Բաքվի մրցագորգում այսօր հայ ազատոճային ըմբիշներն են
Բաքվում ընթացող Եվրոպաղական խաղերում Հայաստանի ազատ ըմբշամարտի վեց ներկայացուցիչներից Գարիկ Բարսեղյանը /57կգ/, Դավիթ Սաֆարյանը /65կգ/ և Գրիգոր Գրիգորյանը /74 կգ/ այսօր ելան ասպարեզ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:
Գրիգորյանը երկրորդ փուլում 1:8 հաշվով պարտվեց բուլղար Կիրիլ Տերզիևին, բայց բուլղարացին չի մտել եզրափակիչ, որի պատճառով մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք չստացավ:
Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկ հաղթանակ տոնելուց հետո ճաշակեց պարտության դառնությունը և վերածվեց հանդիսականի:
Առաջին հանդիպումը հաղթանակով ավարտեց Գարիկ Բարսեղյանը: Նրա երկրորդ մրցակիցը տանտերերից Յաշար Ալիևն էր: Մեր ըմբիշը սկզբից ևեթ անակնկալի եկավ մրցակցի ձեռնարկած բուռն գրոհներից ու միավորներ կորցրեց` 0:6: Գարիկը սթափվեց, երկու միավոր վաստակեց ու դրանից հետո մրցագորգի վրա ծավալվեց անզիջում, կարելի է ասել, արտակարգ լարված մրցավեճ: Ավաղ, արդեն ուշ էր ու Գարիկը գլխիկոր հեռացավ ասպարեզից: Այժմ մեր ըմբիշը սպասումի մեջ է, հույսով, որ Ալիևը կմտնի եզրափակիչ, և այդ պարագայում հայ պատվիրակը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա:
Եվրոպական առաջին խաղերի ծրագրով ազատ ըմբշամարտի երկրորդ փուլը կանցկացվի վաղը՝ հունիսի 18-ին: Հայաստանի մարզիկներից ասպարեզ կելնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը /71կգ/, Մուսա Մուրթազալիևը /86 կգ/ և գերծանրքաշային Լևան Բերիանիձեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել