HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կարապետիչի կարմիր քարտը

«Եթե մեր պահանջներին լուծում չտրվի, փետրվարի 28-ին գործող իշխանությանը կարմիր քարտ ցույց կտանք ու կասենք «ոչ»»,- այս խոսքերը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հնչեցրեց Մատենադարանի հարթակից փետրվարի 15-ին` «բացօթյա համաժողովի» ժամանակ:

Ասել է թե` Տիգրան Կարապետյանը «ֆուտբոլային դիվանագիտության» կնքահայր Սերժ Սարգսյանի հետ խոսեց ֆուտբոլային լեզվով, ընդ որում` ստանձնելով գլխավոր մրցավարի դերը: Սակայն նա հանդես եկավ ոչ թե անձամբ իր, այլ հավաքված զանգվածի անունից` այդպիսով հենց ժողովրդին ներկայացնելով որպես մրցավար: Այլ հարց է, թե որքանով են լուրջ վերաբերվում այս ամենին նախագահականում, որտեղ կարծիքը մեկն է. ֆուտբոլի դաշտում (իմա` երկրում) գլխավոր մրցավարն ու միաժամանակ լավագույն խաղացողը բացառապես գործող նախագահն է:

Ֆուտբոլային դաշտից հեռացնելու նշան համարվող կարմիր քարտն ու խաղի կանոնների կոպիտ խախտման դեպքում ցույց տրվող դեղին քարտը ներմուծվել են մի հետաքրքիր դրվագի արդյունքում, որը տեղի է ունեցել 1966-ին` Անգլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Քառորդ եզրափակիչի Անգլիա-Արգենտինա խաղի 35-րդ րոպեին գերմանացի մրցավար Ռուդոլֆ Կրայտլայնը խախտման համար դաշտից հեռացրեց արգենտինացի Անտոնիո Ռատինին, սակայն մրցավարի բանավոր խոսքը ֆուտբոլիստը չհասկացավ կամ էլ այդպես ձեւացրեց ու դաշտում մնաց եւս 9 րոպե:

Առաջացած քաշքշուկի ժամանակ զգուշացվեցին նաեւ անգլիացի Բոբի եւ Ջեք Չարլտոնները, որոնք նույնպես չհասկացան մրցավարի գործողությունները:

Անգլիացիների մարզիչ Ալֆ Ռամսեյը խաղից հետո դիմեց ՖԻՖԱ-ին` բացատրություն ստանալու համար: Այս ամենը մտածելու տեղիք տվեց առաջնությունը սպասարկող մրցավարների պատասխանատու Քեն Աստոնին: Վերջինս էլ, ի վերջո, առաջարկեց գործածության մեջ դնել ճանապարհային լուսաֆորների կարմիր եւ դեղին գույների քարտեր. դեղինը` զգուշացում, կարմիրը` արգելք: 1970-ի աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ կիրառվեց այս նորարարությունը, որը հետագայում յուրացվեց նաեւ այլ մարզաձեւերում:

Ֆուտբոլային կանոններով խաղի ժամանակ երկու դեղին քարտ ստանալը հավասարազոր է կարմիրի, եւ երկրորդը ցույց տալուց հետո մրցավարը հեռացնում է խաղացողին: Սակայն նույն կանոններով մրցավարը շատ կոպիտ խախտման դեպքում կարող է անմիջապես կարմիր քարտ ցույց տալ:

Փետրվարի 15-ին հնչած հայտարարությունը բանավոր զգուշացում էր: Ֆուտբոլում մրցավարը առաջին անգամ կարող է բանավոր զգուշացնել խաղացողին, իսկ երկրորդ անգամ արդեն դեղին քարտ ցույց տալ:

Բայց ստացվում է, որ Տիգրան Կարապետյանը նախ բանավոր զգուշացնում է ու նշում, որ հաջորդ քայլը կլինի իշխանությունների գլխավերեւում կարմիր քարտ պարզելը` հեռացնելը: Տրամաբանական կլիներ, եթե նա փետրվարի 15-ին Մատենադարանից դեղին քարտ ցույց տար Բաղրամյան 26-ին:

Ֆուտբոլում բազմաթիվ զվարճալի դեպքեր են եղել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի ու մրցավարի միջեւ: Անցյալ տարվա ամռանը Պարագվայի առաջնության խաղերից մեկում դաշտից հեռացված ֆուտբոլիստը կատաղությունից փորձել էր խեղդել մրցավարին, որին փրկել էին խաղացողի ընկերները:

Իսկ այս ամիս Իտալիայում նույն բախտին արժանացած մեկ այլ ֆուտբոլիստ փորձել էր սուլիչը մտցնել մրցավարի բերանը: Սպասենք, թե ինչ կլինի Կարապետյանի պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter