Խաղաղ բողոքի ակցիա` Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև
Ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվեց խաղաղ բողոքի ակցիա` «Մենք հիշում և պայքարում ենք հանուն արդարության» կարգախոսով: Ակցիան, որին մասնակցում էր շուրջ 600 մարդ, կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնքը»:
Հավաքվածները պահանջում էին ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղապսանությունը: «Մենք հավաքվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և պայքարենք Թուրքիայի վարած Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ»,- իր ելույթում ասաց Վրաստանի հայ ուսանողների միության նախագահ Արմեն Աղաջանովը:
ՎՀՈՒՄ անդամ Դավիթ Մզիկյանի խոսքով էլ, պայքարը այն ստի և քարոզչության դեմ է, որը Թուրքիան տարածում է ամբողջ աշխարհում: «96 տարի անց էլ մեր ժողովուրդը շարունակում է այն սուրբ պայքարը, որը սկսել են մեր պապերը: Մենք այս պայքարը շարունակող սերունդն ենք»,- ավելացրեց Դավիթ Մզիկյանը:
«Վրաստանի հայ համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանը կարևորում է այն, որ Հայ Դատի պայքարի գործում ակտիվ մասնակցություն ունեն հատկապես երիտասարդները: «Դա է մեր ապագան, դա է մեր հույսը: Տեսնում եք, թե ինչպես է տրամադրված ժողովուրդը, մանավանդ երիտասարդությունը: Դա հույս է ներշնչում, որ մեր ժողովուրդը հավերժ կապրի, քանի դեռ պատրաստ է պայքարել իր իրավունքների համար»,- համոզված է նա:
Մի քանի տարի շարունակ անցկացվող բողոքի ակցիային առաջին անգամ մասնակցում էր նաև Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչը:
Թուրքական դեսպանատան մոտ բողոքի ցույցին ամեն տարի մասնակցում են նաև Վրաստանի ազգային մի շարք փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այս տարի ցույցին մասնակցում էին Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել