Շատ այլ երկրների համեմատ՝ Հայաստանում անչափահասների հանցավորությունը ցածր է
Այսօր Երևանում ներկայացվեց և քննարկվեց անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Զեկույցն անդրադառնում է 45 գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն նաև վերլուծում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների համագործակցությունը՝ անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու և առաջարկություններ ներկայացնելու համար:
Ծրագիրն իրականացրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը նշեց. «Իրավախախտ երեխաները կարիք ունեն պաշտպանվածություն և ոչ միայն կառավարության կողմից, այլև ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն»:
Մասնակիցները նաև քննարկեցին «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետների» վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացրել է «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մասնակցությանը և գնահատել անչափահասների արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամի (UNICEF) հովանավորությամբ իրականացված՝ «Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատման» վերաբերյալ հետազոտության մաս է:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. «Անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է՝ համեմատած շատ այլ երկրների հետ: Այնուամենայնիվ դեռևս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դատավորներ, քննիչներ, մասնագետներ դատական վարույթների ընթացքում: Սա մի համակարգ է, որը երկար ժամանակ կիրառվում է այլ երկրներում և արդյունավետ է համարվել»:
Միջոցառմանը մասնակցեցին դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ:
Դիտարկումն իրականացվել է Հայաստանի երեք քաղաքում՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաև աջակցել է թեժ գծի աշխատանքին, որն անվճար իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահասներին և նրանց հարազատներին:
Զեկույցի Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել