HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչվել է բազմաթիվ երկրներում (պարբերաբար թարմացվող)

Հոլանդիա

Ապրիլի 24-ին Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում, ինչպես նաև Ասսեն քաղաքում' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարերի մոտ, տեղի են ունեցել Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ:

Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից և աղոթքից հետո միջոցառումների մասնակիցներին ուղերձով դիմել է Հոլանդիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը' շեշտելով նահատակների հիշատակն անշեջ պահելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հաստատակամորեն շարունակելու կարևորությունն ու յուրաքանչյուր հայի պարտավորությունը' նպաստելու այդ գործընթացին:

Ֆրանսիա

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը և Արցախի ներկայացուցչությունը ծաղկեպսակներ են դրել Կոմիտասի արձանին: Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ Հայ Առաքելական մայր եկեղեցում Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցել է ռեքվիեմ-պատարագ` Ֆրանսիայում հայ կաթողիկե և ավետարանչական համայնքների առաջնորդների մասնակցությամբ:

Պատարագից հետո հավաքի մասնակիցները Փարիզի Հայ Առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցուց Շանզ-Էլիզե պողոտայով երթ են կազմակերպել դեպի Հաղթանակի կամար, ուր տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, ֆրանսիացի քաղաքական գործիչների, բարձրաստիճան զինվորականների, քաղաքացիական և կրոնական գործիչների մասնակցությամբ: Ծաղկեպսակներ են դրվել անհայտ զինվորի շիրմին, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Արարողության մասնակիցները շարունակել են երթը և հավաքվել Շանզ-Էլիզե և Ժորժ 5-րդ պողոտաների անկյունում, ուր տեղի է ունեցել բազմահազարանոց հավաք` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին և ի զորակցություն մայիսի 4-ին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրինագծի ընդունման:

Ելույթ են ունեցել ֆրանսահայ քաղաքական, հասարակական, կուսակցական գործիչներ, ֆրանսիացի պաշտոնյաներ, Սարսել, Կլամար քաղաքների քաղաքապետները, ֆրանսիացի մտավորականներ, Ֆրանսիայում ապրող հրեական, հունական, կիպրական, ասորական համայնքների ներկայացուցիչներ, գերմանաբնակ թուրք լրագրող Ալի Էրթեմը:

Հավաքի մասնակիցները Ֆրանսուա 1-ին փողոցով երթ են կատարել դեպի Կոմիտասի արձան, ուր անցկացվել է բազմահազարանոց հանրահավաք, և ծաղկեպսակներ են դրվել: Ելույթ ունեցողները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել ակտիվորեն մասնակցել մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի առջև կազմակերպվելիք հանրահավաքին` ի զորակցություն նույն օրը Սենատում քննարկվելիք, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրինագծի ընդունման:

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց բացվել է Ցեղասպանության ոգեկոչմանը և ժխտողականության մերժմանը նվիրված բացօթյա ցուցահանդես: Այն կազմակերպել է «Ժխտողականության դեմ հայկական հսկում» (Կոլեկտիվ ՎԱՆ) կազմակերպությունը` ֆրանսիական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությամբ:

Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի Հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս Նորին Սրբություն Գրեգուար Գաբրոյանը պատարագ է մատուցել ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա են եղել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, ֆրանսիացի բարձրաստիճան այրեր, կրոնական-հասարակական գործիչներ, քրիստոնեական քույր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները սկսվել էին դեռ օրեր առաջ:

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Մարսելում, Լիոնում, Վալանսում, Բորդոյում, Անտոնիում, Բանյոյում, Մեդոնում և այլ քաղաքներում: Հիշատակի պատարագներ են մատուցվել Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում: Կազմակերպվել են բանախոսություներ` Հայոց ցեղասպանության և ժխտողականության մերժման թեմաներով:

Ապրիլի 22-ին Փարիզի շրջակայքում գտնվող Բանյո և ապրիլի 23-ին Մեդոն-լա-ֆորե քաղաքներում քաղաքապետների մասնակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումներին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աշխատակիցները: Անցյալ տարի` ապրիլի 21-ին, Մեդոն-լա-ֆորե քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել էր Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի ընկած հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքար:

Ֆրանսիական առաջատար մամուլը (Le Figaro, Le Monde, Le Nouvel Observateur) անդրադարձել է Մեծ Եղեռնին, մասնավորապես` Հայաստանում, Թուրքիայում և Ֆրանսիայում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին, մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատում նախատեսված, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի քննարկմանը:

Ապրիլի 20-ի երեկոյան ARTE ֆրանս-գերմանական հեռուստաալիքը ցուցադրել է գերմանացի հետաքննող լրագրող Էրիկ Ֆրիդլերի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Աղետ» փաստավավերագրական կինոնկարի ֆրանսալեզու տարբերակը: Ֆիլմը նկարահանվել է 2010 թ. գերմանական 1-ին հեռուստաալիքի` ARD-պատվերով և կարճ ժամանակահատվածում արժանացել մի քանի մրցանակի, այդ թվում` Գերմանական հեռուստատեսության ամենահեղինակավոր Գրիմ մրցանակին:

Ֆրանսիայում գործող «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ ապրիլի 16-ին Փարիզի Սենտ-Օնորե հյուրանոցի սրահում ցուցադրվել է Պոտսդամ-Բեռլինում գործող Յոհաննես Լեփսիուս մշակութային միության նախաձեռնությամբ նկարահանված Պատմական Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Փյունիկը ծնվում է մոխրից» վավերագրական ֆիլմը, որի գիտական խորհրդատուն երջանկահիշատակ գերմանացի հայագետ, պրոֆ. Հերման Գոլցն է:

Միջոցառմանը ելույթներ են ունեցել «Արարատ» ակադեմիայի նախագահ պրոֆ. Հակոբ Կրկյաշարյանը, Յոհաննես Լեփսիուս միության և Վուպերթալում գործող Արմին Թեո Վեգներ ընկերության վարչության անդամներ Անտյե Ֆոլմերը և Համո Պետրոսյանը:

Սիրիա

Ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի 96-ամյակի կապակցությամբ, Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվել է Սբ. պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ` Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ապրիլի 25-ին սգո արարողություն է տեղի ունեցել Դամասկոսի հայոց գերեզմանատանը, ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի եղեռնի զոհերի հուշարձանին:

Արարողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում Հայաստանի դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:

Ռումինիա

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցլ են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ և ուսանողներ:

Մեծ պահքի պատարագից հետո Բուխարեստի Սբ. Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմը և Ռումինիայի Հայոց միությունը ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի միջոցառմանը ելույթ են ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև վրդ Հակոբյանը, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

«Արդեն 20 տարի պետական ծրագրված քաղաքականություն է տարվում Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը դրսևորվում է Հայաստանը շրջափակելով, միջազգային կազմակերպություններում հակահայ քայլերով ճնշում բանեցնելով մեր ժողովրդի կամքի վրա' հրաժարվելու իր իրավունքների պաշտպանությունից: Ամենավտանգավորը հայատյաց քարոզչության բորբոքումն ու ծավալումն է, պատմության և իրողության խեղաթյուրումը, ժխտողականությունը, ինչը, հաշվի առնելով այդ պետության ահռելի հնարավորությունները, ինչպես նաև ներկա հասարակությունների անտեղյակությունը իրականությունից, ավերածություններ է գործում և սպառնալիք ներկայացնում մեր ժողովրդի անվտանգության, մեր իսկ գոյության, մեր երկրի կենսունակության համար»,- ասել է դեսպան Համլետ Գասպարյանը:

Նա նշել է, որ թեև այդ սպառնալիքն անմիջականորեն հայերին է ուղղված, սակայն վտանգավոր է ողջ տարածաշրջանի և աշխարհի համար: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այդ անժամանցելի ոճիրի դեմ ժողովրդավարական հասարակությունների և մտավորականների բողոքն ու ձայնը, թուրքական հասարակության զանազան շերտերի ընդվզումը միակ պայմանն է' ստիպելու թուրքական կառավարությանը, որ վերջ տա այս անհեռանկար քաղաքականությանը, փակի այդ ամոթալի էջը:

Մինչ այդ Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ' Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների և այլոց վավերական լուսանկարները, որոնք պատմում էին հայերի տեղահանության և կրած տառապանքների մասին: Նկարաշարը ցուցադրվելու է մի քանի օր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Բոտոշան, Գալաց, Բակաու, Ֆոկշան, Տուլչեա, Կլուժ, Գեռլա, Գեորգեն և Դումբրավեն քաղաքներում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում' պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Մայիսի վերջին նախատեսվում է Ռումինիայի գիտությունների ակադեմիայում կազմակերպել դասախոսություն' Հայոց ցեղասպանության և Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ:

Ուրուգվայ

Ապրիլի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում տեղի է ունեցել միջոցառում' նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Միջոցառմանը, որի նախաձեռնողն էր «Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը», մասնակցել են Մոնտեվիդեոյի հայկական բոլոր կառույցները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի Ուրուգվայ-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ:

Միջոցառման գլխավոր բանախոսներն են եղել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան և վերջերս Թուրքիայի իշխանությունների դեմ դատական հայց շահած արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանը:

Ղազախստան

Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարությունը, Ղազախստանում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, կազմակերպել է հուշ-հավաք' ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Հավաքի մասնակիցները վաղ առավոտյան այցելել են տեղի ուղղափառ եկեղեցի և մոմ վառել' ի հիշատակ 1915թ. անմեղ զոհերի: Այնուհետև նրանք «Վան» հայկական մշակութային կենտրոնում ներկա են եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրությանը:

Ապրիլի 24-ի առավոտյան Ալմաթիի Սբ. Կարապետ Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի կարգ և այնուհետև պատարագ է մատուցվել թուրք ոճրագործների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակին: Կրոնական արարողությանը ներկա են եղել հարյուրավոր հայեր, որոնք մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը:

Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր Ալմաթիի հայկական մշակութային տան դահլիճում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում' նվիրված Մեծ եղեռնի տարելիցին: Միջոցառումը սկսվել է «Ադանա» տեսահոլովակի ցուցադրմամբ, որից հետո ելույթներ են ունեցել Սբ. Կարապետ եկեղեցու հովիվ Տեր Մարկոս քահանան և տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք համոզմունք են հայտնել, որ համայն մարդկությունը պետք է ժամանակին արժանի գնահատական տա ժողովրդի, ազգի, մարդկության դեմ նմանօրինակ հանցագործություններին, որպեսզի դրանք հետագայում բացառվեն:

Այնուհետև տեղի կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հնչել են Կոմիտասի «Կռունկը» և «Դլե յամանը»: Հիշատակի միջոցառումը «Խաչքար» պարով եզրափակել է «Նաիրի» պարի համույթը:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կայացել նաև Կարագանդայում, Պետրոպավլովսկում, Պավլոդարում, Ուստ Կամինագորսկում, Կոստանայում և Ղազախստանի այլ հայաշատ վայրերում:

Ղրղզստան

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ' Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը և «Նաիրի» հասարակական միությունը կազմակերպել են հուշ-հավաք և ծաղկեպսակների զետեղման արարողություն' հայկական խաչքարի առջև:

Հնդկաստան

Իսկ Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ ապրիլի 24-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մոտ երեք հազար մարդ աղոթել և հարգել է Հայոց մեծ եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, որը մեծ մխիթարություն էր սակավաթիվ հնդկահայ համայնքի համար:

Ամեն տարի' Սուրբ Զատկի տոնին, Կալկաթայի քրիստոնյաները հավաքվում են Անգլիկան Սբ. Պողոս մայր տաճարի հարակից տարածքում' փառաբանելու Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հոգևոր և մշակութային հանդիսությունը եզրափակում է Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկոպոսն իր Զատկական պատգամով:

Այս տարի, առ ի հարգանք Մեծ եղեռնի զոհերի, տոնախմբության կազմակերպիչները հրավիրել էին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանին' աղոթելու և իր պատգամը փոխանցելու:

Հայր Խորենը նախ հայերենով աղոթել է Մեծ եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա խոսել Հայոց ցեղասպանության մասին' ի մասնավորի ասելով. «Այդ կոտորածին զոհ գնացին անմեղ ու անպաշտպան մանուկներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ: Թուրքական ժխտողականության պատճառով Ցեղասպանությունից հետո մնացած մեր վերքը դեռ չի ապաքինվել, նրանից շարունակում է արյուն ծորալ: Մի ամբողջ ազգ խաչին գամվեց միայն քրիստոնյա, միայն հայ լինելու համար»:

Երեկոյին մասնակցել է նաև Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը' կատարելով հատվածներ Սուրբ պատարագից:

Շվեյցարիայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Ժնեւի արվարձան Տրուանեի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հիշատակի եւ հոգեհանգստի սուրբ պատարագ: Ռեքվիեմը կատարեց Գյումրիի «Տիրամայր Հայաստանի կենտրոնի» երգչախումբը:

Ծաղկեպսակ զետեղվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողին: Արարողությանը մասնակցում էին Շվեյցարիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները, հասարակական եվ քաղաքական գործիչներ:

Նույն օրը ավելի քան 1000 հայ երիտասարդներ Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Հայաստանից, Իսրայելից ու Լիբանանից, ինչպես նաեվ Շվեյցարիայի տարբեր շրջաններից եկած հայկական համայնքի ներկայացուցիչներ երթով շարժվեցին դեպի Ազգությունների հրապարակ: Այստեղ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի հայկական, հրեական, ռուանդական եվ քրդական համայնքների երիտասարդության ներկայացուցիչները:

Կանադայում

Ապրիլի 25-ին Կանադայում' ՀՀ դեսպանությունում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման ավանդական արարողություն: Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարները, մամուլի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ Օտտավայից, Մոնրեալից եւ Տորոնտոյից:

Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղվեցին դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ։ Ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, կատարվեց ոգեկոչման եկեղեցական արարողություն:

Ոգեկոչման արարողությունն այնուհետեւ շարունակվեց Կանադայի խորհրդարանի առջեւ, որին հետեւեց երթ Օտտավայի փողոցներով, ինչպես նաեւ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանության առջեւ:

Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։

Արգենտինայում

Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի «Ոսկեզօծ դահլիճում» Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո' նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, «Արմատական քաղացիական միության» նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը:

Հանդիսավոր երեկոյին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, արգենտինահայ համայնքային կառույցների երեք հարյուրից ավելի անդամներ, բազմաթիվ լրագրողներ:

Ելույթ ունեցողները նշեցին, որ «հակառակ օսմանյան իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերին' հայերն այսօր թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել եւ դատապարտել 96 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը:

Նախօրեին' ապրիլի 24-ին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացած Սուրբ Զատիկի պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Ապրիլի 24-ի երեկոյան պետական «Encuentro» /Հանդիպում/ հեռուստաալիքով ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» փաստավավերագրական կինոնկարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter