
Տորոնտոյում հանգանակված 20.000 դոլարը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը
Ս/թ հոկտեմբերի 30-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը «Հայ կենտրոն» համալիրում բարեգործական համերգ էր կազմակերպել տորոնտոյաբնակ երիտասարդ երգիչների, երաժիշտների եւ պարային խմբերի մասնակցությամբ: Համերգի խորագիրն էր «Մշակութային կամուրջ Տորոնտոյից Շուշի` աշխարհում երկրորդ լավագույն քաղաքից մինչեւ առաջինը»:
Մասնակիցները հանդես եկան օպերային, դասական, ժողովրդական եւ ջազային երաժշտության գեղեցիկ նմուշներով: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի խոսքով` սա լավ հնարավորություն էր մեր երիտասարդների համար անձամբ մասնակից լինելու Հայաստանում ու Արցախում իրականացվող կենսական նշանակության ծրագրերին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ համերգին ներկա էր շուրջ 400 հանդիսատես, ում ընդհանուր ջանքերով հանգանակվեց մոտ 20.000 դոլար, որը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգման ծրագրին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմիմը գործում է 1992 թվականից, Հիմնադրամի ստեղծման օրվանից: Մինչ այսօր տեղական մարմինն իրագործել է 40 մեծ ու փոքր ծրագիր Արցախում ու Հայաստանում, այդ թվում` կառուցվել է 5, վերանորոգվել 2 դպրոց, 11 գյուղ ու քաղաք ապահովվել է ջրով, թվով 4 գյուղում բնական գազ է անցկացվել: Ներկայումս եւս 4 կարեւոր ծրագիր է իրականացվում Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ` Շուշիի մշակույթի տան վերակառուցումը, Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նեֆրոլոգիայի բաժանմունքի նորոգումը եւ Նորքի տուն-ինտերնատի երկու հարկերի նորոգումը Երեւանում:
Մեկնաբանել