
Երեք կանանցից ո՞ր մեկը՝ Հերմինե Նաղդալյա՞ն, Նաիրա Զոհրաբյան, թե՞ Հեղինե Բիշարյան
Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պաշտոնը թողնելու և ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու մասին, մամուլում քնարկվում է հաջորդ ԱԺ նախագահի հարցը: Գալուստ Սահակյանից բացի՝ խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկն էլ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն է:
Այս փնտրտուքը դեռ չլուծված՝ այժմ էլ 131 պատգամավորի մեջ փնտրվում է ԱԺ փոխնախագահի տեղակալ, իհարկե եթե Սամվել Նիկոյանն ընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում:
ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը նույնպես ՀՀԿ-ինն է, և ըստ կուլիսային խոսակցությունների՝ ՀՀԿ-ն այս անգամ որոշել է, որպես «բարի կամքի դրսևորում»՝ այն փոխանցել կոալիցիոն գործընկերներից մեկին' ԲՀԿ-ին կամ ՕԵԿ-ին:
Վերջին երկու դեպքում էլ խոսվում է կին թեկնածուների մասին: Եթե այդ պաշտոնը վստահվի ԲՀԿ-ին, ապա այն զբաղեցնելու է Նաիրա Զոհրաբյանը, իսկ եթե վստահվի ՕԵԿ-ին, ապա՝ Հեղինե Բիշարյանը: Իսկ եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշի իր ձեռքում պահել փոխնախագահի պաշտոնը, ապա այս դեպքում շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը:
«Բայց ինչպե՞ս կարող է այդպես լինել,- «Հետքի» հետ զրույցում զարմացավ Հեղինե Բիշարյանը:- Չի կարելի այդպիսի անհեթեթ հարցեր դնել շրջանառության մեջ և մեզ հնարավորություն տալ դա ապացուցելու: Նման բան չկա: Եթե չկա առաջարկ, ո՞նց կարելի է այդ մասին խոսել»:
Նաիրա Զոհրաբյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նրա բջջային հեռախոսն անջատված էր:
Մեկնաբանել