HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«JIT Express» ընկերության պատճառով տուժողներն ավելացել են

Բուլղարական բեռնափոխադրող «Ասիա Կարգո» ընկերությունը դեռևս չի կարողացել ստանալ իր գումարները հայկական «JIT Express» ընկերությունից, որի տնօրենը փաստաբան Օվսաննա Ստեփանյանն է: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը «Ասիա Կարգո» ընկերությունը հայկական «JIT Express» ընկերությունից Գերմանիայից եւ Ավստրիայից 10 մեքենա ապրանք փոխադրելու պատվեր է ստացել:

Պատվերը նախատեսված է եղել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերության համար: Սակայն «JIT Express»-ը չէր վճարել պատվերի ողջ արժեքի մի մասը' 30 850 եվրոն' պատճառաբանելով, որ բեռները վնասված են եղել: Մինչդեռ բեռնագրերում բեռների վնասված լինելու մասին որևէ նշում չի եղել:

Կանիո Պիրոնկովը, այլեւս որեւէ ելք չունենալով, կանգնեցրել էր Օվսաննա Ստեփանյանի' Իտալիայից բեռնափոխադրման մեկ այլ պատվեր, որի մասին պատահաբար է իմացել, երբ գործընկերն իր միջոցով է իրականացրել այն: Օվսաննան այս ամենում ներքաշել էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը զանգահարել էր Կանիոյին և զգուշացրել, որ անպայման բեռներն ուղարկի, ուրիշի բեռը պահելու իրավունք չունի: Սակայն Կանիոն ասում է, որ իր գումարները չվճարելու իրավունք Օվսաննան ևս չունի:

Ի վերջո, Օվսաննա Ստեփանյանը 2010-ի դեկտեմբերին վճարել է սկզբից 14 600, այնուհետև նաև 3400 եվրոն, մնացել է 12 850 եվրո: Այդ գումարի համար նա երաշխավորող նամակ է ուղարկել, որ կվճարի նաև մնացած պարտքը: Կանիոն համաձայնել է փոխադրել բեռը: Միաժամանակ Օվսաննա Ստեփանյանը երաշխավորել է, որ 2850 եվրոն կվճարի վարորդին' նրա Երևան ժամանելուն պես, մնացած 10 000 հազար եվրոն մինչև հունվարի վերջ այն դեպքում, եթե անվնաս ստանան բեռը մինչև հունվարի 10-ը:

Արդեն 5 օր է'բեռնափոխադրող մեքենան կանգնած է Երևանի մաքսատանը, սպասում է, որ պատվիրատու ընկերությունը ստանա բեռը, սակայն «JIT Express» ընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը չի գնում և չի վճարում խոստացված նախնական գումարը: Բուլղարացի վարորդ Գեորգին առողջական խնդիրներ ունի, տառապում է հոդատապով (պոդագրա): Նրա դեղերը վերջացել են, իսկ խոստացված գումարը դեռ չի ստացել և չի կարողանում դեղ գնել:

Օվսաննա Ստեփանյանի հետ երեկ կարողացանք կապ հաստատել: Ասաց, որ քաղաքում չէ, Վանաձորում է, զբաղված է և հարմար չէ խոսել, երբ ավարտի' ինքը կզանգի: Այդպես էլ չզանգեց: Այսօրվա մեր փորձերը կրկին կապ հաստատել նրա հետ նույնպես զուր անցան, հեռախոսազանգերին չի պատասխանում:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ «JIT Express»-ին բեռների փոխադրում պատվիրող «Պրոֆպրոեկտ» ընկերությունից, ում բեռը այս պահին մաքսատանն է: Տնօրեն Արման Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք բեռների նախնական զննում կատարել են, որևէ վնասվածք չեն հայտնաբերվել: Այս պահին ընթանում են մաքսազերծման գործընթացները և մոտ օրերս բեռները կընդունեն: «Դա մաքսային կոմիտեից է կախված, գործընթացների մեջ է, երկուշաբթի ամենաուշը կավարտվի»,- ասաց տնօերնը:

Իսկ թե ինչու Օվսաննա Ստեփանյանը չի պատասխանում կամ չի կատարում խոստացած վճարումները, դրա հետ «Պրոֆպրոեկտը» կապ չունի: Արման Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը դեռ մի քանի ամիս առաջ վճարել է «JIT Express»-ին իր պատվերի համար. «Իմ բեռները ուշացել են, բանակցությունների մեջ ենք եղել, եվրոյի կուրսի հետ խնդիրներ ունեցա, չհաշված այդ ամենը ես զուտ մարդկային առումով բոլոր վճարումները կատարել եմ»:

Արման Կարապետյանը նշեց, որ կապված եվրոյի օրեցօր բարձրացման հետ իրենց ընկերությունն արդեն տուժել է, և շատ զղջում է, որ գործարք է կնքել «JIT Expess»-ի հետ: Արման Կարապետյանն ասում է, որ պատասխանատվության է ենթարկելու «JIT Expess»-ին' կապված իր պատվիրատուի պահանջների հետ:

«Իմ պրոբլեմը շատ ավելի մեծ է քան վարորդի կամ Կանիոյի կամ իրենց 12 հազար եվրոյի պրոբլեմը, որովհետև ես 120 հազար եվրո արժողությամբ ապրանք եմ պատվիրել, որը որ չեմ կարող պատվիրատուին հասցնել»,- ասաց «Պրոֆպրոեկտի» տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter