
Տարածաշրջանի միակ «PARAM» գերհամակարգիչը հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնում է
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հնդկաստանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի մասնակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն՝ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում:
Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն:
Վարչապետը նշել է, որ կենտրոնը նոր թափ է հաղորդելու ՏՀՏ ոլորտի հետազոտական աշխատանքներին և ուսումնական ծրագրերի իրականացմանը: Կենտրոնի դասախոսները վերապատրաստվել են Հնդկաստանում և ուսումնասիրել դասավանդման ոլորտի նոր մեթոդները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ նրանց կուտակած փորձն օգտակար է լինելու նաև Գյումրու տեխնոպարկի զարգացման աշխատանքներում:
Կենտրոնն ապահովվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և համակարգչային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, նաև համալրվել է «PARAM» գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է: Այն, վարչապետի խոսքով, բացառիկ հնարավորություն է ստեղծելու առաջին հերթին նոր հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագրի գործընկերն է Երևանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:
Մեկնաբանել