
Սկանդալ «Դոմոդեդովոյում». կիզակետում են «Ադրբեջանական ավիաուղիներն» ու հայազգի գործարարը
«Դոմոդեդովո» օդանավակայանում սկանդալ է տեղի ունեցել Ռուսաստանում ծնված, մեծացած Ռուսաստանի բնակիչ, «Ավտո ՎԱԶ»-ի էքսպորտային տնօրեն Սերգեյ Գյուրջիյանի հետ: Այս մասին Ռուսաստանի հայկական համայնքներից ահազանգ է ստացել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը:
Սերգեյ Գյուրջիյանն օրեր առաջ գործուղված էր Բաքու և իր գործընկեր, «Lada International» ընկերության ղեկավար Դմիտրի Շուկխմախերի հետ միասին տոմսեր էր գնել «Ադրբեջանական ավիաուղիների» («Azerbaijan Airlines») ինքնաթիռով ուղևորվելու համար:
Այդ ընկերության աշխատակիցները չեն ձևակերպում Գյուրջիյանին և նրան հանում են թռիչքից' հայտարարելով, որ նա ունի հայկական ազգանուն: Զարմանալիորեն համանման պատժի է արժանանում նաև նրա գործընկեր Շուկխմախերը, քանի որ նա շատ ակտիվ փորձում է պաշտպանել Գյուրջիյանի իրավական շահերը:
Այս սկանդալի մասին գրում են ռուսական թերթերը («Վզգլյադ», «Գազետա», «Ռուս նովստի» և այլն), որոնք և պարզում են, որ սա միակ դեպքը չէ: Այսինքն' ադրբեջանական իշխանությունները ոչ միայն «պատժում են» Արցախ այցելած օտարերկրացիներին, այլև բացառիկ անօրինական ճանապարհ են գտել՝ պատժելու հայկական ազգանուն ունեցող անձանց, որոնք տեղեկատվության բացակայության հետևանքով և լրիվ պատահականորեն փորձում են օգտվել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռներից:
«ԵՀՄՖ-ը հետամուտ է լինելու և Եվրոպայում համանման դեպք հայտնաբերելու դեպքում իրավաբանական պատասխանատվության է ենթակելու ցանկացած ադրբեջանական տրանսպորտային կազմակերպության' միջազգային օրենքները կոպտորեն խախտելու համար: Եվրոպայում այսպիսի զանցառությունները պատժվում են այնպիսի տուգանքներով, որ համապատասխան ավիաընկերությունը կարող է բանկրոտի ենթարկել: Միաժամանակ ԵՀՄՖ-ը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին բոյկոտել և չօգտվել Ադրբեջանին պատկանող որևէ տրանսպորտային ընկերությունից»,- նշվում է ԵՀՄՖ-ի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել