
Պաշտպանության նախարարը խոստացել է լուծել ազատամարտիկի էնդոպրոթեզավորման հարցը
Այս տարվա հունվարին անդրադարձել էինք կապանցի ազատամարտիկ Արմեն Համբարձումյանի առողջական վիճակին: 1992 թ. հունիսի 4-ին Ճակատեն գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ գլխից վիրավորվել է: Այդ վնասվածքի պատճառով աջ ձեռքն ու ոտքը պարալիզացել են: Մի քանի անգամ վիրահատել են գլուխն ու ոտքը: 3 տարի առաջ հոսպիտալի մոտ վայր էր ընկել, խնձորակը ջարդել: Աջ ոտքն սկսել էր սևանալ:
Դեռևս հունվարին Արմենը մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն է ՝ ոտքը կտրեն, միայն թե ուզում է ազատվել ցավերից: Սակայն վիրահատության համար գումար էր անհրաժեշտ, որը նա չուներ: Մարտի 23-ին Կապանի զինկոմի և քաղաքի բժշկական ուսումնարանի տնօրենի հովանավորությամբ տեղափոխվել է Երևանի «Արթմեդ» բժշկական կենտրոն: Երկու օր անց վիրահատել են ոտքը: «Ծնկից 20 սմ վերև կտրել են ոտքս: Վիճակս արդեն էն աստիճան վատ էր, մահվան եզրին, որ ոտքս պիտի կտրեին, ուրիշ ելք չկար»,- ասում է ազատամարտիկը: Նրա խոսքով՝ մարտի 30-ին զանգահարել է նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս խոստացել է լուծել էնդոպրոթեզավորման հարցը:
Նախորդ տարի սեպտեմբերի 15-ին Ա. Համբարձումյանը զանգահարել էր ՊՆ նախարարին, ներկայացրել իր առողջական վիճակը: Օհանյանն, ըստ Արմենի, ասել էր, որ հանձնարարական կտա, և էնդոպրոթեզավորման խնդիրը կլուծեն: Այդ զանգից օրեր անց ազատամարտիկը եղբոր հետ գնացել էր Երևան: Հոսպիտալի ընդունարանում, սակայն, նրանց ասել էին, որ տեղ չունեն: Այնուհետ տեղափոխվել էր «Արմենիա», ապա՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Երևան հասնելու և այնտեղ բուժում ստանալու համար նրան օգնել էին կապանցի դպրոցականները, ովքեր դրամահավաք էին կազմակերպել: «Նախարարին խնդրել եմ, որ հետևողական լինի, որ հանձնարարի՝ էնդոպրոթեզավորումն անեն, որովհետև հետագայում ոտքի ներքևի պրոթեզավորման հարցը պիտի լուծեմ: Հույս ունեմ, որ նախարարը կլուծի այդ հարցը, որ չլուծի, էլի զանգելու եմ իրեն»,- նշում է ազատամարտիկը:
Մեկնաբանել