
Կոռուպցիայի հանրային հետաքննությունը՝ իրավիճակը փոխելու միակ տարբերակ
«Հետքի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը
-Պարոն Դանիելյան, ժամեր անց ուժի մեջ կմտնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Այս օրերին Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ այդ խնդրի վերաբերյալ բողոքի ակցիա են անում, սակայն նրանք փոքրաթիվ են: Ի՞նչ եք կարծում, հանրությանը հանգստացրե՞ց միջազգային աուդիտի մասին նախագահի մակարդակով պաշտոնական հայտարարությունը, թե՞ Բաղրամյանը փակած ակտիվ մասսան առայժմ սպասողական վիճակում է կամ դեռ չի կողմնորոշվել նոր քայլերի վերաբերյալ:
-Գնահատականները կարող են տարբեր լինել: Ես կարող եմ ընդամենը իմ կարծիքը հայտնել: էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացման պահանջը իմ կարծիքով թերի է: Բուն խնդիրը դա չէ: Բոլոր երկրներում էլ նման բաներ տեղի են ունենում: Խնդիրը ՀԷՑ-ում տեղի ունեցած խոշոր չափի կոռուպցիան է, որին, ըստ մամուլում տարածված տեղեկատվության մասնակից է եղել կառավարությունը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք և կազմակերպությունները: Մյուս կողմից՝ կա Աբել Աղանբեգյանի հարցազրույցը, որտեղ նա դեռևս մի քանի տարի առաջ կանխատեսել էր նման զարգացումը և դրա մասին որպես փորձագետ հայտնել է կառավարությանը, սակայն կառավարության առնվազն հանցավոր անգործության պատճառով իրավիճակը չի շտկվել:
Սա է խնդիրը, և իմ կարծիքով՝ հարցադրումը պետք է փոխել: Ճիշտ և հիմնավորված հարցադրումը նորից փողոց կհանի մարդկանց, իսկ ոչ կոռեկտ հարցադրումը նման արձագանք չի ունենա: Իմ կարծիքով՝ հանրությունը պետք է համապատասխան ոչ ֆորմալ կառույցներ ձևավորի և հանրային հետաքննություն սկսի: Դա է իրավիճակը փոխելու միակ տարբերակը: Սա Հայաստանում քաղաքական գործընթացներ սկսելու միակ ձևն է: Արդյո՞ք դրան ունակ է հանրությունը, թե՞ ոչ, դա է հիմնական խնդիրը, որը կա Հայաստանում:
-Այսինքն՝ հանրությունը սլաքները ՀԷՑ-ից զատ ու գուցե առաջին հերթին պիտի ուղղի իշխանությա՞նը:
-Այսինքն՝ հանրությունը պետք է իշխանությանը զուգահեռ կառույցներ ձևավորի և զբաղվի կոռուպցիայի բացահայտմամբ և լինի հետևողական այդ հարցում: Այն երկրներում, որտեղ ընտրական համակարգը չի գործում, իշխանությունը փոխվում է զուգահեռ կառույցների ստեղծման միջոցով: Կոռուպցիայի բացահայտումը այն խնդիրն է, որը լեգիտիմ հիմք է հանդիսանում նման կառույցների ձևավորման համար, քանի որ պաշտոնական դատական համակարգը անկախ չէ և չի վայելում հանրության վստահությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել