
Յոթ ապագա զինվոր, յոթն էլ՝ նույն տնից
Զարուհի Մեջլումյան
Երեխաներն ապրում են առանց սեփական տանիքի
Բակում չորացող լվացքի առատությունից պարզ է դառնում՝ այստեղ ապրում է բազմազավակ ընտանիք: Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում մեկ ընտանիքում մեծանում է յոթ ապագա զինվոր՝ Բորիսը, Վյաչեսլավը, Ալեքսանդրը, Իսահակը, Արամը, Արսենը, Արթուրը, որը լույս աշխարհ է եկել 1 ամիս առաջ:
Ամուսնուն՝ Բորիս Նազարյանին, յոթ արու զավակ պարգևած երիտասարդ՝ 32-ամյա կինը՝ Լուսինե Մկրտչյանը, ժպիտը երեսին դիմավորում է անծանոթ հյուրին, հրավիրում ներս: Մտնում ենք խոհանոց, գազօջախի վրա մեծ կաթսան է: 7 երեխա մայրը ճաշն արդեն պատրաստել է, երեք մեծ հացերը թխել ու երեխաներին է սպասում. «Հիմա իրար հետևից կգան դպրոցից»:
Լուկաշինը 9 անդամ ունեցող Նազարյանների երրորդ բնակատեղին է Հայաստանում: Նազարյանների 4 զավակները ծնվել են Ռուսաստանում, որտեղ և աշխատել է 3-րդ կարգի հաշմանդանություն ունեցող ընտանիքի հայրը՝ Բորիսը (հիմա նա տարբեր աշխատանքներ է անում գյուղում): Սակայն հետո ամուսինները որոշել են տեղափոխվել Հայաստան. «Միշտ մտածել ենք, որ հայը պիտի իր հողում ապրի, տուն սարքի, էրեխեք մեծացնի, բազմանա, մի բուռ ենք դարձել»:
Նազարյանները վարձով ապրել են Սևանում, Արթիկում, Լուկաշինում, երեք տղաները երրորդ դպրոցն են փոխել: «Էլ չէինք կարողանում վարձ տալ: Այս տանը ուղղակի ժամանակավոր ապրում ենք, վարձ չեն վերցնում, բայց մերը չի, ուրիշի տուն է: Բայց գոնե մի օր արթնանանք ու իմանանք, որ մեր անկյունն ունենք,- ասում է Լուսինեն՝ պատմելով, որ ցանկացել է նույնիսկ հանրապետության նախագահին նամակ գրել տան խնդրի մասին:
Պետությունը 7 երեխաներին միասին տալիս է 69.500 դրամ նպաստ, գումարած նրանց հոր հաշմանդամության թոշակը՝ 16.000 դրամ: «Ստացվում է՝ ամեն երեխայի համար ամսական պիտի ծախսենք 7.500 դրամ»,- ասում է Լուսինեն:
Անցյալ տարի փորձել են տունը գազով ջեռուցել, բայց երեխաների նպաստի չափ գազի գումար են վճարել: Ու այս տարի հրաժարվել են տունը գազով ջեռուցելու մտքից: Պարտք են վերցրել ու փայտ գնել:
Մեր զրույցի վերջում Լուսինեն պատմեց, որ իր հայրական տան միակ աղջիկն է եղել ու միշտ երազել ապրել մեծ ընտանիքում: «Անկախ ամեն դժվարությունից էրեխեքի մեջ հանգստություն ու ուրախություն եմ գտնում»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել