Կողմնակալ մրցավարություն Բաքվում. այդուհանդերձ, Հայաստանի դրոշը բարձրացվել է Ադրբեջանում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բաքվից այս գիշեր կվերադառնան հայրենիք: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Առաջինը մրցագորգ դուրս եկավ Ռոման Ամոյանը (59կգ), որը վերջնարդյունքում չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ դժգոհելու տեղիք չտվեց նաև Կարապետ Չալյանը (75կգ), որը մեկնարկում պարտվեց դանիացի հեղինակավոր մրցակցին:
Իսկ ահա լիովին գոհացրեց Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Նրա առջև զենքերը վայր դրեցին Լիտվայի (5:5), Չեխիայի (8:1), Ադրբեջանի (9:0) պատվիրակները: Մաքսիմին ասես զայրացրել, նոր լիցք էր տվել ադրբեջանցի մարզասերների բարձրացրած վայնասունը: Այն լռեցնելու համար երևանցի վարպետը նախ հզոր ցնցումներով «խոշտանգեց» բաքվեցուն, ապա իր գրոհները չգնահատող մրցավարներին ծնկի բերեց չորս միավորով գնահատված ֆանտաստիկ` արտակորվելով և մեծ շառավղով կատարած հնարքը: Հապա գլորումները, գեղեցիկ անցումով ադրբեջանցու թիկունքում նրա հայտնվելը: Դահլիճը ի վերջո պապանձվեց: Բայց երբ մրցավարը ի նշան հաղթանակի բարձրացրեց հպարտ ու հանդարտ կանգնած երևանցու ձեռքը, մթնոլորտը դարձյալ լցվեց վայնասունով: Եռանդուն գրոհներով ու գործողություններով տոնած տպավորիչ հաղթանակները խլել էին Մաքսիմ Մանուկյանի ուժերը: Սա պարզորոշ երևաց կիսաեզրափակիչում ուկրաինացու դեմ պայքարում: Սկզբում հանդիպումը 4:0 հաշվով գլխավորում էր մեր ըմբիշը: Ապա զգալ տվեց բացահայտ հոգնածությունը, որի հետևանքով ուկրաինացին շահեց 12 միավոր: Իսկ բրոնզի համար թուրք մրցակցի դեմ գոտեմարտում բացահայտ դրսևորվեց մրցավարական կողմնակալություն (0:3), որի հետևանքով հայ վարպետը զրկվեց պատվանդանին արժանիորեն կանգնելու հնարավորությունից:
Կողմնակալ մրցավարության հետևանքով տուժեցին նաև Ռոման Ամոյանը և Միհրան Հարությունյանը (66 կգ): Վերջինը մեծ առավելությամբ հաղթել էր իսպանացի Սանչես Նավարոյին (6:0), բուլղարացի Կոնստանտին Ստասին (8:0), սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (9:1), կիսաեզրափակիչում` ադրբեջանցի Հասան Ալիևին (8:5) ու մտել էր վճռական փուլ: Ոսկու համար պայքարում մեր ըմբիշը 0:3 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին: ՀԱՕԿ-ը ներկայացրել է մրցակցի շահած միավորների միակ տարբերակը: Գոտեմարտի ամբողջ վեց րոպեի ընթացքում Միհրանը գրոհում էր, իսկ Արտյոմը` պաշտպանվում: Սա չնկատելու տվեց մրցավարը, որը կարծես հենց ակտիվություն դրսևորելու համար, չգիտես ինչու, չորեքթաթ դիրքի հրավիրեց Միհրանին: Մեր շնորհալի մարզիկը որևէ միավոր չկորցրեց: Սա չարյաց փոքրագույնն էր, քանզի երևակայական ակտիվ մրցակցին կանոնակարգով արդեն շնորհվել էր մեկ միավոր: Երկրորդ մրցակեսի միջնամասում Միհրանը շարունակում էր գրոհները, իսկ խուլ պաշտպանությունը շարունակող, մի կերպ ոտքի մնացած Արտյոմ Սուրկովը դարձյալ երևակայական ակտիվություն ցուցաբերելու համար ստացավ երկրորդ միավորը: Այդ պարագայում մեր զուսպ մարզիչները ստիպված եղան բողոքարկել` մրցագորգ նետելով համապատասխան բազմանկյունին (չելենջ): Տեսագրությունից պարզվեց, որ «իսկապես ակտիվ է Սուրկովը» և մարզիչների սխալի համար ևս մեկ միավոր շնորհվեց ռուսաստանցուն:
Միհրան Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը, դարձավ Եվրոպայի մարզական առաջին խաղերի փոխչեմպիոն և պարգևատրվեց արծաթե մեդալով: Սա մեր պատվիրակության հաշվին գրանցված առաջին մեդալն է:
ՀԱՕԿ-ը հաջողության առթիվ շնորհավորել է ըմբիշին, նրա անձնական մարզիչներ Ռուբեն Թաթուլյանին,Սամվել Գևորգյանին և մոտ անցյալի նշանավոր ըմբիշ Կարեն Մնացականյանի գլխավորած ՀԱՕԿ-ի ըմբշամարտի մասնագիտացած մարզադպրոցի համակազմին, որին անդամագրված է ծնունդով էջմիածինցի Միհրան Հարությունյանը:
Այսօր մրցավայր մեկնեց ազատ ըմբշամարտի մեր հավաքականը, որը համալրված է վեց մարզիկով: Նրանք մրցագորգ կելնեն հունիսի 17-ին և 18-ին:
Արդեն մրցավայրում են մեր վեց բռնցքամարտիկները: Նրանց մրցումները կանցկացվեն հունիսի 16-ից 27-ը, իսկ այսօր հայաստանցի մասնակիցները ազատ են մրցումներից:
Լուս.՝ armfootball.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել