնել է Սեւանի իշխանի երկու ենթատեսակի` ամառային իշխանի եւ գեղարքունու տարբեր քաշերի մանրաձուկ: Բացառություն է եղել 2007 թվականը, երբ «Գոս» ՓԲԸ-ից գնվել է Սեւանի կողակի ավելի քան 2 մլն հատ թրթուր:

Մանրաձուկը ձեռք է բերվել թե ուղղակի գնման, թե մրցույթի միջոցով: Մասնավորապես` «Գոս» ընկերությունը 2007-ին իր բոլոր 3 մատակարարումներն արել է մրցույթներում հաղթելուց հետո, իսկ «Սեւանի ձկնաբուծական գործարան»-ից եւ «Բեգաս Ֆիշ»-ից 1-ական անգամ մանրաձուկ է ձեռք բերվել ուղղակի գնման միջոցով: «Յունիֆիշ»-ը 4 անգամ մրցույթ է շահել, 2 անգամ էլ նրանից ուղղակի գնում է կատարվել, իսկ «Արեւաձուկ» ՍՊԸ-ն 5-ական անգամ մրցույթով եւ ուղղակի վաճառքով է մատակարարել: Սակայն ըստ ձկնաբուծության ոլորտում «Հետքի» աղբյուրի` մանրաձուկ գնելու համար հայտարարվող մրցույթները ձեւական բնույթ են կրում: Մյուս կողմից էլ` ներկայացվող գները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես` 2008-ին պետությունը 100 գրամից ավելի քաշ ունեցող ամառային իշխանի հատը գնել է 720 դրամով, այնինչ, ըստ ոլորտի մասնագետի, դրա իրական շուկայական գինը 300-400 դրամ է: Մնացածը գնում է պաշտոնյաների գրպանը: Այլ օրինակ. այս տարի պետությունը ծրագրել է 3 գրամից ավելի քաշով ամառային իշխանի հատը գնել 150 դրամով, իսկ, ըստ մեր աղբյուրի, դրա նորմալ գինը 100 դրամ է:

Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը լրագրողներին հայտնել էր, որ բաց թողված մանրաձկան բնական մահացությունը 90 տոկոսից ավելի է, եթե մանրաձուկը 50 գրամ կամ ավելի է, իսկ եթե ձուկը 1 գրամ է, մահացությունը 10 տոկոս է կազմում: Այսինքն` ինչքան մեծ է ձկան չափը, այդքան մեծ է մահացության հավանականությունը:

Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանն էլ տեղեկացրել էր, որ 50 գրամանոց կամ ավելի մեծ մանրաձուկ շատ քիչ են բաց թողնում, դա էլ` միայն այն նպատակով, որ ձուկն ավելի շուտ հասնի ձվադրման շրջանին: Սակայն նշենք, որ միայն 2008-ին Սեւան է լցվել 50 եւ ավելի գրամ քաշ ունեցող 46.000 հատ ամառային իշխան եւ 20.000 հատ գեղարքունի (սրանց համար պետբյուջեից ծախսվել է 38.720.400 դրամ): 2009-ին նույն քաշի ձկների մասով պատկերն այսպիսին է եղել. 20.000 հատ ամառային իշխան եւ 25.000 հատ գեղարքունի (ընդհանուր արժեքը` 21.095.200 դրամ):

«Արեւաձուկ» ՍՊԸ-ն միակն է, որից 2007-ից ի վեր բնապահպանության նախարարությունը գնումներ է անում: Այս ընթացքում ընկերությունը պետությունից ստացել է շուրջ 117 մլն դրամ: Ստացած եկամուտներով երկրորդը (68.5 մլն դրամ) «Յունիֆիշ» ՍՊԸ-ն է: Այս ընկերությունը թառափի տնտեսություն ունի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում, Ռանչպարում էլ` իշխանի արտադրություն: Մեկ այլ տնտեսություն էլ գործում է Գեղարքունիքի Գանձակ համայնքում:

2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով «Յունիֆիշ»-ը ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 373-րդ տեղը: Ընկերությունը մասնաճյուղ ունի նաեւ Մոսկվայում: Պետռեգիստրի գործակալության կայքում որպես ՍՊԸ-ի միակ հիմնադիր է նշված Արմեն Գեւորգի Մկրտչյանը: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ` վերջինս ապարանցի է եւ սերտ հարաբերությունների մեջ է նույնպես ապարանցի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Հատկանշական է, որ 2008-ին Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը մարզի բազմաթիվ ձկնաբուծարաններից այցելել էր միայն «Յունիֆիշ»-ի` Սայաթ-Նովայի եւ Ռանչպարի տնտեսություններ: «Բեգաս Ֆիշ» ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի, ունի 6 հիմնադիր` Գոհարիկ Աղաբեկի Ենոքյան, Աշոտ Նիկողոսյան, Վարդան Ասատրյան, Սմբատ Հրանտի Բեգլարյան, Թորգոմ Մարկոսյան եւ Գեւորգ Մալխասյան:

Վերջերս ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել էր, որ ինքը «Բեգաս Ֆիշ»-ում փոքր մասնաբաժին ունի, բայց դրանից հետո պետռեգիստրի կայքից անհետացան ՍՊԸ-ի վերոնշյալ առաջին 4 հիմնադիրների անունները: «Գոս» եւ «Սեւանի ձկնաբուծական գործարան» ընկերությունները ժամանակին եղել են պետական, սակայն 2000-ականների սկզբին ամբողջությամբ մասնավորեցվել են:

Տեղեկանք

«Սեւանի արդյունագործական եւ էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման տեղեկանք-հիմնավորումից (որոշումն ընդունվել է 09.12.2010-ին)

Սեւանա լճի բնական ձկնաշխարհը հազարամյակների ընթացքում ձեւավորվել է աշխարհագրական մեկուսացման պայմաններում եւ ընդգրկում է 2 էնդեմիկ տեսակ` իշխան (Salmo ischchan) եւ Սեւանի բեղաձուկ կամ բեղլու (Barbus goktschaicus), եւ 1 էնդեմիկ ենթատեսակ` Սեւանի կողակ (Varicorhinus capoeta sevangi): Իշխանը յուրահատուկ հավաքական տեսակ է, որն ունի չորս ենթատեսակներ` գեղարքունի (S. i. gegarkuni), ձմեռային իշխան (S. i. ischchan), ամառային իշխան (S. i. aestivalis) եւ բոջակ (S. i. danilevskii):

Սեւանա լճում իշխան եւ կողակ ձկների տարեկան որսը մինչեւ լճի ջրային պաշարների ինտենսիվ օգտագործումը (1937 թ.) կազմել է շուրջ 800-1100 տոննա, ընդ որում` տեսակները հանդիպել են գրեթե հավասարաչափ: Իսկ բեղաձկան որսաքանակը ունեցել է երկրորդային նշանակություն:

Տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից բացառիկ արժեքավոր իշխան ձկնատեսակի գլխաքանակը կտրուկ նվազել է, եւ տեսակը կորցրել է իր արդյունագործական նշանակությունը, ինչը պատճառ է դարձել Գավառում, Կարճաղբյուրում, Սեւանում եւ Լիճքում ձկնաբուծական գործարաններ կառուցելու համար:

Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակներից երկուսը` ձմեռային իշխանը եւ բոջակը, համարվում են իսպառ վերացած, գեղարքունին պահպանվել է աննշան քանակությամբ, իսկ ամառային իշխանը` բառացիորեն հատերով: Կողակը կորցրել է արդյունագործական նշանակությունը, իսկ բեղաձուկը հանդիպում է հազվադեպ:

Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների գլխաքանակի պահպանման համար մինչեւ 1980-ականները Սեւանի ավազանի 4 ձկնաբուծական գործարանները աճեցնում եւ Սեւանա լիճ էին բաց թողնում մինչեւ 7-10 մլն հատ տարբեր չափսերի մանրաձուկ եւ թրթուր: Ձկնաբուծարանների գործունեությունը որոշակիորեն նպաստել է աճեցվող տեսակների պահպանմանը եւ արդյունագործական վերադարձին:

Սակայն 1990-ականներից տարեցտարի գետերում ձվադրման մտնող սեռահասուն ձկների քանակը կտրուկ նվազեց, որի պատճառով աճեցվող մանրաձկան քանակը նվազեց մոտ 100 անգամ: 2004 թվականից Սեւանա լճի ձկների համալրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը արգելում է որսալ ձվադրման ժամանակ գետ մտնող ձկները:

Ներկայումս մանրաձկան աճեցման համար ձկնկիթը վերցվում է գործարաններում պահպանված փոքր քանակությամբ մայրական կազմից կամ գնվում է ձկնաբուծությամբ զբաղվող այլ ձկնային տնտեսություններից: Դա թույլ է տալիս ստանալ մինչեւ 70-100 հազ. հատ ձկնկիթ` իշխանի 1-3 գ քաշ ունեցող մանրաձկան աճեցման համար: Վերջինիս հաշվարկային արդյունագործական վերադարձը կազմում է մոտ 2000 առանձնյակ, իսկ հաշվի առնելով համատարած ապօրինի որսը` այն մոտ է զրոյականին:

Ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, գեղարքունին եւ ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու եւ նրանց վերարտադրությունը ապահովելու համար միայն մանրաձուկ Սեւանա լիճ բաց թողնելը բավարար չէ. անհրաժեշտ է ձկնաբուծական գործարաններում ստեղծել իշխանի մայրական կազմ: Առաջնահերթ խնդիր է առողջ մայրական կազմի ստեղծումը եւ պահպանումը ձկնաբուծարաններում` թե Սեւանի ավազանում եւ թե նրանից դուրս:

Ամառային իշխանը եւ գեղարքունին փրկելով ոչնչացումից` հնարավորություններ կստեղծվեն վերականգնել այդ ենթատեսակների կենսատիպերը եւ, ինչը լիովին չի բացառվում, արդեն իսկ ոչնչացած համարվող ձմեռային իշխանը եւ բոջակը: Հարկ է նշել, որ կողակի եւ բեղաձկան մայրական կազմի արհեստական պայմաններում ստեղծումը ներկա վիճակում վաղաժամ է, քանի որ այդ ձկները ունեն լճում ձվադրող պոպուլյացիաներ եւ կարճ ինկուբացիոն ցիկլ:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter