
«I Will Survive»՝ երբեք չհանձնվելու բանաձև, որն օգնել է ապրել հայտնի Գլորիա Գեյնորին
Նաիրա Հայրապետյան
1978թ. հոկտեմբերին թողարկվեց «I Will Survive» երգը Գլորիա Գեյնորի կատարմամբ: Երգչուհու կյանքում սա ամենահայտնի երգն է` վաճառված միլիոնավոր օրինակներով: Սուպերհիթ, որը իր համատարած հաջողության արդյունքում կոչվեց դիսկո-հիմներգ և «RIAA» կազմակերպության կողմից «պլատինե» կարգավիճակի արժանացավ: Երգն իր ծնունդից մի քանի տարի անց ավելի հեռու պիտի գնար՝ երաժշտական ընկալումներից տարածվելով դեպի սոցիալական խնդիրների դաշտ. «I Will Survive»-ը շատ հաճախ օգտագործվել է որպես ֆեմինիստական շարժման (իբրև կանացի հզորության) խորհրդանիշ, միասեռականների, ՄԻԱՎ- ով վարակվածների և հասարակության միջև, այսպես ասած, համերաշխության երգ: Դիսկո դարաշրջանի մեծագույն հաղթանակներից մեկի հեղինակներն են Ֆրեդի Փերենը և Դինո Ֆեկարիսը: «Motown Records»-ի նախկին, բավականին հաջողակ երգահանները մի առավոտ շատ անակնկալ հայտնվեցին գործազուրկների շարքում. նրանց ազատել էին աշխատանքից: Ընկերության հետ յոթամյա համագործակցությունից հետո այդ իրավիճակում հայտնված Ֆեկարիսը սկզբում չէր պատկերացնում, թե ինչ պետք է լինի հետո: Բայց ընկերները հոգեպես նեցուկ եղան միմյանց: Հուսալքության, ընկճվածության մեջ ծնվեց մի գործ, որն ասես նրանց վստահեցնում էր, որ ամեն ինչ դեռ առջևում է, պետք է ուժեղ լինել : «Ես ապրելու՛ եմ» որոշումը արդեն երգ դարձած ճանապարհ ընկավ: Կարճ ժամանակ անց, կատարողի ընտրության փնտրտուքների մեջ հայտնվեց Գլորիա Գեյնորը: Նա ամբողջովին համապատասխանում էր այս երգին:
Շատերն են կարծում, որ երգի հաջողության ուժը մարդկային ծանր հոգեվիճակի արդյունքն է, որում հայտնվել էին հեղինակներն ու կատարողը: Ապրելու, վերածնվելու մեծ ջանք և հույս, որին գումարվել է երգչուհու չափազանց զգացմունքնային ներդրումը: Հեղինակներից ոչ պակաս ընկճված վիճակում գտնվող Գեյնորն այս տրամադրությանը խառնել է նաև սեփական հույզերն ու այնքան զգացմունք է ներդրել դրա մեջ, որ այն լսելիս թվում է, թե կատարում է սեփական պատմությունը: Ամերիկյան այս դիսկո աստղն արդեն հայտնի էր 1975թ-ից, երբ թողարկվեց «Never Can Say Goodbye» ալբոմը: Մեկ-երկու տարի անց նրան արդեն սկսեցին անվանել «Դիսկոյի թագուհի»: Սակայն հաջողությունը շատ կարճ կյանք պիտի ունենար, եթե ճակատագիրն իրերը այլ կերպ չդասավորեր: Գլորիայի կյանքում սկսեցին իրար հետևից ներխուժել տխուր իրադարձություններ: Նախ՝ մահացավ մայրը: Ապա դժբախտ պատահար. Գլորիան ընկավ բեմից, որից հետո ժամանակավորապես պարալիզվեց: Երգչուհուն ստիպված եղան ողնաշարի ծանր վիրահատության ենթարկել: Երեքամսյա հոսպիտալացումը ոչ միայն դժվար ապաքինման ընթացք էր, այլև հանդիսատեսի և երգչուհու միջև անդունդի խորացում: Չէ՞ որ այն ասպարեզը, որտեղ Գլորիա Գեյնորն էր առաջնորդում, տարիների աշխատանքով ձեռք բերած հաջողությունը մի ակնթարթում ի վիճակի էր հիմնահատակ փլուզել: Հանդիսատեսի հետաքրքրությունը հետ բերելը երբեմն ավելի դժվար է, քան առաջին մեծ հաջողության հասնելը: Դե իսկ նոր հավակնոտների ու ակամա հաջողակների պակաս կյանքը կարծես թե իր ոչ մի փուլում չի զգացել:
Եվ այսպես, Գեյնորի կյանքում և աշխատանքում ամեն ինչ խառնվել էր իրար, երբ առաջարկեցին կատարել «I Will Survive» երգը: Ճիշտ տեղում, ճիշտ նշանակետին էին մոտեցել: Երգչուհին ոչ միայն համաձայնեց, այլև կարծես ամուր բռնվեց երգից. այն կյանքի կոչեց ու սովորեցրեց չհանձնվել:
«I Will Survive» կատարվում է մի կնոջ անունից, ում լքել է իր տղամարդը: Այս դեպքը ցավ է պատճառել նրան, սակայն ոչ մի տողում չենք գտնում այդ տղամարդուն վիրավորող կամ ոչնչացնող որևէ խոսք: Կինն այդ հարվածին դիմակայում է ուժեղ հոգեբանությամբ։ Նա, որպես պատասխան, ընտրում է ապրելու, նոր կյանք սկսելու և առանց նախկին տղամարդու գոյատևելու համառ կամքը:
«Do you think I’d crumble
Did you think I’d lay down and die?
Oh no, not I. I will survive
Oh as long as I know how to love
I know I’ll stay alive
I’ve got all my life to live
I’ve got all my love to give and I’ll survive
I will survive…»
Գլորիա Գեյնորը հարցազրւյցներում հաճախ է պատմում, թե ինչպիսի դժվարությամբ է ձայնագրվել երգը: Հիվանդանոցից ստուդիա եկած երգչուհին, ով դեռ հաշմանդամի սայլակով էր շրջում, պարզապես հիացրեց ներկաներին: Նրա կարծիքով՝ իր կատարման մեջ այդքան տեսանելի եռանդն ու մեծ ուժը պայմանավորված են այն հանգամանքով, որ ներդրել էր էմոցիոնալ ողջ կարողությունը: Գլորիան միկրոֆոնի առջև կանգնել էր՝ մեջքի հատուկ հենակների օգնությամբ: Երբ երգչուհին ձայնագրեց ապագա հայտնի երգ-խորհրդանիշը, նա սեփական կյանքում վերապրելու ու վերահաստատման պայքարի մեջ էր:
Գլորիա Գեյնորի կյանքում նոր ու հաջող այլ երգեր կան, ինչպես օրինակ «Never Can Say Goodbye»-ը, «Let Me Know (I Have a Right) »-ն ու «I Am What I Am»-ը: Այս հիթային տարածքում, սակայն, նրա համար «I Will Survive»-ն առանձնահատուկ նշանակություն ունի: Ասում է, որ այն իրեն տարիներ շարունակ օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվար իրավիճակներ: 1979թ. երգը «Billboard Hot 100»-ի և «UK Single Chart»-ի առաջին հորիզոնականում էր, իսկ մեկ տարի անց, որպես լավագույն դիսկո-ստեղծագործություն, արժանացավ «Գրեմի» մրցանակի:
Գլորիա Գեյնորը «I Will Survaive» –ի առաջին կատարողն էր: Հետո հանրության կողմից անչափ սիրված երգի նոր մեկնաբանություններ ձայնագրվեցին: Դրանք չխամրեցնելով առաջինի փայլը՝ ամեն անգամ նորովի ու տարբեր ժամանակաշրջանում փաստեցին, որ այն միշտ ժամանակակից է և վայելում է «աստղային տարբեր խմբերի» ուշադրությունը: Դայանա Ռոս (ում տարբերակը ևս շատ հայտնի է), ամերիկյան քանթրի երգիչ Բիլի Ջո Սփիըրս, «R.E.M. », Շիրլի Բեսի, «Cake» ալտերնատիվ ռոք բենդ, Չանթեյ Սավեժ և ուրիշներ. նրանցից ամեն մեկը իր ժանրին, ոճին բնորոշ մեկնաբանություններով են ներկայացրել երգը:
Երաժշտական քննադատ Քևին Ջոնսընի հետ հարցազրույցում Գեյնորը նշում է, որ երգի բազմաթիվ քավըրներից հավանել է Չանթեյ Սավեժի կատարումը և չի ընդունում «Cake»-ի տարբերակը, թեև ոչ բոլոր կատարումներն է լսել:
2014թ. Արեթա Ֆրանքլինը ևս ձայնագրեց «I Will Survive»-ը իր 38-րդ ստուդիական՝ «Aretha Franklin Sings the Great Diva Classics » ալբոմի համար:
«Սա հերթական «Ինչ որ մեկը ինչ-որ մեկին նեղացրեց»-ներից չէ,- ասում է Գեյնորը,- Այն դեպի առաջ նայելու մասին է, հույսի և քաջալերման երգ է: Նրա խոսքի հավերժական իմաստը կարող է վերաբերվել ցանկացած մեկին, քանի որ մարդկային ոգու հաստատակամության մասին է: Ես պատկերացնում էի, որ այն հայտի կդառնա, սակայն որ այդպիսին կլինի նաև 30 տարի անց, չէի մտածում»:
2008թ. տպագրված այս զրույցից անցել են տարիներ, որոնք ավելացրել են երգի տարիքն ու հեռավորությունը՝ հասցնելով համարյա 40-ի շեմին: Բայց քանի որ շարունակում է հնչել հին ու նոր մեկնաբանություններով, ուրեմն ժամանակը միայն ավելացնում է նրա երկարակեցությունը: «I Will Survive»-ը այն գործերից է, որոնք ժամանակ և տարածություն չեն ճանաչում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել