HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը և Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային: Բարձր գնահատելով Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը ևս մեկ քայլ կլինի երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում:

«Հայաստանը և Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջև առևտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները և քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ վրացական կողմին առաջարկվելու է միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաև միասնական մաքսային կետեր ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը և այլն:

Իր հերթին Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացումը ևս կքննարկվի նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի, Մեղրիից Բաթում ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սև ծով ընկած ճանապարհի երկարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter