Հրաչիկ Բաբայանը Բաքվում գրավեց 5-րդ տեղը
Եվրոպայի մարզական առաջին խաղերում Հայաստանից այսօր կրակագիծ ելավ երևանցի հրացանակիր, 19-ամյա Հրաչիկ Բաբայանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, նախնական կրակահերթերից պարզվեց, որ մեր շնորհալի երիտասարդը ամենևին էլ չի երկնչում տիտղոսակիրներից, և որ ինքն ունի սուր աչք, չդողացող ձեռքեր ու կրակում է անվրեպ: Ավելին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հրաձգության մասնագիտացված մարզադպրոցի սանը վաստակեց 629,3 միավոր, սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, գրավեց առաջին տեղը և մտավ վճռական փուլ:
Նրա գործերը սկզբում հաջող էին ընթանում լավագույն ութնյակի պայքարում: Հրաչիկը կարող էր մեդալակիր դառնալ, եթե չդավաճաներ տակտիկան, որն առաջին հերթին բացատրվում է մրցափորձի պակասով: Մեր նշանառուն 143,3 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը և անմասն մնաց խաղարկված մեդալներից: Այս ստուգատեսը Հրաչիկի կյանքում ընդամենը երկրորդն է մեծահասակների մրցավեճում: Նա հեղինակությունների պայքարին առաջին անգամ մասնակցեց ընդամենը կես ամիս առաջ Գերմանիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում: Եթե այնտեղ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Այվազյանի սանը չկարողացավ եզրափակիչ մտնել, ապա Եվրոպայի խաղերում նրա այսօրվա առաջընթացը պետք է լիովին բավարար համարել, թեև այս արդյունքը Հրաչիկին չտվեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:
Ըստ ՀԱՕԿ-ի՝ Հրաչիկը ազդվել է մրցակիցների տիտղոսներից և նրանց հարուստ մրցափորձից: Հակառակ դեպքում նա կարող էր խոցել 204,3 նիշ, որի շնորհիվ արծաթե մեդալակիր դարձավ դեռևս անցյալ տարի Նանկինում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում:
Օլիմպիական կոմիտեն հույս է հայտնում, որ Հրաչիկ Բաբայանը եվրոպական խաղերից, այնուամենայնիվ, մեդալով և օլիմպիական վարկանիշով կվերադառնա հայրենիք՝ նկատի ունենալով նրա մասնակցությունը հունիսի 21-ին կայանալիք 50 մետր մրցատարածությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել