
Վավերագրողը բարձրաձայնում է. Կոմիտասի մասին խեղաթյուրված փաստերը կբացահայտեն
Գագիկ Հարությունյանը նախորդ տարվա մայիսին Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում (այն կազմակերպվում է կինոփառատոնի շրջանակներում) ներկայացրել էր «Մուսալեռից Խնապատ» և Կոմիտասի «Գութաներգ» վավերագրական ֆիլմերի նախագծերը: Կոմիտասի մասին իր ուսումնասիրությունների ընթացքում, ասում է, բախվեց մի իրավիճակի, որն անսպասելի էր նաև իր համար: «Մինչ օրս Կոմիտասի մասին խեղաթյուրված փաստեր կան, որոնք չեն ուսումնասիրվել»,- նշում է նա՝ մատնացույց անելով «Կոմիտաս վարդապետ. ուսումնասիրություններ և հոդվածներ» գիրքը: «Սա Կոմիտասի գրածն է, որը, սակայն, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում չեն անցնում: Այստեղ կա ամեն բան նրա մասին»,- նշում է վավերագրողը:
Հարությունյանը պատմում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում իրենց փոքրիկ գիտական թիմով Կոմիտաս վարդապետի մասին բացահայտելու են նյութեր, որոնց մասին հայ հասարակությունը տեղյակ չէ: «Մեր գլխավոր խնդիրն է ճիշտը բացահայտելը: Խնդիրն այն է, որ առ այսօր բոլորը գիտեն, կոնսերվատորիայի դասախոսներն էլ դասախոսություններ են կարդում, որ Կոմիտասը Բեռլինում պաշտպանել է քրդական երաժշտության թեմայով: Դա լրիվ սուտ է: Այդպիսի բան չկա, և համաժողովին մենք կապացուցենք դա»,- ասում է Գ. Հարությունյանը: Համաժողովին ներկա կլինեն գիտնականներ:
Ըստ Հարությունյանի՝ Կոմիտասը, լինելով Թուրքիայի քաղաքացի, եզակի մարդկանցից էր, որ այն տարիներին մեկնել էր Եվրոպա՝ արևմտյան երաժշտությունն ուսումնասիրելու: Այդտեղ էլ աղմուկ է բարձրացրել հայ հոգևոր երաժշտության մասին: Իսկ այս ամենը, մեր զրուցակցի կարծիքով, թուրքերին չէր կարող դուր գալ, և նրանք հերթական անգամ քրդերին ու եզդիներին փորձել են օգտագործել հայերի դեմ:
«Մեր ամբողջ խումբը հերքում է, որ Կոմիտասը քրդական երաժշտության մասին դիսերտացիա է պաշտպանել: Նա ոչ մի դիսերտացիա էլ չի պաշտպանել: Նա Բեռլինում ուսանել է՝ ծանոթանալով արևմտյան մշակույթին: Ամենակարևորը Կոմիտասի գրածն է՝ սա է»,- շեշտում է Գագիկ Հարությունյանը՝ մատնացույց անելով «Կոմիտաս վարդապետ. ուսումնասիրություններ և հոդվածներ» գիրքը: Իսկ ավելի մանրամասն, նրա ասելով, կխոսեն և կապացուցեն համաժողովում:
Լուսանկարը` Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել