HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան կողմ է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Թուրքիայի արտաքին քաղաքական արդի խնդիրների հայ եւ ադրբեջանցի մասնագետների մեկնաբանություններին ծանոթացեք ստորեւ ներկայացվող հարցազրույցներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում  աղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում  աղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի հետ

Ի՞նչ տեղ է Հարավային Կովկասն այսօր զբաղեցնում Թուրքիայի տարածաշրջանային հետաքրքրությունների շարքում, եւ ի՞նչն է առավելապես խոչընդոտում կամ նպաստում տարածաշրջանում նրա դիրքերի ամրապնդմանը (հակասությունները Հայաստանի՞ հետ, փոխըմբռնումը Ադրբեջանի՞ հետ):

Տնտեսական եւ դիվանագիտական հնարավորությունների ընդլայնման հետ միասին, Թուրքիան ակտիվանում է տարածաշրջանում: Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան այդքան ակտիվ չէր եւ գործում էր նեղ շրջանակներում` որպես ԱՄՆ-ի գործընկեր: Սառը պատերազմից հետո եվրասիական տարածքում առաջացավ դատարկություն, իսկ Թուրքիան զբաղված էր սեփական խնդիրների լուծմամբ: Խոսքը Քրդական բանվորական կուսակցություն (ՔԲԿ) ահաբեկչական կազմակերպության դեմ Թուրքիայի պայքարի, լուծման ուղիներ գտնելու եւ ծանր տնտեսական վիճակից դուրս գալու, երկրի` իրար հաջորդող կոալիցիոն կառավարությունների տապալումների մասին է:

Բայց 2000 թվականից ի վեր իրադրությունը սկսեց փոխվել դեպի լավը: Երկրում սկսեց գործել միակուսակցական կառավարություն, իսկ նոր վարչապետ Ռ. Էրդողանը կարողացավ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Դրա արդյունքը եղավ տնտեսական իրադրության բարելավումը, որն իր հերթին նրան հնարավորություն տվեց ավելի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում: Անկարան սկսեց ակտիվանալ մի քանի ուղղությամբ. Մերձավոր Արեւելք, Բալկաններ եւ Հարավային Կովկաս:

Այն մասին, թե Թուրքիան որքանով է ակտիվ հենց հարավկովկասյան տարածաշրջանում, կարեելի է դատել ըստ հետեւյալի: Մի տարի առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն առաջ քաշեց նոր քաղաքական դոկտրին՝ «զրո խնդիր հարեւանների հետ»: Այսինքն՝ հարեւան երկրների հետ ունեցած բոլոր խնդիրները պետք է աստիճանաբար լուծվեն: Որպես առաջին թիրախ ընտրվեց Հայաստանը: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Անկարան սկսեց բանակցություններ վարել հայ դիվանագետների հետ: Որպես արդյունք` Շվեյցարիայում ստորագրվեցին հայտնի արձանագրությունները:

Սակայն այդ արձանագրություններն առայժմ չեն բերել որոշակի արդյունքների, որովհետեւ պաշտոնական Բաքուն հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ: Որպեսզի վնաս չհասցնի իր դաշնակցի` Ադրբեջանի հետ հարաբերություններին, Անկարան ստիպված եղավ արխիվ ուղարկել ստորագրված արձանագրությունները: Մի ժամանակ պաշտոնական Անկարան ակտիվորեն փորձում էր աջակցել հակամարտության կարգավորմանը: Նախագահ Գյուլը հանդես եկավ Կովկասում խաղաղության պլատֆորմի գաղափարով:

Այդ դաշնագրին, բացի Թուրքիայից, պետք է միանային Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Բայց դա էլ ձախողվեց, քանի որ խնդրահարույց էր դրան վերոհիշյալ երկրների միանալը: Երկրներ, որոնց միջեւ հարաբերությունները կարգավորված չեն: Գաղափարը մոռացվեց, իսկ Մոսկվան եւ Երեւանը չցանկացան, որ Թուրքիան ակտիվ դերակատարություն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս պատճառով էլ Անկարան ինչ-որ չափով պակասեցրեց իր ակտիվությունը Հարավային Կովկասում: Անկարայի համար ավելի կարեւոր էին ուրիշ տարածաշրջաններ:

Որո՞նք են Թուրքիայի արտաքին քաղաքական գլխավոր ձեռքբերումները, եւ հակառակը՝ բացթողումները վերջին շրջանում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կան եւ հաջողություններ, եւ անհաջողություններ: Իհարկե, Անկարայի ակտիվությունը մեծացնում է Թուրքիայի դերը տարածաշրջանում: Առաջին` Եվրամիության երկրները, բախվելով ֆինանսական ճգնաժամին, չկարողացան ամբողջովին հաղթահարել այն: Մինչդեռ Թուրքիայի տնտեսությունն, ընդհակառակը, կարողացավ զարգանալ, եւ Թուրքիան դարձավ ամենասրընթաց զարգացող երկիրը տարածաշրջանում: 

Երկրորդ` Արեւմուտքն ավելի հետաքրքրված է ակտիվ դիվանագիտություն վարելու աշխարհիկ Թուրքիայի, քան Իրանի հետ:  Ինչ վերաբերում է անհաջողություններին, ապա դրաց թվին է պատկանում Հյուսիսային Կիպրոսի չկարգավորված խնդիրը: Թուրքիայի համար հավելյալ խնդիր դարձավ հարաբերությունը Իսրայելի հետ, ինչպես նաեւ ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության ակտիվացումը: Դրանից կարող են օգտվել որոշ օտարերկրյա պետություններ, ինչը կարող է բարդացնել Թուրքիայի վիճակը:

Ի՞նչն է այսօր բնութագրում թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական հարաբերությունները, եւ որքանո՞վ են տարբերվում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Թուրքիայի քաղաքական նպատակները հարավկովկասյան տարածաշրջանում:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները զիգզագաձեւ են: Դրանք մեկ զարգանում են, մեկ էլ նվազում է դրանց ինտենսիվությունը: Ճիշտ է, Անկարան միշտ չէ, որ կատարում է Վաշինգտոնի ցուցումները, բայց երկու երկրներն էլ պահպանում են գործընկերությունը: Օրինակ` երբ Ասադը Սիրիայում սկսեց ճնշումները սեփական ժողովրդի դեմ, Անկարայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները համընկան, նրանք ընդգծեցին Սիրիայի նախագահ Ասադի հեռանալու անհրաժեշտությունը: Մյուս կողմից` Բ. Օբաման Ռ. Էրդողանին խոստացավ տրամադրել ամերիկյան անօդաչու ինքնաթիռներ, եթե նույնիսկ Իսրայելն ուզենա հետ ստանալ Թուրքիային վաճառած անօդաչու ինքնաթիռները:

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա այստեղ չկան դրական նորություններ: Եվրամիության երկու առաջատար պետությունները` Ֆրանսիան եւ Գերմանիան, առաջվա պես հանդես են գալիս Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու դեմ: Անկարային շատ է անհանգստացնում այն, որ հույն կիպրոսցիները վեց ամսվա ընթացքում պետք է նախագահեն Եվրամիությունում: Թուրքիան հայտարարել է, որ այդ վեց ամիսների ընթացքում կդադարեցնի հարաբերությունները Եվրամիության հետ:

Չնայած դրան, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Թուրքիայի հայացքները Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ համընկնում են: Նրանք բոլորն էլ շահագրգռված են կայունության վերականգնմամբ, ամենակարճ ժամանակահատվածում հակամարտությունների կարգավորմամբ, տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցության նվազմամբ, ինչպես նաեւ կասպիական էներգապաշարների տեղափոխմամբ համաշխարհային շուկաներ:

Ինչպե՞ս են ռուս-թուրքական հարաբերություններն անդրադառնում Ադրբեջանի շահերի վրա: Այդ հարաբերություններում Ռուսաստանը եւ Թուրքիան ի՞նչ տեղ են տալիս ղարաբաղյան հարցին:

Ռուս-թուրքական հարաբերություններն ունեն երկու կողմ: Զարգանում են նրանց միջեւ տնտեսական հարաբերությունները: Առաջիկա տարիներին նրանց միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի 100 մլրդ դոլարի, շարունակվում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը կսկսի ատոմակայանի կառուցումը Թուրքիայում: Չնայած դրան, Մոսկվայի եւ Անկարայի հայացքներում Հարավային Կովկասի, այդ թվում` Ադրբեջանի վերաբերյալ կան տարբերություններ:

Կրեմլը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ: Ռուսաստանը շարունակում է զինել իր վերջին ֆորպոստ Հայաստանին, ինչպես նաեւ հանդես է գալիս NABUCCO եւ Անդրկասպիական նախագծերի դեմ: Անկարան, ընդհակառակը, դիտում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, անհրաժեշտ է համարում ճնշումների գործադրումը Հայաստանի վրա, կողմ է NABUCCO եւ Անդրկասպիական նախագծերի շուտափույթ իրականացմանը:

Այստեղ երեւում է երկու երկրների քաղաքական շահերի տարբերությունը: Կրեմլը չի ընդունում նաեւ Թուրքիայի ակտիվ միջնորդական առաքելությունը Հարավային Կովկասում, քանի որ Թուրքիան կողմ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը:                              

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter