
«Կոտրած տաշտակը» շանտա՞ժ է
«Կոտրած տաշտակի» առջև կանգնելու մասին վարչապետի վերջին հայտարարությունը շանտաժ էր՝ ուղղված ՀՀԿ-ի գործընկեր ԲՀԿ-ին: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Եթե այդ հայտարարությունն աներ ՀՀԿ-ի ներսում գտնվող յուրաքանչյուր մարդ, նորմալ կընկալվեր: Բայց երբ այդ բանն ասում է երկրի վարչապետը, այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը, հասկանալի չի լինում, թե ինչ է նախատեսում դրանից հետո: Ստացվում է՝ եթե ընտրություններին մեզ հետ չեք լինելու, կոտրած տաշտակի առջև՞ եք կանգնելու»,- ասաց Արամ Կարապետյանը:
Ըստ նրա՝ վարչապետի հայտարարությունից ստացվում է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, կամ քիչ տեղեր կունենա խորհրդարանում, կամ ընդհանրապես չի անցնի խորհրդարան:
Մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ հավելեց, որ վարչապետի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ բավականին մեկնաբանություններ արդեն եղել են, և հարցը պետք է փակված համարել: Նա նշեց, որ քաղաքականության մեջ էլ գործում է ձգողականության օրենքը, և ծանրակշիռ մարմինները դեպի իրենց են ձգում ավելի փոքրերին:
«Այս պարագայում քաղաքականության հարթությունում գերծանր քաշայինը Հանրապետականն է և նրա շուրջ ձևավորված կոալիցիան: Քաղաքական գործընթացներն ուղղակի պտտվում են կոալիցիայի շուրջ, և դա է պատճառը, որ ցանկացած խոսք սուր մեկնաբանությունների և քննադատությունների տեղիք է տալիս»,- ասաց Արտակ Դավթյանը:
Մեկնաբանել