Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Մեծարգո պարոն նախարար,
Սույն բաց նամակով իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ այն բանի համար, որ Ձեր ղեկավարած կառույցում աշխատում են մարդիկ, որոնցով կարելի է իսկապես հպարտանալ, ովքեր մեր իրականության դժվարին ոլորաններում չեն կորցրել կարեկցելու ունակությունը, հայրենակիցների և հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը: Ներկայիս ծանր առօրյայում, ցավոք, մենք հազվադեպ ենք հանդիպում հայրենասիրության վեհ զգացումի դրսևորումների, և այդ պատճառով իմ այս խոսքերը կարող են ոմանց թվալ վերամբարձ, մինչդեռ, ինչպես ցույց է տալիս կյանքը, մարդկանց մասին պետք է կարծիք կազմել ըստ իրենց արարքների, այլ ոչ թե խոսքերի:
Անդրադառնալով սույն նամակի նախապատմությանը՝ նշեմ, որ այս տարվա մարտ ամսին ես պատիվ ունեցա ականատեսը լինելու ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ ռազմական հարցերով կցորդ Գարեգին Մարգարյանի՝ իր հայրենակցի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի դրսևորումներից մեկին: Վերջինս ոչ միայն պարզապես օգնեց կազմակերպելու ինձ համար կենսական նշանակություն ունեցող և ջերմաստիճային ռեժիմի խիստ կանոնների և ժամկետների պահպանում պահանջող դեղամիջոցների՝ Փարիզից տեղափոխումը, այլև անմիջական մասնակցություն ունեցավ առաքման ամբողջ գործընթացում: Պարոն Մարգարյանի աջակցությունը ոչ միայն դրսևորվեց «Շառլ դե Գոլ» օդանավակայանում դեղամիջոցների պահպանման պայմանների նկատմամբ հսկողության իրականացմամբ և դեղամիջոցների շուտափույթ առաքման հարցում օժանդակությամբ, այլև ավիափոխադրողի՝ «Էյր Ֆրանս» ավիաընկերության ոչ պատշաճ գործելաոճի արդյունքում ուղևորների ուղեբեռների, այդ թվում՝ դեղամիջոցների՝ հերթական անգամ ՀՀ տեղափոխման հարցում առաջացած խնդիրների կապակցությամբ հետագա օգնության ցուցաբերմամբ:
Անձամբ չճանաչելով ինձ՝ պարոն Մարգարյանը ոչ միայն պատրաստակամություն հայտնեց աջակցելու ստեղծված իրավիճակում, ինչն ընդհանրապես նրա ծառայողական պարտականությունը չէր, այլև անմիջականորեն հանձն առավ «Շառլ դե Գոլ» օդանավակայանի աշխատակիցների գործողությունների կոորդինացումը՝ կապված դեղամիջոցների ջերմաստիճանային ռեժիմի պահպանման հետ: Այդ մի քանի օրերի ընթացքում, երբ ամեն վայրկյանը շատ թանկ էր ինձ համար և լի լարվածությամբ՝ պայմանավորված «Էյր Ֆրանս» ավիաընկերության անպատասխանատու գործելաոճով, ինչի հետ ես, ինչպես նաև մի շարք այլ ուղևորներ բախվեցինք ուղեբեռների միաժամանակյա չառաքման և միայն 1 շաբաթ անց առաքման արդյունքում, պարոն Մարգարյանն ինձ պարբերաբար անձամբ զանգահարում էր՝ տեղեկություններ հաղորդելու զարգացումների վերաբերյալ: Նրա սրտացավությունը, կարեկցելու ունակությունը, բարությունը, պատրաստակամությունը՝ օգնելու իր հայրենակցին ոչ թե հայրենիքում, այլ վերջինիս սահմաններից դուրս, իմ մեջ արթնացրեցին խորին երախտագիտության անկեղծ զգացում: Ինձ հատկապես հուզեց իմ երախտագիտության խոսքերին ի պատասխան հնչած նրա հետևյալ արտահայտությունը. «Կարիք չկա շնորհակալություն հայտնելու: Ես ծառայում եմ իմ հայրենիքին, իմ հայրենակիցներին. ի՞նչ տարբերություն՝ հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս: Ես, ինչպես և ցանկացած զինվոր, ուրախ եմ օգտակար լինել Ձեզ ինչ-որ հարցում»: Այս բառերն իսկապես հուզեցին ինձ մինչև հոգուս խորքը և արցունքներ բերեցին աչքերիս: Սակայն այս անգամ դրանք ուրախության արցունքներ էին, հպարտության արցունքներ իմ հայրենակցի համար, ով, լինելով զինվորական և իր կյանքի ընթացքում բախված լինելով տարբեր իրավիճակների, միևնույն է, չի կարծրացել և պահպանել է մարդկային բարձր որակները:
Իրականում, հավատացած եղե՜ք, որ սույն բաց նամակը որոշեցի գրել ոչ միայն երախտագիտության զգացումից դրդրված, չնայած որ մինչ օրս այդ զգացումը պարուրում է ինձ, այլև այնպիսի ազգի ներկայացուցչով հպարտանալու զգացումից դրդված, ով, իր պատմության ամբողջ ընթացքում անցնելով ծանրագույն փորձությունների միջով, կարողացել է պահպանել իր ինքնությունն, արժանապատվությունը, բարությունը և սրտացավությունն՝ օրինակ ծառայելով ուրիշների համար:
Կիսելով Ձեզ հետ իմ այս պատմությունը և ցգացումները՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ որպես Գարեգին Մարգարյանի անմիջական ղեկավարի, հայտնել իմ երախտագիտությունը:
Հարգանքով,
Կարինե Վարդազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել